13/07/2024

ՔՊ նոր գրասենյակը դեռեւս վերանորոգվում է, սակայն շուրջ 2 տարի ամիսը մոտ 4 մլն վարձավճար է տրվում

«ՔՊ կուսակցության նոր գրասենյակի նորոգման աշխատանքները տարիներ են տեւում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Դեռ հունվարին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ն կառավարության հարևանությամբ նոր գրասենյակ կունենա:

Գրել էինք, որ կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գործող հիմնական գրասենյակը տեղափոխվելու է, քանի որ այն փոքր է «ախորժակները մեծացրած» ՔՊ-ականների համար ու այնտեղ էլ չեն կարողանում մեծ նիստեր անցկացնել:

Գրասենյակը գտնվում է կառավարության շենքին մոտ՝ «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ-ի գրասենյակի հարևանութամբ: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը:

Ի դեպ, նոր գրասենյակը 2022թ․-ից դեռ վերանորոգման փուլում է:

ՔՊ-ից ավելի վաղ մեզ հայտնել էին, որ մարտ-ապրիլ ամիսներին պետք է այն պատրաստ լինի, սակայն արդեն հունիս ամիսն ավարտվում է, իսկ շենքը դեռ պատրաստ չէ:

Իշխող կուսակցությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ դեռ վերանորոգման աշխատանքները շարունակվում են, չգիտեն՝ երբ պատրաստ կլինի:

Տեղեկացնենք, որ ՔՊ կուսակցության երկհարկանի նոր շենքը, որը գտնվում է հանրապետության 49 հասցեում, վարձակալված է 2022թ․-ից, ամսական վարձավճարը 3․ 990 000 ՀՀ դրամ է՝ մոտ 10 հազար ԱՄՆ դոլար»: