09/10/2024

Հուսով եմ՝ սահմանազատումով վերջ կդնենք տասնամյակներով շարունակվող վեճին, որը բերեց երկու մեծ արհավիրք. Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել, չի քննարկվել ու չի կարող քննարկվել:

Այս մասին, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, որը պահանջել էր Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին կոնկրետ ասել, թե ՀՀ տարածքից որքան տարածք է տրվել Ադրբեջանին, հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շարունակելով.

«Կադաստրի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դարձած այն խոսակցության մեջ, որ «սաղ տվեցին, այս իշխանությունը ամեն ինչ տվեց», ես համարում եմ անտեղի։ Հասցեատերն ինքը չէ, սա քաղաքական հարց է»:

Սիմոնյանը նկատեց՝ այն հարցը, որ բարձրացվում է, դրա պատասխանն արդեն 1 մլն 347 անգամ հնչել է:

«ՀՀ տարածքից ոչ մի կտոր որիցե հարևան երկրի չի տրվել, և չի նախատեսվել, չի քննարկվել, չի քննարկվում և չի էլ կարող քննարկվել:

Բազմիցս դրա մասին խոսվել է. ձեր նշած տարածքում մեկ տուն, մեկ կրպակ, մեկ խորդանոց և հնարավոր է ևս մեկ կիսակառույց շինություն կար, որի հետ կապված բնակիչներին հատուցվել է, և բնակիչների հետ համաձայնության է եկել Կառավարությունը:

Ես ձեզ խնդրում եմ էդ խոսույթը մի փորձեք բերել քաղաքական դաշտ, որովհետև առաջինը՝ դա մեկ անգամ արել եք և չի ստացվել, երկրորդը՝ մենք որևիցե խնդիր այնտեղ չունենք, և կրկնում եմ բնակչությանը ամեն ձև փոխատուցվել է, և երրորդը՝ կարծում եմ դա արդեն հին պատմություն է»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման պրոցեսի անցած սկզբունքներով կվերջնականացնեն ու կվերարտադրեն Հայաստանի ու Ադրբեջանի քարտեզը՝ ըստ Ալմաթիի հռչակագրի սկզբունքների։

«Ես հույս ունեմ, որ վերջ կդնենք տասնամյակներով շարունակվող վեճին, որը բերեց երկու մեծ արհավիրք՝ պատերազմ»,- նշել է Ալեն Սիմոնյանը։