«Նոր ժողովրդական ճակատ» (NPF) ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և ստացել 182 մանդատ Ազգային ժողովում, հայտնում են երկրի ՆԳՆ պաշտոնական տվյալները՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները։
Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան (168 մանդատ), երրորդ տեղում՝ ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաքն» է (RN)՝ Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելլայի կողմից։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,63 տոկոս։
Ընդ որում, ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր, իսկ մեծամասնության համար անհրաժեշտ է 289 մանդատ։
Parisien թերթը հաղորդել է, որ ՆԳՆ վերջնական թարմացված տվյալների համաձայն՝ «Նոր Ժողովրդական ճակատը» ստացել է 174 մանդատ, Մակրոնի կոալիցիան՝ 156, իսկ Մարին Լը Պենի «Ազգային միությունը»՝ 143: Հանրապետական կուսակցությունը և նրա դաշնակիցները, ըստ այս տվյալների, ստացել են 66 մանդատ, մյուս քաղաքական ուժերը՝ 38։
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի Էմանուել Մակրոնին։ Հուլիսի 7-ի երեկոյան հայտարարություն անելիս նա ազդարարել է, որ պատրաստ է շարունակել ծառայությունը ընտրություններից հետո ի հայտ եկած քաղաքական անորոշության լույսի ներքո:
Մակրոնը դեռ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել։
«Ազգային հանրահավաքը» գրավել էր առաջին տեղը առաջին փուլում և հույս ուներ ուժեղ արդյունքի հասնել հուլիսի 7-ի քվեարկության ժամանակ, սակայն երկրորդ փուլից առաջ ձախերն ու Մակրոնի կողմնակիցները միավորեցին ուժերը՝ կանխելու ծայրահեղ աջերի հաղթանակը:
«Անազնիվ դաշինքները թույլ չտվեցին ֆրանսիացիներին ստանալ քաղաքական թև՝ ուղղված երկրի վերականգնմանը», – ասել է «Ազգային հանրահավաք»-ի առաջնորդ Ջորդան Բարդելլան՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի սկզբին արտահերթ ընտրություններ էր նշանակել (ժամանակից երեք տարի շուտ)՝ Եվրախորհրդարանի ընտրություններում ֆրանսիական ծայրահեղ աջերի հաղթանակից հետո։
Դեռ երեկոյան՝ քվեարկության առաջին նախնական արդյունքների հրապարակումից հետո, ցնծող բազմությունը դուրս էր եկել ֆրանսիական քաղաքների փողոցներ։
Փարիզի Հանրապետության հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվել։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, սկզբում բողոքի ակցիան անցել է խաղաղ, սակայն հետո անհայտ անձինք սկսել են հրավառություն, հրկիզել աղբամաններն ու հեծանիվները, կոտրել կանգառների ապակիները։
Նանտում բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններ են սկսվել, որից հետո ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։
Եվրոպական առաջնորդները սկսել են մեկնաբանել ընտրությունների արդյունքները։
«Փարիզում ոգևորություն կա, Մոսկվայում՝ հիասթափություն, Կիևում՝ թեթևացում։ Բավական է երջանիկ լինել Վարշավայում»,- գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը «X»-ի իր միկրոբլոգում։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ասել է, որ ողջունում է Ֆրանսիայի կողմից «ծայրահեղ աջերի մերժումը» և «ձախի առաջացընթացը, որը լուրջ և համարձակ քաղաքականությամբ լուծելու է ժողովրդի խնդիրները»։
Բաց մի թողեք
Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին և լրագրողներին, վերջ տալ բռնաճնշումներին
Ուկրաինայում պատերազմի ավարտը ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է. Թրամփ
Եվրամիությունում համաձայնեցվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը