10/10/2024

«Սարգիս Կարոլինա»-ի հիմնադիրը «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10 մլն դրամի նվիրատվություն է կատարել. Լուսանկար

««Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սարգիս Թարվերդյանը երեկ՝ հուլիսի 18-ին, վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10 մլն դրամի նվիրատվություն է արել հիմնադրամին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ «Իմ քայլը» հիմնադրամից՝ հավելելով, որ փոխանցումը արվել է ոչ թե ընկերության, այլ անձամբ գործարարի անունից: Իր հերթին էլ, Սարգիս Թարվերդյանն ասաց, թե սրտանց է դա արել. «Երբ մարդ բարեգործություն է անում, իր խղճի, իր Աստծո համար է անում՝ իր ազգին ու երկրին օգուտ տալու համար»։

Հարցին՝ վարչապետի տիկնոջ հիմնադրամից ուղարկված նամակի պահանջո՞վ է գումարը փոխանցել, Թարվերդյանը արձագանքեց. «Եկեք՝ չպատասխանեմ. եթե ուղարկում են, լավ են անում, ստանում ենք՝ լավ ենք անում: Դա իմ սահմանադրական իրավունքն է, ստանալ նամակ, ինչ-որ բան անել: Դա իմ իրավունքն է, ես, ի սրտե, ուրախ եմ, որ օգտակար եմ եղել ինչ-որ բանով»:

Հավելենք, որ Շրի Լանկայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանը «Արարատ» սննդի կոմբինատի 65 % բաժնետոմսերի սեփականատերն է եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության խորհրդի անդամը»:

«Սարգիս Կարոլինա»-ի հիմնադիրը «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10մլն դրամի նվիրատվություն է կատարել. «Ժողովուրդ»