12/12/2024

Ի՞նչ են քննարկել փակ հանդիպմանը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երեկ քաղաքական կուսակցությունների հետ փակ հանդիպում է կայացել, որին մասնակցել են «ՀՀԿ»-ն, «Ժառանգությունը», «Ապրելու երկիրը», Պարույր Հայրիկյանը, Արտաշես Գեղամյանը, «ԱԺԲ»-ն, «ՀՅԴ»-ն, «Համերաշխություն» կուսակցությունը, եւ այլ քաղաքական գործիչներ։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից որեւէ մեկը չի եղել հանդիպմանը։ Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժը շարժման ակտիվ փուլում մեկ անգամ հանդիպել էր Սրբազանին, հետո Մարուքյանը պարզ ասաց, որ ջրերը մի առվով չեն կարող հոսել` նախկինների մասնակցության պատճառով։ Շարժման ղեկավարներին, մասնավորապես Բագրատ Սրբազանին հիասթափեցրել է Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքը, ով խոստացել է օգնել հնարավոր ամեն ինչով, սակայն քանի որ շարժումը չաճեց` ինքն էլ չի աջակցել: Սակայն ԲՀԿ-ականներն ամեն դեպքում ակտիվ մասնակցել են շարժման գրեթե բոլոր միջոցառումներին, խոսել, արտահայտվել։

Մեզ ասացին, որ հանդիպմանը քննարկվել են մի շարք այլ հարցեր եւս՝ շարժման սխալների, հետագա անելիքների վերաբերյալ։ Հատկապես շեշտը դրվել է առաջիկա անելիքների վրա։ Շարժումը թարմացնում է իր մարտավարությունը, ամեն ինչ կախված է երկրում տեղի ունեցող զարգացումներից: Եթե Փաշինյանն առաջիկայում շարժվի Ալիեւի օրակարգով, եւ ՀՀ Սահմանադրությունը փոխելու որոշում կայացնի՝ շարժումը նոր թափով, մեծ ուժով նորից դուրս կգա փողոց, կշարունակվեն անհնազանդության ակցիաներն ու տեղի կունենան հանրահավաքներ։ Եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կրկին կակտիվանա աշնանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Սյունիք կատարած այցից հետո մտադիր է շարունակել մարզային այցերը: Այժմ քննարկում են Արարատի մարզ գնալու հարցը, քանի որ հաջորդ «զոհը» Տիգրանաշեն համայնքն է՝ «սահմանազատման» գործընթացի անվան տակ այն կարող է անցնել Ադրբեջանին: Իսկ դա նշանակում է, որ վտանգվում է միջպետական ճանապարհը, եւ կարող է կտրվել ՀՀ «աղջկա պարանոցը»` Սյունիքն ու Վայոց Ձորը։ Նաեւ շարժման ներսում վերադասավորումներ են ընթանում, մշակում են ժամանակավոր կառավարության ծրագիրը, երկրի զարգացման տեսլականը:

Մեր աղբյուրն ասում է, որ բոլոր ոլորտների վերաբերյալ ծավալուն ծրագրեր են կազմվել` ոլորտային մասնագետների մասնակցությամբ։ Երբ շարժումը կրկին ակտիվանա, այդ ծրագրերը կներկայացվեն հանրությանը։ Շարժման ակտիվը նախատեսում է փողոցը կրկին ակտիվացնել աշնանը, եթե, իհարկե, մինչ այդ ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի: Երեկ էլ սրբազանը հանդիպել է քաղաքական մոտ 2 տասնյակ ուժերի ներկայացուցիչների հետ եւ ամփոփել կատարվածը, քննարկել առաջիկա անելիքները՝ կրկին իր ոճի մեջ չմանրամասնելով պլանները, միայն վստահեցրել է, որ շարժումը չի մարելու, առաջիկայում նոր թափով է վերսկսվելու։