16/09/2024

Լևոն Իվանյան. Մնջախաղացությունն իր բնույթով ավելի քան բարձր է՝ անգամ երաժշտությունից, ու տեսակներն են շատ …

1970 թվականների Մնջախաղի թատրոնը, որ այսօրվա նույնանուն թատրոնի հիմքն է, այն ժամանակի համար շատ բարդ ու շատ մեծ նվաճում էր, որ մինչև հիմա հիշվում է ու հատկապես այդ տարիները: Առանց թերագնահատելու մերօրյա Մնջախաղի թատրանի գործունեությունը, պետք է ասեմ, որ բարձրակետը անցած դարի 70-ականների կեսերին էր, նաև՝ իր նվաճումների առումով: Հիմա աշխարհը փոխվել է իհարկե, այնժամ Խորհրդային Միություն էր, բայց այնտեղ թատերական աշխարհը շատ ավելի բարձր մակարդակի էր, որ եթե հիմա այդպես լիներ, կարող էր աշխարհի ոչ մի երկիր չկարողանար մրցել նրա հետ:

Այսպես սկսեց մեր զրույցը Մնջախաղի ու առհասարակ Հայաստանում մնջախաղացության հիմնադիրներից, ռեժիսոր, բեմադրիչ, դերասան Լևոն Իվանյանը:

Դրա պատճառը պետության վերահսկողութունն էր, թե գլավլիտը … որի արդյունքում փնտրվում էին այլակերպ մոտեցումներ, որի արդյունքում էլ շահում էր արվեստը ու նրա որակը:

Կարծում եմ, մերօրյա դեմոկրատական կեղծ ազատությունը օգտակար չէ արվեստի որակի հարցում: Այն ժամանակ որոշակի սանդղակ կար դրված, որը հաղթահարելուն ձգտում էին բոլորը: Ավելի դետալային փորձեմ բացատրել. այն ժամանակ երբ ասում էինք սեր, դա չէր նշանակում գրկախառնություն, սեր՝ նշանակում էր հոգևոր ձգտում, մղում … հազար տեսակի բան, բայց ոչ գրկախառնություն ու անկողին: Դա թույլ էր տալիս բարոյական առումով միշտ գտնվել բարձունքի վրա, որը արվեստի հիմքն է:

Ինչ վերաբերում է շոու արվեստին, այդպիսի արվեստ չկա, բիզնես կա, արվեստը շոու չի կարող լինել: Արվեստն ավելի շատ փիլիսոփայական կատեգորիա է, էսթետիկա է, էթիկա է, քան՝ ժամանց: Ես նույնքան՝ 35-ական տարիներ ապրել եմ Խորհրդային Միության տարիներին ու անկախ Հայաստանի Հանրապետությունում՝ ազատ շուկայական հարաբերություններում, ես չսիրեցի շուկայական արվեստը: Այսօր կան տեխնոլոգիաներ, կարողությունների շատ ավելի մեծ բացահայտման հնարավորություններ, դիտարժանության, գրավվածության, ժամանցի մեծ տարրեր, բայց ոչ արվեստ:

Մնջախաղացությունը, Մնջախաղի թատրոնը հասկանալի է բոլոր ազգերին՝ զուտ այն առումով, որ այստեղ հիմնական գործիքը դերասանի մարմինն է, ֆիզիկականը: Կարող ենք ասել, որ այն, ինչ հնարավոր չէ արտահայտել խոսքով՝ կարելի է ներկայացնել մարդու մարմնի պլաստիկայով:

Հրաշալի հարց եք տալիս, ուզում եմ մանրամասնել. Երբ ասում են մնջախաղացությունը ժեստերի ու միմիկաների արվեստ է, դա այնքան պարզունակ մոտեցում է, որ անգամ վիրավորական է: Ժամանակին, այո, անգամ այդպիսի անվամբ թատրոններ էլ կային, որը բացասաբար ազդեց ու նման պատկերացում ձևավորեց շատերի մոտ: Բացի այդ, մնջախաղացությունը համարում էին խուլ ու համրերի համար նախատեսված թատրոն, որը շատ ավելի վիրավորական է …

Մնջախաղացությունն իր բնույթով ավելի քան բարձր է՝ անգամ երաժշտությունից: Մնջախաղացությունը արյան լեզու է, մարդու անբառ արվեստ, որը կարող է դրսևորվել և երաժշտության, և այլ միջոցների համադրմամբ, ու ամենակարևորը հուզականություն, զգացողություններ, պլաստիկա ու վերաբերմունք արտահայտել:

Մեր մաեստրո Երվանդ Քոչարի մոտ հաճախ հավաքվում էր երիտասարդությունը, ու նա բացատրում, ներկայացնում էր, որ օձն ու նրա զոհը, երբ որսից առաջ նայում են միմյանց, նրանց միջև ոչ մի բառ չի փոխանակվում, բայց երկուսն էլ հասկանում են, թե ինչ է կատարվելու հաջորդ վայրկյաններին: Այդպես է աշխարհում ամենաշատ հարաբերություններում …, որտեղ բառերը կարևոր չեն ու առանց բառերի կարելի է արտահայտել ամեն բան. հարգանքը, սերը, ակնածանքը, վերաբերմունքը, բոլոր հույզերը: Ի դեպ, ժամանակին այդպիսի լավ սովորույթ կար, երիտասարդությունը խմբվում էր հանրահայտ արվեստագետների շուրջն ու լսում նրանց:

Անցած դարի 70-ականներին էր բառուբանը շատ, թե՝ հիմա: Անընդհատ խոսքերի ու բարոյախրատական ճառերի, քարոզի, ու դրան ի հանդիման մնջախաղացության միջև, ինչպես այն ժամանակվա Հայաստանում, այնպես էլ հիմա, ըստ Ձեզ, որ մակարդակում է մնջախաղը:

Բարդ հարց եք տալիս. քանի որ այն ժամանակների արտիստ ու ռեժիսոր եմ, ով ճանապարհորդել է միության ամենափոքր ու մեծ քաղաքներում, նաև՝ արևելաեվրոպական երկրներում, այն կարծիքի եմ, որ ամենալավ հանդեսատեսը Հայաստանում է: Ես ոչ թե ազգային սնափառությունից եմ դա ասում, այլ իրականում այդպես է: Այո, մնջախաղն ընտրյալների արվեստ է, ոչ մասսայական, որը պահանջում է որոշակի հուզական պատրաստվածություն ու բարձր արժեհամակարգ, ինչը ունի հայ հանդիսատեսը: Շատ արվեստագետներ, ովքեր հյուրախաղերով հանդես են գալիս Հայաստանում՝ բարձրաձայնում են այդ մասին, նրանց այդ խոսքում ոչ մի կաթիլ արհեստականություն չկա, դա իսկապես այդպես է:

Հետևում եք Հայաստանում մնջախաղի զարգացմանը, ինչ վիճակ է, զարգանում է, արժանի փոխարինողներ կան:

50 տարի է Հայաստանում հերոսական աշխատանք է տարվում Մնջախաղի թատրոնը պահելու ու զարգացնելու համար: Սեփական շենք, թատրոնի տարածք չունենալով՝ ապահովվում է ստեղծագործական վիճակը, սակայն մարդկանց, նվիրյալների ներվերի ու համառ ջանքերի արդյունքում, շատ ծանր է տրվում ամեն բան: Համաշխարհային մրցունակ է պետք լինել ու մնալ, ինչը արվում է: Դատապարտված են որակ ապահովել, սակայն առանց պայմանների որակ ապահովել ու միշտ մրցունակ մնալն անհնար է:

Ինչպես Եվրոպայում, Հայաստանում էլ՝ մնջախաղային արվեստը տեղը զիջում է պարային բեմադրություններին, թե՝ այնուամնեյնիվ պահպանվում է ավանդականը:

Ինչպես դասականը, ջազը, էթնոն, ռոքը, արվեստի շատ ճյուղեր ու տեսակներ, յուրաքանչյուրը անսահմանափակ է իր տեսակներով: Մնջախաղում էլ տեսակները շատ են՝ դրմատիկ, կրկեսային, էքսցենտրիկ, գեղանկարչական, պարային … անսահման տեսակներ կան, տարածքի հարցը լուծվի, դուք կտեսնեք, թե քանի տեսակ մնջախաղային նորությունների ականտես կլինենք: Ես անցել եմ էստրադային, ջազային, դրամատիկ մնջախաղերով: Այնպես որ, որքան էլ պարը գերակշռի, դա ընդամենը մեկ ուղղությունն է մնջախաղում:

Կարծես՝ Մոսկովյան այգու հարևանությամբ, Հայ գրքի վարչության նախկին շենքում կառուցվում է տարածք Մնջախաղի պետական թատրոնի համար, այդպես չէ …

Երևանում հսկայական շինարարություններ կան, կարճ ժամանակում վեր են խոյանում բարձրահարկ շենքեր, սակայն քանի տարի է արդեն, որ կառուցում ու այդպես էլ չեն ավարտում Մնջախաղի թատրոնը, շենք էլ չէ, մի տարածք ընդամենը: 5 – 6 տարի է ինչ ծամոն են ծամում, ես չեմ կարողանում հասկանալ, ինչու չի ավարտվում մի փոքրիկ շինարարություն, դա նշանակում է, որ ուրիշ մտքեր կան, ուրիշ նպատակներ, ես չեմ ուզում ավելորդ դատողություններ անել, բայց առնվազն զարմանալի ու տարակուսելի է, թե այսքան տարիների ընթացքում ինչու չի ավարտվում մի փոքր շինարարությունը: Ես չգիտեմ, թե ում համար է այդ շինարարությունը, հաստատ մերոնց համար չէ, թող իրենց փուչիկները այլ տեղերում փչեն, գոնե արվեստագետի համար շատ պարզ է, որ ուրիշ, թաքուն ծրագիր է իրականացվում: Կառավարությունում՝ ղեկավարը, նախարարը խոսում են ու շինարարությունը կանգնած է, գոնե մի խոսեք, տնաշեններ …

Ներկա պայմաններում Հայաստանի Մնջախաղի թատրոնը պետք է վաղուց գոյություն չունենար, բայց՝ ունի, ու հրաշքը դա է:

Սիմոն Սարգսյան