25/07/2024

«Ռուսաստանը չի հասնի իր ուզածին. Կհաղթի Ուկրաինան». Բայդենը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման արարողությանը

Միացյալ Նահանգները և դաշնակիցները առաջիկա ամիսներին Ուկրաինային կփոխանցեն ՀՕՊ ևս հինգ ռազմավարական համակարգեր, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի բացման արարողությանը, որը տեղի է ունենում Վաշինգտոնում։

«Այսօր ես հայտարարում եմ Ուկրաինային հակաօդային պաշտպանության համար սարքավորումների պատմական փոխանցման մասին։ ԱՄՆ-ը, Գերմանիան, Նիդեռլանդները, Ռումինիան և Իտալիան Ուկրաինային սարքավորումներ կտրամադրեն ՀՕՊ լրացուցիչ հինգ ռազմավարական համակարգերի համար»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ դաշնակիցները մտադիր են նաև Կիևին մատակարարել տասնյակ մարտավարական ՀՕՊ միջոցներ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ է, որ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանի հետ պատերազմում։

«Վլադիմիր Պուտինն ուզում է ոչ պակաս, քան Ուկրաինայի լիակատար նվաճում, ուզում է վերջ դնել ուկրաինական ժողովրդավարությանը և ջնջել Ուկրաինան քարտեզից։ Բայց Ուկրաինան մնում է անկախ։ Եվ Ուկրաինան կարող է և կկանգնեցնի Պուտինին։ Պուտինին և աշխարհին ուղղված մեր ուղերձը պարզ է՝ մեր աջակցությունն Ուկրաինային ուժեղ է և անսասան։ Ես լիակատար վստահությամբ ասում եմ՝ Ռուսաստանը անհաջողության կմատնվի այս պատերազմում։

Անցել է երկու տարի, Պուտինն ինքն է որոշել սկսել այս պատերազմը, ավելի քան 200 հազար ռուս զինվոր սպանվել և վիրավորվել է, միլիոնավոր մարդիկ լքել են Ռուսաստանը, քանի որ այլևս չեն ուզում ապրել այդ երկրում։ Իսկ Կիևը, որը պետք է հանձնվեր հինգ օրից (հիշո՞ւմ եք, երբ մենք խոսեցինք այս մասին) դեռ կանգուն է և գոյություն ունի այսօր՝ երկու տարի անց: Մենք գիտեինք՝ Պուտինը վստահ էր, որ ՆԱՏՕ-ն կկոտրվի, չի դիմանա, իսկ այսօր ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան երբևէ իր պատմության մեջ»,- ասել է նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը սկսվել է դաշինքի 75 ամյակին նվիրված հանդիսավոր արարողությամբ, որին հաջորդում է գալա ընթրիք դաշինքի 32 երկրների և հինգ գործընկեր երկրների՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ուկրաինայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի առաջնորդների համար:

Դաշինքի պետությունների ղեկավարների հանդիպման հիմնական աշխատանքային մասը նախատեսված է հուլիսի 10-11-ը։ Այստեղ կանցկացվեն չորս լիագումար նիստեր՝ նվիրված Ռուսաստանին զսպելուն և ՆԱՏՕ-ի ռազմական կարողությունների ավելացմանը, դաշինքի ռազմական արդյունաբերության զարգացմանը և Կիևին աջակցությանը, որը կքննարկվի Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստում ամենաբարձր մակարդակով։