Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է, որն այս տարի կնշվի հուլիսի 7-ին։
Շատ ազգագրագետներ տոնը պայմանավորում են վաղ ժամանակներում եղած ջրի պաշտամունքի հետ, համարում հեթանոսական, որը նվիրված է եղել Աստղիկ դիցուհու պաշտամունքին, իսկ Հայ առաքելական եկեղեցին Պայծառակերպության կամ Քրիստոսի այլակերպության, կամ, ինչպես ընդունված է ասել, Վարդավառի տոնը նշում է Սուրբ Զատիկից 98 օր հետո:
Արարատյան Հայրապետական թեմի Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ սա շարժական տոն է։ Վարդավառի տոնին, ինչպես բոլոր տաղավար տոներին, նախորդում է շաբաթապահք։
«Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Համաձայն Ավետարանի՝ Քրիստոս իր քարոզչական գործունեության երրորդ տարվա ամռանը՝ իր մահվան և հարության մասին առաքյալներին հայտնած կանխասածությունից վեց օր անց, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը՝ աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում և այլակերպվում է. «Դեմքը փայլեց՝ ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը» (Մատթեոս 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս 9.29)»,- օրվա խորհուրդը մեկնաբանում է հոգևորականը՝ շարունակելով.
«Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ: Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում։ Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք վրաններ շինենք, մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի և մյուսը՝ Եղիայի համար»: Մինչ նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա՛ է իմ սիրելի որդին, որին հավանեցի, դրա՛ն լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով սարսափած առաքյալներին՝ Հիսուսը նրանց պատվիրում է առայժմ չհայտնել տեսածի ու լսածի մասին՝ մինչև Աստծո որդու խաչելությունը և Հարությունը»։
Քահանայի խոսքով՝ թեև ժամանակները փոխվել են, սակայն Վարդավառի խորհուրդը նույնն է մնացել, ավանդությունները չեն ձևափոխվել:
«Շատերը Վարդավառի տոնը կապում են հեթանոսական Աստղիկ դիցուհու հետ, ըստ ավանդույթի՝ Աստղիկի տոնը նշել են հուլիսի կեսին՝ համաժողովրդական մեծ հանդիսություններով և արարողություններով։ Այդ տոնը ևս կոչվել է Վարդավառ, բայց ջուր ցանելու սովորույթը եղել է նաև քրիստոնեական շրջանում․ երբ ջրհեղեղից հետո Նոյը ապրում էր Արարատյան դաշտի լեռան ստորոտին, այնտեղ ամեն տարի իր ընտանիքի անդամների վրա ջուր էր ցողում՝ ի հիշատակ նրա, որ վերջիններս միշտ զգոն լինեն, Աստծու հետ հարաբերությունները չխաթարեն»,- ասում է նա:
Ըստ քահանայի՝ այստեղից էլ եկել է միմյանց վրա ջուր ցանելու սովորույթը: Վերջինս միաժամանակ նկատում է՝ նախկինում միմյանց վրա ջուր ցողելով՝ մարդիկ համոզված էին, թե ազատվում են և՛ ահից, և՛ հիվանդություններից, սակայն պետք է հասկանալ, որ Վարդավառը զուտ քրիստոնեական խաղ է, ուրիշ աստվածաբանություն տոնի մեջ փնտրել չի կարելի․ «Շատերն ասում են՝ ջուր են լցնում միմյանց վրա, որ մեղքերից մաքրվեն, բայց իրականում մարդը մեղքերից ազատվում է միայն Հիսուս Քրիստոսի արյան ու մարմնի ճաշակմամբ՝ գինու ու լավաշի, չկա մեկ այլ միջով մեղքերից ազատվելու համար։ Ցանկացած բանի մեջ կարող ենք կռապաշտություն որոնել ու գտնել»։
Տոնի անվանման իմաստն էլ քչերին է հայտնի․ Վարդավառ ժողովրդական անվանումը հավանաբար գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի:
Ինչպես Վարդավառի, այնպես էլ մյուս չորս տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է՝ հիշատակի օր, երբ ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:
Քահանան ասում է՝ Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուսն Աստծո որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել նրա պատվիրանները, հետևել դրանց և կյանքի վերածել:
Բաց մի թողեք
Ոչ մի աղոթք՝ բանակում, խաչերը՝ հանել
ՔՊ-ականները նեղսրտել են, որ ռուս գեներալը զանգահարել է փոխքաղաքապետին
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը