16/07/2024

Նորագյուղ թաղամասը, ենթադրվում է, որ դառնալու է Երևանի նոր կենտրոնը. Ավինյան

Նորագյուղ թաղամասը, ենթադրվում է, որ դառնալու է Երևանի նոր կենտրոնը»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Նորագյուղի ծրագիրը, որը դիտարկվում է որպես «Երևանի ուրբան զարգացման դրոշակակիր ծրագիր»:

Այս համատեքստում քաղաքապետը կարևորեց Նորագյուղի բնակիչների իրավունքների լիարժեք պաշտպանությունն այս ամբողջ գործընթացում:

«Շատ դեպքերում այնտեղ տները բավականին հին են, հողաշեն տներ կան, և բնակիչները կարիք ունեն բնակարանային ու բնակֆոնդի հարցերի լուծման: Այս ծրագիրն օգտագործելով՝ վստահ եմ՝ ամբողջ Նորագյուղ թաղամասի խնդիրները հնարավորություն կունենանք լուծելու»,- ասաց նա:

Մյուս խնդիրը, ըստ քաղաքապետի, ճանապարհի խնդիրն է:

«Այս ծրագրով կապահովվի Մոնթե Մելքոնյանի միացումն Արշակունյաց պողոտայի հետ, այսինքն՝ Իսակովի-Արշակունյաց պողոտաների միացումը, որն էականորեն բեռնաթափելու է այդ հատվածի երթևեկության ծավալը: Ամենակարևորը՝ ուրբանիստական այս լուծումները բեռնաթափելու են նաև Երևանի Փոքր կենտրոնը, քանի որ ենթադրվում է, որ նոր թաղամաս են տեղափոխվելու բիզնեսներ, ՏԻՄ սուբյեկտներ»,- ասաց Ավինյնաը:

Քաղաքապետը նկատեց՝ քանի որ ծրագիրը ծավալուն է, և մեծ ռեսուրսներ են հարկավոր, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի կառուցապատման և շինարարական ոլորտների մասնակցությունը. «Մեզ հարկավոր է լինելու փնտրել և գտնել միջազգային գործընկերներ, միջազգային դեվելոփերական ընկերություններ, որոնք նմանատիպ ծավալի իրականացման փորձ ունեն, և նախնական որոշակի քննարկումներ կան»:

Ավինյանը գոհացուցիչ համարեց, որ գլխավոր հատակագիծն արդեն կա, որն իրականացվել է ֆրանսիացի հայտնի ճարտարապետական ընկերության կողմից. «Նաև կարևոր է, որ գլխավոր հատակագծից որևէ տեսակի շեղում մենք թույլ չտանք, այսինքն՝ ի սկզբանե ինչպես նախագծվել է, ամբողջական տրամաբանությունը կարողանանք պահպանել»: