Մինչ Հայաստանում պետության ղեկավարի մակարդակով զբաղված են «հեծանիվ հայտնագործելով», լավ, համոզեցիք, թեկուզ՝ քշելով, մեր շուրջբոլորը տրանսպորտային լուրջ տեղաշարժեր են նախանշվում, որոնք շատ ավելի հեռուն գնացող հետևանքներ ու նպատակներ ունեն:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախ՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով (ՏՄՏԵ, նշվում է նաև որպես «Միջին միջանցք») գործարկվել է Չինաստանից Թուրքիա առաջին բեռնատար գնացքը՝ բեռնված կենցաղային տեխնիկայով և առաջին անհրաժեշտության ապրանքներով 110 կոնտեյներով: Գնացքը մեկնել է չինական Ցզյանսու նահանգի մայրաքաղաք Նանկինից և պետք է ժամանի Ստամբուլ՝ անցնելով Միջին Ասիա-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա երթուղով:
Նկատենք, որ ներկայում Չինաստանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումներն իրականացվում են մի քանի երթուղով, որոնք անցնում են Կենտրոնական Ասիայի երկրներով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, Սև ծովով: Այդ հանգամանքը, ինչպեսև Չինաստանի՝ դեպի եվրոպական երկրներ ելնելու, իսկ հընթացս նաև երթուղու երկրների շուկաներ ու ներդրումային միջավայր ավելի մեծ ծավալով ներթափանցելու մղումը նկատի ունենալով՝ Ադրբեջանը ձգտում է ավելի ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում: Այստեղ նշենք, որ նմանապես Վրաստանն է ձգտում Չինաստանի հետ ավելի սերտորեն համագործակցել՝ համաձայնելով ավելի մեծ խորություն ունեցող նոր նավահանգիստհանգույցի շինարարությունը վստահել ՉԺՀ-ին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն վերջերս Չինաստանի հետ հուշագիր ստորագրեց «Միջին միջանցքի» (ՏՄՏԵ) վերաբերյալ:
Կողմերը քննարկել են նաև այդ երթուղի նոր բեռնահոսքեր ներգրավելու, երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Խոսք կարող է լինել Չինաստանի կողմից Ադրբեջանով տարանցիկ բեռնափոխադրումների սուբսիդավորման մասին: Ավելին, նախօրեին «Համագործակցության Շենհայի կազմակերպության» անդամ-պետությունների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստին մասնակցող ՉԺՀ նախագահը Աստանայում մի շարք հայտարարություններ է արել այս առնչությամբ: Մասնավորապես, նա նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել համագործակցությունը այնպիսի ավանդական ոլորտներում, ինչպիսիք են առևտուրն ու տնտեսությունը, նպաստել Չինաստան-Եվրոպա բեռնատար գնացքների սպասարկումը բարելավելուն, Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու կառուցմանը՝ նպատակ ունենալով տրանսպորտային փոխկապակցվածության ճյուղավորված և բարձր արդյունավետությամբ ցանցի կատարելագործումը:
Ձևավորվել է մի իրավիճակ, որի պայմաններում այդ ցանցը կարծես ձեռնտու է բոլորին, բայց առաջին հերթին դրանից կարող են շահել Թուրքիան, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրները: Կոնկրետ Թուրքիայի համար հիշատակված «Միջին միջանցքը» լավ հնարավորություն է նշված երկրների ու Ադրբեջանի միավորման, պարզ ասած՝ «Մեծ Թուրանի» ծրագրի համար գետնի վրա շատ կոնկրետ հենք ստեղծելու տեսանկյունից: Գործնականում դա կարող է լինել «պանթյուրքիզմի» «կյանքի ճանապարհը»:
Այստեղ հետաքրքիրն այն է, որ այդ նախագծի հիմնական շարժիչ ուժը՝ ֆինանսատնտեսական ու բեռների ապահովման տեսանկյունից, հենց Չինաստանն է: Մինչդեռ Չինաստանն ինքը որոշակի խնդիրներ ունի թյուրքախոս փոքրամասնության հետ, մասնավորապես, ույղուրական ինքնավարության մասով: Մյուս կողմից՝ Չինաստանի համար այդ երթուղին ելք է դեպի Կենտրոնական Ասիա, Կովկաս, Սև ծով, ըստ որում՝ ԱՄՆ վերահսկողությունից դուրս: Գաղտնիք չէ, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ընդգրկուն տարածաշրջանում ԱՄՆ-ն որոշակիորեն վերահսկողություն ունի, ինչը Չինաստանին, մեղմ ասած՝ դուր չի գալիս: Ի դեպ, այս թեմային արդեն իսկ բավական անդրադարձներ կան:
Ի մասնավորի, տելեգրամյան ալիքներից մեկը գրում է. ««Միջին միջանցքը» կարող է անցնել նաև Հայաստանով, սակայն դրա համար պետք է իրագործվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը: Բաքուն և Անկարան Հայաստանի հետ սահմանների ապաշրջափակումը շաղկապում են նախապայմանների հետ. ՀՀ Սահմանադրության փոփոխություն, Սյունիքով միջանցքի տրամադրում, անկլավների վերադարձ Ադրբեջանին և այդպես շարունակ:
Դա նշանակում է, որ ռազմաքաղաքական, տնտեսական, ժողովրդագրական և ռազմավարական առումներով Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են Հայաստանը վերածել «ձախողված պետության» («failed state») ու պարզապես օգտագործել Հայաստանի տարածքը՝ զուտ որպես տրանզիտային գոտի կամ միջանցք՝ Մեծ Թուրան ծրագրի համար, որն ուղղված է Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև՝ ՉԺՀ-ի դեմ»: Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում՝ «խաղաղության խաչմերուկի» մասին ժամկետանց խոսակցություններով:
Բաց մի թողեք
Ինչ է առաջարկում ներքին ռաբիսն ու դրսից բերած Ջենիֆեր Լոպեսը
Փակ հանդիպմանը երկու թեմա է քննարկվել
Պրոֆեսիոնալ թմրաբաններն այս իշխանությանը պետք չեն․ Լուսանկար