Լաոսի մայրաքաղաքում գումարվել է ASEAN-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդաժողով: Կազմակերպության անդամ են Հարավ-արեւելյան Ասիայի տասը երկրներ, այդ թվում՝ պոստկոմունիստական Վիետնամը:
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ խորհրդաժողովի շրջանակներում կայացել է ԱՄՆ պետքարտուղարի եւ Չինաստանի արտգործնախարարի հանդիպումը:
ASEAN-ը Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ասոցացիա է, որ կազմակվորվել է 1967թվականին: Կազմակերպության նպատակները սահմանված են նույն տարվա Բանկոգի հռչակագրով, որտեղ գլխավոր առաջնահերթություն է ձեւակերպված տնտեսական եւ կոմունիկացիոն համագործակցությունը: Բաց աղբյուրների տվյալներով՝ անդամ պետությունների բնակչությունն ավելի քան 660 միլիոն է, տարեկան ընդհանուր ՀՆԱ-ն՝ շուրջ 9 տրիլիոն դոլար:
1996թ. Ռուսաստանն ASEAN-ի հետ ստորագրել է համագործակցության մասին հուշագիր: ՌԴ արտգործնախարար Լավրովը մասնակցել է նախարարական խորհրդաժողովին եւ վերահաստատել ուկրաինական կարգավորման նախապայմանները, որ հունիսի 14-ին ձեւակերպել է Վլադիմիր Պուտինը: Լավրովի եւ Չինաստանի արտգործնախարարի հանդիպման մասին տեղեկություն չի տարածվել:
Ի՞նչ են քննարկել ԱՄՆ պետքարտուղարը եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարը՝ որեւէ աղբյուր բացի փաստն արձանագրելուց ոչինչ չի ասում: Չինաստանի արտգործնախարարը Լաոս է մեկնել ուկրաինացի պաշտոնակցի հետ բանակցություններից հետո: Միջազգային մամուլը Կուլեբայի Չինաստան այցը գնահատում է որպես ուկրաինական դիվանագիտության «լուրջ ձեռքբերում»՝ նկատի ունԵնալով, որ մեկ ամիս առաջ Ուկրաինայի նախագահը Պեկինին կոշտ քննադատել էր Ռուսաստանին «սպառազինություններ մատակարարելու» համար:
Կարելի է ենթադրել, որ Կուլեբա-Վան Ի բանակցությունները Չինաստանի «հարգանքի տուրքն է» Միացյալ Նահանգներին: Ռուսաստանյան փորձագետներն անհանգստացած են, որ Չինաստանի իշխանությունները կազմակերպել են Կուլեբայի այցը Հոնկոնգ, որ, ըստ տեղեկությունների, Ռուսաստանին տեխնոլոգիաների հիմնական մատակարարն է:
Փորձագետները ՌԴ նախագահի Վիետնամ այցը «հաջոցված» չեն համարում: Հյուսիսային Կորեա-Ռուսաստան ռազմավարական դաշինքի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել Մոսկվայի եւ Սեւուլի հարաբերություններում, չափազանց բարդ են Ռուսաստան-Ճապոնիա հարաբերությունները:
Միաժամանակ Ճապոնիան ծրագրում է մինչեւ տարեվերջ Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդների հետ գագաթաժողով գումարել:
Հարավ-արեւելյան Ասիան Ռուսաստանին սահմանակցող տարածաշրջան է, որտեղ ցանկացած ինտեգրացիոն գործընթաց, անշուշտ, աշխարհաքաղաքական նշանակություն ունի: ԱՄՆ պետքարտուղարի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վայրը եւ ժամանակն, ամենայն հավանականությամբ, պատահական չի ընտրվել: ԱՄՆ-ը եւ Չինաստանն Ուկրաինայի հարցում կպայմանավորվե՞ն:
Բաց մի թողեք
Ուկրաինայում պատերազմի ավարտը ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է. Թրամփ
Եվրամիությունում համաձայնեցվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը
Ռուսաստանը պարտվում է, այժմ տարածաշրջանի տերն ու տիրականը Թուրքիան է. The Telegraph