19/02/2025

«Կոմունիստների օրոք» կառուցված ջրագծի խնդիրները չեն կարգավորվում. դրանք փտած են, խողովակները վերածվել են ցանցի

Ամառն ու շոգը ջրի հետ կապված մի շարք խնդիրներ են իրենց հետ բերում՝ խմելու ջրի պակաս, ոռոգման և հեղեղատար համակարգերի խնդիրներ, շարքը երկար կարելի է շարունակել:

«Հայկական ժամանակ»-ն այս անգամ ահազանգեր է ստացել ոռոգման համակարգերի տարատեսակ խնդիրների վերաբերյալ:

Մասնավորապես, Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչները նշում են, որ վերջին 3 տարին պարբերաբար խնդիրներ են ունեցել ոռոգման համակարգի հետ կապված, դրանք լուծում չստանալով՝ այս տարի հասել են վերջնակետին:

Բնակիչներից 63-ամյա Գրիգոր Թովմասյանը պատմում է, որ Նորք-Մարաշի ոռոգման համակարգը կառուցվել է «կոմունիստների ժամանակ»՝ առնվազն 47-50 տարի առաջ:

«47 տարի համակարգը գործել է կարելի է ասել լավ, մանր-մունր խնդիրներ եղել են, ժամանակի ընթացքում կարողացել են կարգավորել և բնակչությանը ոռոգման ջուր ապահովել: Արդեն 3 տարի է՝ համայնքի ղեկավարը Միքայել Օհանյանն է, և այդ տարիների ընթացքում Նորք-Մարաշ համայնքի կոնկրետ Արմենակյան փողոցի մի հատվածը և Նորքի այգիներ թաղամասը ոռոգման ջրից զրկված է: 2 անգամ անձամբ եմ եղել համայնքապետի մոտ, էլ չասեմ քանի անգամ ենք խնդիրը բարձրաձայնել, քաղաքապետին դիմել, քաղաքապետարանի թեժ գծին 4-5 անգամ զանգել, բայց պատասխան չկա, բոլորը «ցրում են»»,- ասում է Գրիգոր Թովմասյանը:

Վերջինս պատմում է, որ անցյալ տարի օգոստոսին ոռոգման համակարգը խափանվել է՝ խցանվել, խնդիրը կարճաժամկետ լուծում է ստացել, ապա՝ պարբերաբար կրկնվել: Այժմ համակարգը չի գործում, խողովակից ջուրը փակ է, քանի որ ամեն անգամ, երբ ոռոգման համակարգի խցանում է եղել, ջուրը հեղեղել է՝ վնասելով ու քանդելով նոր արված ասֆալտը:

«Ջուրը կա, այս պահին էլ կա, պարզապես խցանված է, ու չի հասնում բնակիչներին: «Վեոլիա ջուր»-ը կապ չունի, դա նրանց տիրույթում չի, կա քաղաքապետի որոշում, որ ոռոգման ջրի սպասարկումը դրված է վարչական շրջանների վրա, վերանորգման աշխատանքները պետք է իրենք կատարեն: Հիմա պարզապես փականից փակված է ջուրը, որպեսզի չհոսի ու 20 օր առաջ արված ասֆալտը չքանդվի, բայց այդ փականի վրա անգամ ոչ մի արգելք չկա, ցանկացած բնակիչ ցանկացած պահի կարող է «կլյուչով» բացել կամ փակել: Այս տարի ոռոգման սեզոնի սկզբին, բնակիչների կողմից լիազորված լինելով, գնացի վարչական շրջանի ղեկավարի՝ Միքայել Օհանյանի մոտ, խոստացավ, որ առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում հարցը լուծում է ստանալու, սակայն՝ ապարդյուն: Նորից եմ գնացել մոտը, խոստացել է 2-3 օրվա ընթացքում հարցը լուծել, դրանից հետո գնացել է արձակուրդ՝ հարցը թողնելով չլուծված»,- պատմում է Նորք-Մարաշի բնակիչը:

Գրիգոր Թովմասյանի խոսքով՝ 10 հեկտարի չափով տնամերձ տարածքների, և չոռոգվող հողատարածքների համար բնակիչները մեծ հարկեր են վճարում՝ որպես անշարժ գույք: Թովմասյանը մեկ այլ նկատառում էլ է անում՝ վերջերս նաև հանրապետության վարչապետն է բարձրաձայնել խմելու ջրի սղության խնդրի մասին, բայց վերոնշյալ թաղամասի բնակիչները ստիպված ոռոգումը կատարում են խմելու ջրի հաշվին:

«Որովհետև չենք կարող մեր այգիները, որոնք հիմնվել են 50 և ավել տարի առաջ, որ մենք ժառանգել ենք մեր ծնողներից, պապերից, թողնենք, որ չորանան. դրա վառ ապացույցը մեր խմելու ջրի հաշվիչների ցուցմունքներն են՝ մեծ գումարները: Մենք ստիպված, ուզած-չուզած, գոնե շաբաթը մեկ ծառերը ջրում ենք խմելու ջրով»:

Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարը՝ Միքայել Օհանյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, ի պատասխան մեղադրանքների ու պահանջների հայտնեց, որ քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրը կապված է ապօրինի կառուցված ոռոգման ջրագծի հետ:

«Այդ ջրագիծը ապօրինի է կառուցված մի խումբ բնակիչների կողմից: Տվյալ մարդը մեզ դիմել է անցյալ տարի և նախանցյալ տարի, միջանկյալ լուծումներ ենք տվել, իրենք օգտվել են, բայց չենք կարող անընդհատ գտնվել նույն շրջապտույտի մեջ ու միջանկյալ լուծումներ տալ: Տվյալ քաղաքացիների խումբը չունի պայմանագիր ջրային կոմիտեի հետ, այսինքն՝ իրենք այդ ջրի համար չեն վճարում, հետն էլ՝ այդ ջրագիծը կառուցված է ապօրինի: Վտանգ կա նաև, որ այդ ջուրը բացելու դեպքում վթար կարող է լինել և քայքայել նոր կառուցված ասֆալտը»:

Վարչական ղեկավարի խոսքով՝ նախատեսել են նախագծին ու ստանդարտներին համապատասխան նոր ջրագիծ կառուցել, որը հետագայում հանձնելու են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ին: Օհանյանը նկատում է՝ ընդհանուր առմամբ Նորք Մարաշում արդեն 4-5 նոր ջրագիծ է կառուցվել, որոնք համապատասխանում են սահմանված բոլոր ստանդարտներին:

«Ջրագծերը մենք հանձնում ենք հենց նույն «Կանաչապատման» ՀՈԱԿ-ին, բայց այդքանով հարցը չի ավարտվում, քանի որ ՀՈԱԿ-ը չի սպասարկում մասնավոր տներ, այլ սպասարկում է այգիներ, համայնքային կանաչ տարածքներ: Ջուրը վաճառողը ջրօգտագործման կոմիտեն է, տվյալ դեպքում կարգավորումը համայնքապետարանի տիրույթից դուրս է, պետք է քաղաքացին կա՛մ Ջրային կոմիտեի, կա՛մ «Կանաչապատման» ՀՈԱԿ-ի հետ պայմանագիր ունենա, որ ինչ-որ վճարման դիմաց ստանա ջուր»,- նշում է Միքայել Օհանյանը:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նշեց, որ եթե տարիներ շարունակ «Վեոլիա ջուր»-ը զբաղվել է խմելու ջրով, ապա ոռոգման ջրով կարելի է ասել տասնամյակներ շարունակ որևիցե մեկը չի զբաղվել:

Բեգոյանի խոսքով՝ ոռոգման համակարգը Երևանում գտնվում է շատ վատ վիճակում:

«Այնքան հնամաշ է ոռոգման համակարգը, որ ժամանակին երկաթյա խողովակներով անցկացվել է գետնի տակով և դրանք այլևս գոյություն չունեն, որոշ վարչական շրջաններում այն աստիճան են փտած, որ ցանցի են վերածվել այդ խողովակները: Օրինակ, Արաբկիր վարչական շրջանում ամեն օր 5 վթար ենք ունենում, այդ փտած խողովակաշարերից ջուրը սկսում է դուրս գալ և հոսել փողոցներով: Վթարավերականգնողական աշխատանքները կատարվում են մեր կազմակերպության կողմից»,- ասում է Բեգոյանը:

Վերջինիս խոսքով՝ այս խնդիրներին լուծում տալու համար խողովակաշարերը փոխվում են, հները՝ փոխարինվում նորերով:

«Ոռոգման համակարգերի բարեկարգման ծրագրերը բաժանված են երկու մասին, առաջինը՝ մայր խողովակաշարերն են, որոնց փոխարինումը Երևանի քաղաքապետարանի տիրույթում է, և որով զբաղվում է շինբարեկարգման վարչությունը՝ շինարարական կազմակերպությունները: Երկրորդը՝ մայր խողովակաշարից ավելի փոքր ոռոգման համակարգերն են, որոնց փոխարինմամբ զբաղվում է «Կանաչապատման» ՀՈԱԿ-ը»,- ասում է Բեգոյանը:

Նրա խոսքով՝ միայն անցյալ տարի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Երևան քաղաքում անցկացրել է ռեկորդային՝ 36 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգ, բայց դա բավարար չէ Երևանի խնդիրը լուծելու համար:

«Որովհետև հարյուրավոր կիլոմետրեր են այդ ոռոգման համակարգերը, որոնք պահանջում են թե՛ փոխարինում, թե՛ դրանց արդիականացում: Այս տարվա ծրագրերով նախատեսել ենք 20-25 կիլոմետր նոր ոռոգման համակարգի անցկացում «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի կողմից, և դրան գումարած մայր ջրատարերի շինարարական աշխատանքներ, որի պատվիրատուն հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունը»:

Անդրադառնալով կոնկրետ Նորք-Մարաշի դեպքին և ծագած խնդրին, Բեգոյանն ասում է, որ Երևանի քաղաքապետարանը ոռոգման համակարգն օգտագործում է իր կանաչ տարածքները պահելու՝ ոռոգելու համար, որոշ դեպքերում նաև արհեստական ջրավազաններում, շատրվաններում օգտագործելու համար:

«Նորք-Մարաշը որքան հասկանում եմ՝ սեփական սպեկտոր է, որը մեր տիրույթից դուրս է: Ընդհանուր ոռոգման համակարգի մատակարարումը Երևան քաղաքում գտնվում է «Երևան ջրօգտագործողների ընկերության» տիրույթում և ահա Երևան քաղաքի այն հատվածներում, ինչպիսին է Նորք Մարաշը, այդ սեփական տների սեկտորում Երևանի քաղաքապետարանը չունի այգիներ կամ ծառուղիներ, հետևաբար, չունենք նաև մեր կողմից սպասարկվող ջրագծեր, դա գտնվում է «Երևան ջրօգտագործողների ընկերության» տիրույթում, որը պետք է պայմանագրեր կնքի սեփականատերերի հետ և մատակարարի ոռոգման ջուր ըստ հաշվիչների՝ թե ով ինչքան է օգտագործել: Նույն վիճակն է նաև Խարբերդում, Դավթաշենի հատվածում, որովհետև քաղաքապետարանը չունի կանաչ սպասարկվող տարածքներ այդ հատվածենորւմ»,- ասում է Արմեն Բեգոյանը:

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ շատ դեպքերում բնակիչները նախկինում ապօրինի ջրատարներին միացված ջուրն են վերցրել և երբ խողովակաշար է փոխարինվում, արդեն այդ ամենը դուրս է գալսի «ջրի երես», և հետո բնակիչները կարող են բողոքել, որ ոռոգման համակարգը փոխելուց հետո իրենց բակի ոռոգման ջուրը կտրվեց:

«Սակայն ընդհանուր առմամբ, ոռոգման համակարգի խնդիրները շատ խորն են, որոնք Երևանի քաղաքապետարանի և պատասխանատու բոլոր կողմերի հետ փորձում ենք մեղամացնել»,-եզրափակում է Բեգոյանը: