13/12/2024

Ներկա պահին ես ոչ մի հայացք չունեմ․ Մեղրիի քաղաքապետ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվն ու աջակիցները` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, այսօր ուղեւորվում են Հայաստանի հարավ՝ Սյունիք:

Առաջին կանգառը նախատեսում են Մեղրիում, ապա կայցելեն Քաջարան, կլինեն մյուս համայնքներում եւ երկուշաբթի օրը կվերադառնան Երեւան։ Նպատակը սյունեցիներին բացատրելն է, թե որն է շարժման առաքելությունը՝ ակնկալելով, որ Սյունիքն էլ ակտիվ մասնակցություն կբերի շարժմանը, քանի որ այն առաջին հերթին է վտանգված։

Հրապարակ թերթը գրել է․ Երեկ մեզ չհաջողվեց պարզել՝ ինչպե՞ս են դիմավորելու շարժմանը սյունյաց համայնքապետերը` երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը, Գեւորգ Փարսյանը, Մանվել Փարամազյանը, որոնք այլեւս նախկինի նման ռադիկալ չեն, ավելին` ջանուջիգյար հարաբերությունների մեջ են իշխանությունների հետ: Նրանք այժմ խուսափում են լրագրողների հետ շփումներից, թերեւս, կանխատեսելով հարցերի բնույթն ու դրան չունենալով պատասխաններ։ Զրուցել ենք Մեղրու նորանշանակ համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ, ով Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության քվոտայով ընդամենը շաբաթներ առաջ է` ռոտացիայի արդյունքում, նշանակվել համայնքի ղեկավար:

Ընտրություններից հետո կոալիցիայի արդյունքում այստեղ պայմանավորվել էին, որ երկու տարի Արամ Սարգսյանի կուսակիցը կղեկավարի համայնքը, հաջորդ երկու տարին՝ Բաբայանի թիմակիցը։ Պարզվեց, որ Մեղրիի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը «ոչ մի հայացք չունի» եւ չի պատրաստվում դիմավորել սրբազանին, չնայած ֆորմալ առումով ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ է։

– Բագրատ սրբազանի ղեկավարած շարժման ակտիվը` սրբազանի ղեկավարությամբ, այսօր այցելելու է ձեր համայնք՝ Մեղրի, պատրաստվո՞ւմ եք դիմավորել նրան։

– Չէ, ես տեղյակ չեմ։

– Հիմա տեղեկացաք, պատրաստվո՞ւմ եք դիմավորել։

– Ո՛չ, չեմ պատրաստվում։

– Ինչո՞ւ, ընդդիմադիր շարժում է, որը հայրենիքի փրկության համար է փողոց դուրս եկել, Դուք էլ եք կարծես ընդդիմադիր, Սամվել Բաբայանի կուսակիցն եք, որն աջակցություն է հայտնել շարժմանը։

– Հա, ի՞նչ անենք ընդդիմադիր է․ ես եմ անկուսակցական, ոչ մի կուսակցության չեմ պատկանում, ես էլ էդ քաղաքական եռուզեռից ընդհանրապես հեռու եմ։

– Դուք համայնքապետ եք, քաղաքական պայքարի արդյունքում` քաղաքական կուսակցության քվոտայով եք ընտրվել, ինչպե՞ս կարող եք հեռու լինել քաղաքականությունից: Ընտրություններն ինքնին կուսակցական, քաղաքական պրոցես են։

– Հենց ըտենց կարող եմ հեռու լինել, ես իմ ժողովրդի հետ եմ, հա, ի՞նչ անենք կուսակցության քվոտան, ես կուսակցական չեմ, ընդամենը կուսակցությունից առաջադրվել եմ։

– Դուք գոնե գաղափարապես պետք է մոտ լինեք Սամվել Բաբայանի հետ, ով հիմա ընդդիմադիր դաշտում է գործում։ Գուցե հանուն իր աջակցությա՞ն դիմավորեք։

– Ոչ, ոչ, ոչ։

– Համաձա՞յն չեք այն ամենի հետ, ինչ անում է Սրբազանը։ Չե՞ք կիսում շարժման լիդերների հայացքները։

– Ոչ։ Ներկա պահին ես ոչ մի հայացք չունեմ, չեմ էլ կիսում հայացքները, ոչ էլ ուզում եմ մտնեմ ինչ-որ բանի մեջ, ես մենակ իմ ժողովրդի կողքին եմ, մտածում եմ իմ Մեղրիի համար։

– Սրբազանին չե՞ք լսել, ասում է` մենակ Տավուշի համար չէ այս պայքարը, Մեղրիի, Ջերմուկի, անգամ Երեւանի համար է, որ վաղը Փաշինյանը, սահմանազատման անվան տակ, չհանձնի ադրբեջանցիներին։

– Դե դա իրանց կարծիքն է, ամեն մարդ կարա կարծիք հայտնի, ես իրա կարծիքին ո՛չ կողմ եմ, ո՛չ դեմ եմ, ինքը` իրա կարծիքը, ինչ ուզում է, թող արտահայտվի, իրան համախոհներ ունի, սատարողներ ունի, թող իրանք մտածեն, ես ընդհանրապես էդ հարցի շուրջ մտածելու բան չունեմ։

– Դուք ղեկավարում եք մի համայնք, որը հայոց պատմության ընթացքում մշտապես կռվախնձոր է եղել, մեր հարեւաններն աչք են ունեցել, հիմա մտահոգություն չունե՞ք, որ սահմանազատման գործընթացի հետեւանքով նաեւ կարող է Մեղրիից ինչ-որ հատված զիջեն, ընդհանրապես՝ ո՞նց եք գնահատում այդ գործընթացը։

– Ինձ մի տվեք նման հարցեր, էսքան էլ որ խոսացի, զանգել էիք` դրա համար խոսացի։

– Իսկ կարո՞ղ է մարզպետն է ասել, որ չլինեմ-չիմանամ՝ դիմավորեք, լավ ընդունեք սրբազանին:

– Ոչ, ոչ, նման բան չկա, մեր մարզպետը շատ լավ մարզպետ ա, նման հարցերով չի խառնվում, ոչ մեկին ոչ մի բան չի ասում։ Մեր բոլոր համայնքապետերն էլ եղել են տարբեր կուսակցություններից, բայց, փառք աստծո, այսօր ոչ մեկ ոչ մի բանով չի խառնվում, զբաղված են իրենց համայնքներով, ես էլ նույնպես զբաղված եմ իմ համայնքով, եւ մարզպետն էլ չի ասում՝ ում աջակցեմ, ում չաջակցեմ։

– Վերջը չհասկացա՝ Մեղրիի հարցում, այնուամենայնիվ, ունե՞ք մտահոգություններ, թե՞ չունեք, մանավանդ՝ հիմա խոսվում է, որ, այսպես կոչված, միջանցքը կարող է Մեղրիով անցնել։

– Չունեմ, դա չի լինի, քանի որ կառավարությունն էլ, վարչապետն էլ պնդել են, որ Մեղրին կա, Մեղրին մնալու է, մարդիկ Մեղրիի սահմաններին էլ են կողմ, իրա գոյությանն էլ են կողմ, գիտեք` միջանցքի հարց էլ է դրված եղել, բայց վարչապետը հարցը փակել է։

– Ո՞վ է ասում՝ հարցը փակված է, Ալիեւը շարունակում է պահանջել: Իսկ եթե նկատի ունենանք, որ ինչ հայտարարում է, հետո իրականություն է դառնում, ապա հարցը փակված չէ։

– Ալիեւն ընդամենը զառանցում է, ասում է` Երեւանն էլ է իմը, Սեւանն էլ․․․ չտեսանք, որ մի բան ասեր՝ իմն ա, հետո, ոնց Դուք եք ասում, իրականություն դառնար։

– Ուզում եք ասել, որ Գորիս-Կապան ճանապարհն իրենցն էր, դրա համա՞ր տվեցին։

– Ես խնդրում եմ, էլի․․․ Չեմ կարա ասեմ, սահմանազատումները կանեն, կերեւա, էլի, որն է մերը, որը մերը չի, ոչ մեկ չի կարա հենց ընենց հող նվիրի, տարածքներ են` սահմանազատվում են, դուք գիտե՞ք, թե քանի երկրից են խառնվել էդ սահմանազատումներին, եթե բոլորը գտնեն՝ դա է ճիշտը, ուրեմն էդպես է։

– Ասենք, օտարները գուցե մի օր ասեն, որ Երեւանն էլ է Ադրբեջանինը, պիտի ասենք՝ ճիշտ է, ու տա՞նք։

– Չէ, ըտենց բան չի լինի, սահմաններ կան, որ ժամանակին կարող է սխալ են գծել` տվել են, հիմա էդ ամեն ինչը խոսվում է, ասվում է։

– Մի խոսքով, Փաշինյանից գոհ եք, ինչ անում է, ճիշտ է անում։

– Նորմալ ա, հա։

– Իսկ հնարավո՞ր է մեղրեցիները շարժման դեմ բողոքի ակցիաներ իրականացնեն։

– Ես չեմ կազմակերպում ոչ մի բան, ոչ էլ մեկը եկել է իմ մոտ, դիմել է, ասել է` սրբազանին ուզում ենք դիմավորենք կամ չդիմավորենք․․․ որ չուզենան էլ` մարդկանց կարծիքն ա, ով ինչ ուզի, կարա անի․ դիմավորողը դիմավորելու է, չդիմավորողն էլ՝ չդիմավորելու։