20/07/2024

Ադրբեջանը փորձում է ազատել իրեն Ռուսաստանի ավելի «նեղ» հավակնություններից:

Հուլիսի 3-ին Աստանայում ստորագրված չին-ադրբեջանական ռազմավարական գործընկերության մասին Հռչակագրում Պեկինը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Բաքվի ձգտումը:

Աստանայում փաստորեն Ադրբեջանը ազդարարեց Շանհայական գործակցության կազմակերպությանն ու ԲՐԻԿՍ-ին անդամմակցելու մտադրության մասին: Իհարկե այդ գործընթացները բավականին բարդ ու տարողունակ են, առավել եւս ՌԴ արտգործնախարար Լավրովի օրերս արած հայտարարության ֆոնին, որ ԲՐԻԿՍ նոր անդամների ընդունումը առժամանակ սառեցված է:

Սակայն, այդուհանդերձ, հստակ դիրքավորումը ունի քաղաքական էական նշանակություն: Ադրբեջանը փաստորեն այդ հարցում դիրքորոշվում է, ինչը առնվազն տեղիք է տալիս հարցի, թե արդյո՞ք Ադրբեջանն այդ կերպ փորձում է «փակել» ԵԱՏՄ-ի անդամակցության թեման, որ ռուսական կողմում շոշափվում է պարբերաբար՝ իհարկե բավականին ընդհանրական եւ տեսական, բայց այդուամենայնիվ:

Ավելին, փոձագիտական տարբեր մակարդակներում դիտարկվել են սխեմաներ, ըստ որոնց, Ռուսաստանը Ադրբեջանի «կարիքներին» ընդառաջ է գնացել Լեռնային Ղարաբաղի հարցում, ակնկալելով, որ Բաքոււն էլ «վարձահատույց» կլինի ԵԱՏՄ անդամությամբ:

Ադրբեջանը սակայն տոն չի տվել այդ թեմային, եւ գուցե նաեւ դա է պատճառը, որ Բաքուն պարբերաբար շեշտադրում է իր բանակով հարցը լուծելու մասին, ակնարկելու համար, որ Ռուսաստանին պարտք չէ: Սա իհարկե ենթադրությունների դաշտում գտնվող իրավիճակ է, բայց, ԲՐԻԿՍ-ին անդամակցության մտադրությունը բարձրաձայնելով, Բաքուն ըստ ամենայն սահմանում է առավել ընդգրկուն մի նշաձող, որն այդպիսով Ռուսաստանի համար կարող է սահմանափակել Ադրբեջանի առաջ ԵԱՏՄ թեմա բացելու հիմքերը:

Ի վերջո, ԲՐԻԿՍ բնույթը ԵԱՏՄ-ից տարբեր է, այս դեպքում խոսք չկա միասնական տնտեսական տարածության մասին, միեւնույն ժամանակ սակայն կազմակերպությունը զգալիորեն ընդգրկում է Եվրասիական գոտում գտնվող խաղացողների տնտեսական շահեր:

Մասնավորապես, ԲՐԻԿՍ անդամ են Իրանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, աշխարհագրորեն բավականին մերձ անդամ են Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Եթովպիան: Այս մասշտաբը ենթադրում է այլ օրակարգ, եւ ներկայացնելով դրանում ներառվելու հայտ, Ադրբեջանը ըստ ամենայնի փորձում է ազատել իրեն Ռուսաստանի ավելի «նեղ» հավակնություններից: