09/10/2024

Օդում մնացած Իրանի ձեռքը․ Ինչ կարող է անել Իրանը, եթե սահմանին պատերազմ սկսվի

Հարեւան Իրանը 14-րդ անգամ նախագահ է ընտրում։ 61 մլն 452 հազար 321 քաղաքացի կքվեարկի առաջադրված թեկնածուների՝ օրենսդիր Մասուդ Փեզեշկիանի, ՆԳ եւ արդարադատության նախկին նախարար, Իրանի կոշտ քաղաքականության ջատագով Մուստաֆա Փուրմոհամադի, միջուկային հարցերով նախկին բանակցող եւ Ազգային անվտանգության խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլի ու խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի օգտին։

Հրապարակ թերթը գրել է․ Իրանական վերլուծաբանները երկրորդ փուլ են կանխատեսում։ Ֆավորիտներն են Բաղեր Ղալիբաֆը եւ ադրբեջանական ծագումով Մասուդ Փեզեշկիանը։

Հայաստանում երեք 3 ընտրատեղամաս է բացվել՝ ԻԻՀ դեսպանատանը, Կապույտ մզկիթում եւ շարժական։ Արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին նախօրեին քվեարկելիս վերահաստատեց իր երկրի դիրքորոշումը՝ Հայաստանի նկատմամբ Իրանի քաղաքականությունը սկզբունքային է ու չի փոխվի․ «Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ու աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Այս սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի` անկախ նրանից, թե Իրանում ու ՀՀ-ում ով կլինի իշխանության»։

Հայաստան-Ադրբեջան անհանգստացնող հարաբերություններն Իրանի ուշադրության կենտրոնում են, ու դեսպան Սոբհանին եւս մեկ անգամ այդ մասին ակնարկեց՝ շեշտելով, որ սպառնալիքի լեզվով չպետք է խոսել, եթե խոսքը գնում է խաղաղության երկխոսության մասին։ Դեսպանի հայտարարությունից կրկին ակնհայտ դարձավ՝ Հայաստանի հետ համագործակցությունը կախված է պաշտոնական Երեւանի դիրքորոշումից։ Սոբհանին դա ուղիղ ասաց՝ իր երկիրը պատրաստ է համագործակցել բոլոր ոլորտներում։

Թեհրանում Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը «Հրապարակ»-ին ասում է՝ այս հայտարարությունը եւս մեկ անգամ փաստում է, որ Իրանի մեկնած աջակցության ձեռքն օդում է մնացել։ Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման միակ իրական երաշխիքը հենց Իրանը կարող է լինել, եթե Հայաստանի իշխանությունները համապատասխան ազդակներ ցույց տան։ Իրանը, իհարկե, առաջին հերթին իր ազգային շահերից է ելնում, բայց տվյալ իրավիճակում այդ շահերը Հայաստանի շահին են համընկնում։

«Իրանը բազմիցս շեշտել է Հայաստանին ռազմաքաղաքական օգնություն տրամադրելու պատրաստակամությունը, հատկապես ռազմական խորհրդատուների՝ Հայաստանում ներկայություն ունենալու մասով։ Իրանը բազմաթիվ անգամ շեշտել է, որ իր ռազմական ներկայությունը Սիրիայում պայմանավորված է եղել Սիրիայի իշխանությունների հրավերով եւ պայմանագրով, բայց իրենք չեն կարող Սյունիք ներխուժել, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում։ Դրա համար Իրանը հատկապես վերջին տարիներին շեշտում է Հայաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագրի անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա Իրանին պատերազմի դեպքում զորք մտցնել եւ կանխել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկրտումները։ Այդ համագործակցությունը, բնականաբար, կանխարգելիչ կլինի ու կզսպի Թուրքիայի եւ Ադրբեջանի ապագա կոշտ քայլերը»,- համոզված է իրանահայ գործիչը։

Ինչպե՞ս են իրանական վերլուծական-քաղաքական շրջանակները վերաբերվում այս օրերին Հայաստանում օրակարգ բերվող ԵՄ անդամության հայտ ներկայացնելու հանրաքվեի գաղափարին։ Մեր զրուցակցի խոսքով՝ իրանական ոչ պաշտոնական լրատվամիջոցները սա համեմատում են նույն գործընթացների հետ, որոնք տեղի ունեցան Վրաստանում, Ուկրաինայում՝ շեշտելով այն աղետները, որոնց բախվեցին վերջիններս։

«Նրանք նշում են, որ Հայաստանն էլ է նույն ճանապարհով գնում, ինչը հայ ժողովրդի ու Հայաստանի համար աղետալի կարող է լինել»,- նկատում է Յունանեսյանը։ Ինչ վերաբերում է Սյունիքով, այսպես կոչված, միջանցքի խնդրին, որը շարունակում է մնալ թուրք-ադրբեջանական օրակարգում, Յունանեսյանն ասում է՝ իհարկե, Սյունիքում Իրանի, ապա նաեւ ՌԴ հյուպատոսարան բացվելու դեպքում դրանք կարող են որոշակի զսպող դեր ունենալ, բայց ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը ոչինչ անել չեն կարող, եթե ՀՀ իշխանությունն իր ձեռքով այդ միջանցքը տրամադրի Ադրբեջանին։ Դա կդիտարկվի որպես միջամտություն ՀՀ ներքին գործերին։ Այլ հարց է, որ Ադրբեջանը փորձի ուժով վերցնել։ Այս դեպքում Իրանը կհամարի, որ Ադրբեջանը հատել է կարմիր գիծը։