Նիկոլ Փաշինյանը «սպառնացել» է հետ կանչել բոլոր այն դեսպաններին, ովքեր կփորձեն իր թիկունքում «խաղեր տալ» Հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդների հետ, այսինքն՝ ջերմ հարաբերություններ կպահեն։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այս գծով Փաշինյանը նաեւ «ռեւիզոր» է կարգել Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Մեզ պատմեցին, որ Սինանյանն էլ իր հերթին «վերբովկա» է արել դեսպանատների եւ հյուպատոսարանների աշխատակիցներին, որ ներքեւից պարբերաբար զեկուցեն իրեն համայնքների ղեկավարների, դեսպանների ու եկեղեցու հոգեւոր սպասավորների շփումների մասին։
Իրավիճակը հատկապես սրվել է Բագրատ Սրբազանի շարժման մեկնարկից հետո։ Սփյուռքի հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդները շարժման ակտիվ օրերին եկեղեցական քարոզների ժամանակ անվերապահ աջակցություն են հայտնել Սրբազանին, միավորել համայնքի հայերին, բողոքի նոտաներ հղել ՀՀ կառավարությանը։ Գրեթե ամենուրեք ակցիաներ են անցկացվել եւ բավական բազմամարդ, ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման: Մոտավորապես այնպես, ինչպես 2018թ․-ին էին սփյուռքի հայերը աջակցում Փաշինյանին։ Տավուշյան պայքարի օրերին բավական ակտիվ են եղել Անգլիայի եւ Կանադայի թեմերը։
Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը երեկ, կառավարության նիստից հետո, բառախաղերով փորձեց չպատասխանել «Հրապարակ»-ի ուղիղ հարցին՝ վերջին անգամ սփյուռքի հայ առաքելական եկեղեցու ո՞ր թեմի առաջնորդի հետ է ինքը հանդիպել։
Մեր տեղեկություններով, նման հանդիպումներ չեն եղել շատ վաղուց՝ պայմանվորված եկեղեցու եւ իշխանությունների օր օրի սրվող հարաբերություններով։ Եւ առհասարակ, սփյուռքի տարբեր համայնքներում ասում են, որ Սինանյանը եթե ժամանում է իրենց երկրներ` հանդիպում է միայն նիկոլական կողմնորոշման, լուսանցքային անձանց հետ, որոնք սփյուռքում խառնակչությամբ են զբաղված եւ, որպես կանոն, մեծ հեղինակություն չեն վայելում: Նա այս տարիներին հասցրել է թշնամանալ սփյուռքում հեղինակություն ունեցող գրեթե բոլոր շրջանակների հետ: Բացարձակապես չեն շփվում դաշնակցականների հետ, որոնք սփյուռքյան համայնքներում մեծ աշխատանք են կատարում, հիմա` եկեղեցու հետ, իսկ համայնքները, որպես կանոն, համախմբված են եկեղեցու շուրջ:
Մեր հարցին ի պատասխան Սինանյանն ասաց. «Երբ ասում եք թեմ, բառի բուն իմաստով մեր եկեղեցու էջմիածնական թեմերի մասին եք խոսո՞ւմ։ Միանշանակ չեմ կարող պատասխանել, բնական է, որ նման երեւույթ կա, իմաստ չունի ուրանալ, բայց ամեն ինչ կախված է թեմի սրբազանից։ Ամեն թեմ իր առանձին մոտեցումն ունի, այո, մենք զգում ենք, որ Էջմիածինը որոշ թեմերի վրա կարողանում է ազդի, ոմանց վրա չի կարողանում»։
ՔՊ-ականները ոչ միայն ՀՀ հանրությանն են պառակտել, այլեւ մանր խառնակչություններ են անում սփյուռքի հայ համայնքներում՝ փորձելով սեպ խրել եկեղեցու եւ համայնքի միջեւ։ Դիտարկմանը, որ անհերքելի փաստ է՝ սփյուռքի հայկական համայնքներն ու եկեղեցին մեկ ամբողջություն են, առանց եկեղեցու չկա հայ համայնք, եկեղեցին է համայնքի հենասյունը, Սինանյանն ասաց, որ իրենց աշխատանքը եկեղեցակենտրոն չի։ «Մենք սփյուռքի համայնքները չենք տեսնում որպես Օսմանյան կայսրության միլլեթի մնացորդներ, որոնք կրոնական համայնքներ են, դրանք ազգային համայնքներ են, հետեւաբար մենք հարաբերվում ենք մեր հայրենակիցների հետ որպես անհատների։ Մենք ակտիվ աշխատում ենք հայ առաքելական եկեղեցու մեր հետեւորդների հետ, կաթոլիկ եղբայրների եւ քույրերի»,-ասաց Սինանյանը, ով ակտիվ աշխատանք ասելով, թերեւս, նկատի ունի եկեղեցին համայնքից պառակտելու «քրտնաջան» աշխատանքը։
Բաց մի թողեք
Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է, երբ ասում է մի բան, մտածում` այլ բան, անում` լրիվ ուրիշ բան
Առողջապահության նախարարը անկարող է կիրառել օրենքը
Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը