13/07/2024

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները․ Լուսանկար

Բարձրագույն դատական խորհուրդը՝ քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվեցին։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է մերժել:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Որպես պարզաբանում նշվում է, որ միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը, ունենալով պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելու և իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումն ապահովելու պարտականություն, չի մասնակցել հեռաուսուցման դասընթացին, ինչի առնչությամբ Խորհուրդը, հաշվի առնելով միջնորդության մեջ նշված հեռաուսուցման դասընթացի շրջանակում տրամադրված նյութի բնույթը, դատավորի մասնակցությունը գիտակրթական տարատեսակ միջոցառումներին, Արդարադատության ակադեմիայի կազմակերպած լրացուցիչ վերապատրաստումներին, նաև նշված հեռաուսուցման դասընթացին մեկ անգամ արդեն դատավորի մասնակցությունը արձանագրում է, որ միջնորդության համար հիմք հանդիսացող դատավորի արարքը թեև ձևականորեն պարունակում է Դատական օրենսգրքով սահմանված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները