16/07/2024

Սրբազանի հետ հանդիպումն անցել է բուռն մթնոլորտում․ խորհրդի ձևավորումը հետաձգվել է

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ քաղաքական կուսակցությունների նախօրեին կայացած փակ հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում, բուռն բանավեճեր են ծավալվել։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շարժման ակտիվը համախոհ ուժերի ներկայացուցիչներին առաջարկել է խորհրդակցական մարմին ձեւավորել՝ քաղաքական խորհուրդ անունով, եւ ներկայացրել է, որ այն գործելու է շարժման համակարգող խորհրդին կից. որոշումներ չի կայացնելու, լինելու է զուտ խորհրդատվական մարմին։

Նշենք, որ համակարգող խորհուրդը ղեկավարում է Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, ով նաեւ ընդգրկված է Արցախի հարցով զբաղվող քաղաքական հանձնախմբի կազմում, ասում են՝ սրբազանից հետո երկրորդ մարդն է, որ իրավասություն ունի շարժման վերաբերյալ որոշումներ կայացնել։

Հանդիպմանը ներկա գտնված քաղաքական ուժերը, մեղմ ասած, չեն ողջունել այդ առաջարկը, իսկ որոշները նույնիսկ ընդվզել են՝ ներկայացնելով փաստարկված առարկություններ։ Մեզ պատմեցին, որ բավականին ռացիոնալ հարցադրումներ է բարձրաձայնել Սուրեն Սուրենյանցը՝ ասելով, թե ինչ կարիք կա ստեղծել քաղաքական խորհուրդ, եթե չկա քաղաքական պլատֆորմ։ Ասել է, որ չնայած ունեն համախոհություն սրբազանի հայտարարած շարժման նպատակների վերաբերյալ, բայց կան հարցեր, որոնք պարզաբանումների, ճշգրտումների կարիք ունեն։

Մոտավորապես ասել է՝ եթե հիվանդի վիճակը ճիշտ չախտորոշենք, չենք կարող բուժումը գտնել։ Հիշեցրել է մայիսի 9-ի մեծ հանրահավաքին հաջորդած հանդիպումը, որը տեղի ունեցավ սրբազանի եւ քաղաքական ուժերի միջեւ։ Այդ հանդիպման ժամանակ համաձայնություն՝ կոնսենսուս էր ձեռք բերվել երկու հարցի շուրջ։ Առաջինն այն էր, որ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է, եւ երկրորդը` հենց նրա թեկնածությամբ էլ պետք է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։

Սուրենյանցն արձանագրել է, որ երկու պայմանավորվածություններն էլ, ըստ էության, կյանքի չեն կոչվել, չկա քաղաքական հստակ ծրագիր, գործողությունների պլան, այսինքն՝ քաղաքական պլատֆորմ, եւ քանի դեռ այդ պլատֆորմը չկա, վաղ է խոսել քաղաքական խորհրդի մասին։ Նախ պետք է հասկանաս շարժման օրակարգն ու անելիքները, որ հետո պատասխանատվություն, հանձնառություն ստանձնես՝ խորհրդատվություն ներկայացնելու կամ չներկայացնելու համար։

Սուրենյանցի առաջարկին ներկաները չեն առարկել, անգամ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն: Իհարկե, բացահայտ չեն էլ ողջունել, բայց հավատավոր զինվորի պես չեն թելել միայն սրբազանի ասեղը։ Մեզ ասացին, որ «Ապրելու երկիր», «Ժառանգություն», «Սասնա ծռեր» կուսակցությունների ներկայացուցիչներն ու «Նուռ» մականունով Արամ Հարությունյանը` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը, անառարկելիորեն ընդունում են շարժման գիծը՝ ասելով, որ ցանկացած առաջարկի կողմ են։

Սրբազանը, սովորույթի համաձայն, սպառիչ պատասխաններ չի ներկայացրել, ասել է միայն, որ սեպտեմբեր-հոկտեմբերին շարժումը նոր թափով է ասպարեզ գալու, եւ այդ ժամանակ հաստատ հաջողելու են։ Ի դեպ, շարժմանն աջակցող որոշ ուժեր էլ չեն թաքցնում, որ այլեւս վստահ չեն, թե շարժումը կհաջողի, ուստի չեն ուզում կցորդի կարգավիճակ ստանձնել եւ կոլեկտիվ պատասխանատվություն կրել ձախողումների համար: Մանավանդ՝ այն պարագայում, երբ որոշումները միանձնյա կայացնում է սրբազանը՝ համակարգող խորհրդի հետ։

Պատմեցին, որ սրբազանի կողմնակիցների եւ Սուրենյանցի միջեւ բուռն խոսակցություն է ծավալվել: Սուրենյանցն արձանագրել է, որ սրբազանի առաջնորդած շարժումը ոչ թե համաժողովրդական է, այլ 2018-ից հետո ամենազանգվածային գործընթացն է, որը տեղի է ունենում մեր երկրում։

Նա կարծիք է հայտնել նաեւ, որ փողոցով եւ իմպիչմենթի գործընթացով հնարավոր չէ հասնել իշխանությունների հեռացմանը, լավագույն հաղթանակը, որ կարող են արձանագրել, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Ի վերջո, պայմանավորվել են, որ քաղաքական խորհրդի ձեւավորումը երկու շաբաթով հետաձգեն, մինչ այդ քննարկեն եւ հստակեցնեն իրենց անելիքները, փորձեն ձեւավորել քաղաքական պլատֆորմ։

Ուշագրավ առաջարկ է արել Գառնիկ Իսագուլյանը` առաջարկել է, որ քաղաքական խորհուրդը բաղկացած լինի 107 անդամից՝ որպես այլընտրանք գործող Ազգային ժողովին։

Առաջիկա շաբաթների ընթացքում սրբազանը ստիպված է լինելու գործողությունների եւ իր ծրագրերի մասին խոսել ավելի կոնկրետ, ինչը, ըստ աջակիցների, պակասում է: Սակայն սրբազանը բոլոր բարդ իրավիճակներում հիշեցնում է, որ իր կյանքն է դրել այս շարժման մեջ եւ վստահ է, որ հաջողելու է։