13/07/2024

ՔՊ-ն նախընտրեց Պուտինի գիրկը. «Ոչ, ոչ, մենք մեր ճանապարհով ենք գնում, Պուտինը կասի` չոռ, կասենք` չոռը քեզ, քու տիրոջ մերը»

Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 1-ին խոսելով ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին, հայտարարեց, որ նման հանրաքվե չի կայանա, եւ մանրամասնեց, թե «ինքը գիտի, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը կողմ է այդ անդամակցությանը, բայց չգիտի, թե ԵՄ-ն պատրա՞ստ է Հայաստանին տեսնել ԵՄ կազմում, թե՞ ոչ»: Իր կասկածը Փաշինյանը պայմանավորեց ԵՄ կառույցներում ընտրությունների արդյունքներով, որոնք փոխում են իրավիճակը:

Հրապարակ թերթը գրել է․ Սակայն Փաշինյանի հայտարարությունից բառացիորեն մի քանի օր առաջ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տրամագծորեն հակառակ կարծիքն էր հայտնել՝ վստահություն հայտնելով, որ այդ հանրաքվեն մոտ ապագայում կլինի։ «Մեր հասարակությունն ունի որոշում՝ լինել ԵՄ մաս։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկում էր հանրաքվեի մասին, որ Հայաստանը դառնա ԵՄ մաս։ Ես կարծում եմ, որ երբեւէ մոտ ապագայում մեզ մոտ կլինի այդ հանրաքվեն, եւ վստահ եմ, որ մեր մարդիկ կասեն՝ «այո»»,- Լատվիա կատարած այցի ընթացքում Rus.LSM-ի հետ զրույցում հայտարարել էր Ալեն Սիմոնյանը։

Ինչո՞ւ է Փաշինյանն ասում մի բան, իսկ Ալեն Սիմոնյանը՝ ճիշտ հակառակը:

Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերին, Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան մոտ, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի: Իսկ այս տարվա հունիսի 21-ին, Հայաստանի Ազգային ժողովում, Փաշինյանի «գրպանային» կուսակցությունների առաջարկով լսումներ եղան՝ ԵՄ անդամակցության հանրաքվեի հետ կապված։ Շատերը համոզված էին, որ այդ «լսումներն» իրականում Փաշինյանն էր կազմակերպել, որպեսզի վերջապես պոկվի Ռուսաստանից` ցույց տալով, որ դա իր որոշումը չէ, այլ՝ հանրային պահանջ: Ուստի շատերի համար անսպասելի էր, երբ Փաշինյանը, կարելի է ասել, փակեց հանրաքվեի հարցը։

Մենք գրել էինք, որ իրականում այդ թեման ներքաղաքական օրակարգ է բերվել գրպանային արեւմտամետների ռեյտինգը բարձրացնելու համար, իսկ Փաշինյանը Պուտինից պոկվելու ու Արեւմուտքի գիրկը նետվելու ռեալ ծրագիր ու նպատակ չունի, ճիշտ հակառակը՝ աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում նրա վարած քաղաքականությունը ՌԴ նախագահին սիրաշահելու համար է։

Այդուհանդերձ, ինչո՞ւ է Փաշինյանն ասում մի բան, իսկ Ալեն Սիմոնյանը՝ ճիշտ հակառակը։ Այս հարցը վերջին շրջանում բուռն քննարկվում է ՔՊ-ականների շրջանում, նրանք մասնավոր զրույցներում տարատեսակ վարկածներ են առաջ քաշում, իսկ Սիմոնյանին ատող որոշ ՔՊ-ականներ, ինչպես մեր աղբյուրը բնութագրեց, «մեռած են, թաղած չեն»: Նրանք եզրակացրել են, որ Ալեն Սիմոնյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ մտածված են այս հակադրությունը ստեղծում, որպեսզի աշխարհաքաղաքական զարգացումների եւ Հայաստանում հնարավոր իշխանափոխության ժամանակ Արեւմուտքի նախընտրելի թեկնածուն լինի Ալեն Սիմոնյանը։ Ի դեպ, նշենք, որ այս հայտարարությունից հետո Սիմոնյանի աշխատակազմից հարկ համարեցին պարզաբանել, թե ԱԺ նախագահն իր անձնական տեսակետն է հայտնել: Թեեւ կարծիք հայտնելը եւ առաջնորդի ասածից 180 աստիճանով տարբեր դիրքորոշում ունենալը խիստ տարբեր բաներ են: Մանավանդ որ ասվել էր ոչ թե որպես հավանական տարբերակ, այլ բացարձակ պնդում էր արվել, թե մոտ ապագայում հանրաքվե կլինի։

ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին եւս Ալեն Սիմոնյանի հայտարարությունը տարօրինակ է թվացել, քանի որ թիմում քննարկել են այդ հարցը, եւ գերիշխել է կարծիքը, որ հանրաքվե չի անցկացվելու: ՔՊ-ական պատգամավորը հավելում է, որ ինքը դավադրությունների սիրահար չէ, համաձայն է, որ նա իր անձնական տեսակետն է պնդել․ «Դե․․․ հակասություն չեն, ընդամենը տարբեր կարծիքներ են, բայց մեր թիմում որ քննարկել ենք, ճնշող մեծամասնությունը դեմ էր հանրաքվեին, դրա համար էլ վարչապետը նման հայտարարություն է արել։ Մենք կարծում ենք՝ չկա դրա անհրաժեշտությունը, կլինի այն ժամանակ, երբ հայտ ներկայացնենք, դառնանք թեկնածու, բոլոր պահանջները բավարարենք տարիների ընթացքում, ու մեզ ասեն՝ ապրեք դուք, բավարարում եք։ Այն ժամանակ կարելի է նոր հանրաքվե անել, իսկ հիմա անիմաստ է, դա մեզ ոչինչ չի տալու»։

Դիտարկմանը՝ եթե հատկապես հարցը քննարկվել է, եւ եկել են այն համոզման, որ հանրաքվեն անիմաստ է, չի՞ նշանակում, որ Ալեն Սիմոնյանը փորձում է իր դիրքորոշմամբ առանձնանալ թիմից, ԵՄ-ին ուղղված հանրաքվեն մերժող վարչապետից, պատգամավորը նույնը պնդեց, որ Ալեն Սիմոնյանը անձնական կարծիք է հայտնել։ Իսկ եթե անգամ վարչապետն ու ԱԺ նախագահը հայտարարեին, որ հանրաքվե պետք է լինի, ինքը շարունակելու էր հակառակը պնդել` քանի դեռ չկան հստակ երաշխիքներ, իմաստ չունի տարածաշրջանից կտրվել․ «Մեր թիմում գերակշռում է տարածաշրջանային զարգացման մոտեցումը, դա նշանակում է, որ Եվրոպան բերենք ստեղ, մենք չվազենք Եվրոպա։ Պետք չի, որ երկրորդ անգամ մենք դառնանք քրիստոնեությունը ընդունած առաջին պետությունը, չկա դրա անհրաժեշտությունը, այստեղ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան գոյություն ունեն, Իրանի Իսլամական Հանրապետություն գոյություն ունի, մենք այստեղ ենք ապրում ու չենք կարող դա հաշվի չառնել։ Մենք պետք է շարժվենք մի ճանապարհով, որը կլինի Հայաստանի ճանապարհը եւ չի լինի այլ երկրի անցած ճանապարհի կրկնություն»:

Եթե նախընտրում են տարածաշրջանը՝ Ռուսաստանի գերակայությամբ, այդ դեպքում ինչո՞ւ են փչացնում հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ։ «Այսինքն, թուրքերը գալիս մտնում են Ջերմուկ, մենք ասում ենք՝ մտել են, իրանք, թե` մի հատ ճշտենք՝ Ջերմուկը հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական, մենք խոնարհաբար ասենք` լավ, սպասո՞ւմ ենք։ Մենք մեր շահերից ենք առաջնորդվում, Ռուսաստանի հետ հարաբերությունները չենք վատացրել, սառեցրել ենք հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, որի երեք պետությունն Ադրբեջանի դաշնակիցներն են»։ Այսինքն, կարո՞ղ ենք արձանագրել, որ, մեծ հաշվով, տեւական դեգերումներից հետո ՔՊ-ն նախընտրեց Պուտինի գիրկը։ «Ոչ, ոչ, մենք մեր ճանապարհով ենք գնում, Պուտինը կասի` բարեւ, կասենք՝ հազար բարի, կասի` չոռ, կասենք` չոռը քեզ, քու տիրոջ մերը»: