19/02/2025

Հինգերորդ հանդիպումը կփոխի՞ ինչ որ բան հայ – թուրքական հարաբերություններում

Հայաստանի ԱԳՆ խոսնակը հաստատել է ավելի վաղ թուրքական աղբյուրներից ստացված տեղեկությունը, որ հուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը:

Թուրքական աղբյուրներից տարածված տեղեկության մեջ նշվում էր, որ հանդիպման մի մասը տեղի կունենա հայկական, մյուսը՝ թուրքական տարածքում: Հայաստանի ԱԳՆ հաստատումը մանրամասներ չի պարունակում:

Հատուկ բանագնացների հանդիպումը հինգերորդն է: Չորորդ հանդիպումը տեղի էր ունեցել ավելի քան երկու տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում: Այդ հանդիպումից հետո հայտարարվեց ձեռք բերված առաջին պայմանավորվածության մասին՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաեւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար: Անցնող երկու տարում սակայն պայմանավորվածությունը չի դարձել իրականություն:

5-րդ հանդիպումը կփոխի՞ ինչ որ բան այդ գործում: Հարկ է նկատել, որ հատուկ բանագնացների 5-րդ հանդիպման մասին տեղեկություն հրապարակվեց հուլիսի սկզբին: Ըստ այդ տեղեկության, ծրագրվել է հանդիպում անցկացնել հուլիսի 1-ին՝ հայ-թուրքական սահմանին, սակայն թուրքական կողմը վերջին պահին հրաժարվել է եւ հանդիպումը հետաձգվել է: Հայաստանի ԱԳՆ ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը: Անցել է մեկ ամիս եւ ահա՝ հատուկ բանագնացների հանդիպում սահմանին, ինչը նաեւ հարց է առաջացնում, թե ի՞նչ է փոխվել անցնող մեկ ամսվա ընթացքում:

Ընդհանրապես, անկասկած է մի բան՝ հրապարակային իրողություններից զատ, տեղի է ունենում կուլիսային, ստվերային դիվանագիտություն եւ ձեռք են բերվում որոշակի պայմանավորվածություններ: Հուլիսի 30-ին կայանալիք հանդիպմանը կազդարարվի՞ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածության իրագործման մասին: Կասկածից վեր է, որ այդ համաձայնությունը գտնվում է այն Միջին միջանցքի տրամաբանության մեջ, որի մասին խոսվում է աշխարհաքաղաքական համատեքստում եւ դիտարկվում Կենտրոնական Ասիայից բեռները Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղով Միջերկրական ծով հասցնելու տրամաբանությամբ: Որեւէ այլ իմաստ՝ սահմանը երրորդ երկրերի քաղաքացիների համար բացելու համաձայնությունը, թերեւս չի կարող ունենալ: