10/10/2024

Անհայտ մակնիշի մեքենան բախվել է «Նիսսան»-ին, որն էլ հարվածել է երկաթե արգելապատնեշին ու բեռնատար «Գազել»-ին. կա վիրավոր

Հուլիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային։

Բախման հետևանքով «Nissan»-ը բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին, որոշ հատված կոտրել և բախվել բեռնատար «Գազել»-ին։ Իսկ «Nissan»-ին հարվածած ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի։

«Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու, ապա տեղափոխել հիվանդանոց, իսկ 1 հոգու էլ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ «Nissan»-ին հարվածած, դեպքի վայրից փախած ավտոմեքենայի մակնիշը և վարորդի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ։