16/07/2024

Փաշինյանը ուղղակիորեն իրավական գնահատական է մատուցում իրավապահներին

Հանրային հեռուստաընկերության «Լուրերը» հունիսի 26-ին տեղեկացրել է, որ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանության ծառայողների գործողությունների համաչափության և իրավաչափության առնչությամբ քրեական վարույթ է հարուցվել՝ պաշտոնատար անձի կողմից բռնություն գործադրելով կամ հատուկ միջոցներ օգտագործելով իշխանական կամ ծառայողական լիազորություններն անցնելու հատկանիշներով։ 

Առայժմ հայտնի չէ՝ ի՞նչ արդյունքներ կունենա քննությունը, քանի՞ ոստիկանի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, եթե կառաջադրվի, կամ քանի՞սը կհեռացվեն համակարգից, եթե կհեռացվեն։

Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին տեղի ունեցած դեպքերին զուգահեռ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից արդեն կանխորոշել էր՝ ոստիկանությունն իրականացնում է «օրենքով իրեն վերապահված գործառույթները խստիվ օրենքի շրջանակներում»։ Իսկ արդեն հաջորդ օրը՝ հունիսի 13-ին, պնդել դիրքորոշումը՝ ոստիկանության հակազդեցությունը եղել է «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։

Ավելին, նա մեղադրեց ցուցարարներին ոստիկանության պատը ճեղքելու համար՝ «որպեսզի հարձակում գործեն խորհրդարանի վրա»։ Նրա համոզմամբ, ոստիկանությունը, պաշտպանել է օրենսդիր ինստիտուտը:

Ոստիկանության գործողություններին Նիկոլ Փաշինյանի այս գնահատականը կարող է ուղղորդում համարվել իրավապահների համար՝ քրեական վարույթի հետագա քննության հարցում։

Այնինչ բազմաթիվ այլ իրավիճակներում Փաշինյանը ձեռնպահ է մնացել ու գնահատական չի տվել այս կամ այն իրավախախտմանը և լուծումը թողել է իրավապահների հայեցողությանը։

«Փաստերի ստուգման հարթակը» հավաքել է մի քանի հայտարարություններ, որտեղ Փաշինյանը խոսում է տարբեր իրավախախտումների մասին ու, առանց որակումներ տալու, ասում, որ դրանցով պետք է զբաղվեն իրավապահները։

Օրինակ՝ 2019-ին Երևանում քաղաքացիական ակտիվիստին ծեծելու դեպքի առնչությամբ վարչապետ Փաշինյանը ասել էր․ «Երեկվա ակցիայից հետո պետք է իրավապահ մարմինները պարզեն՝ էդ ակցիան ինչ-որ երկու հոգի որոշել են մարդ ծեծել, ծեծե՞լ են, թե եղել է հանձնարական և կազմակերպված ակցիա։ Եթե եղել է կազմակերպված, դրա իրավական գնահատականը պետք ա փոխվի, և բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հիմա ես չեմ ցանկանում վերադառնալ այն բառապաշարին՝ ասֆալտին փռել, պատերով տալ, բայց թող ոչ ոք մեր բարեկրթությունը հանկարծ չշփոթի թուլության հետ»։

2020-ին արված մեկ այլ հայտարարությամբ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարություններին, Փաշինյանն ասել էր․ «Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն և զբաղվում են Միքայել Մինասյանի հայտարարություններով»:

2021-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի գործողությունների մասին խոսելիս վերհիշել էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկված 5 մլրդ դոլարի մասին խոսակցությունները ու ասել․ «Այդ ամենով իրավապահները պետք է զբաղվեն»։

2023-ին կառավարության նիստերից մեկում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից չվճարված հարկերի մասին խոսելիս ասում էր՝ «մեր իրավապահ մարմինները այդ դրվագով պետք է շատ ուշադիր զբաղվեն»։

2023-ին իր որդու առևանգման վերաբերյալ քրեական վարույթի մասին խոսելիս Փաշինյանը հայտարարել էր․ «Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ բոլոր հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծել»։

Այսպիսով, նկատելի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահների քննության կարիք ունեցող գործերի հանդեպ, որոնցում դեռևս նույնիսկ իրավապահների նախնական գնահատականը չկա, ցուցաբերում է ընտրողական մոտեցում։ Եթե վերոնշյալ օրինակներում նա ընդունում էր, որ իրավական գնահատական պահանջող գործերը նախ պետք է քննվեն իրավապահների կողմից, հետո միայն արժանանան քաղաքական գնահատականի, ապա այս տարվա հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ նա ուղղակիորեն իրավական գնահատական է մատուցում իրավապահներին։

Հասմիկ Համբարձումյան