Կառավարությունն օգոստոսի 8-ի նիստում քննարկել է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ՀՀ քաղաքացիներին նոր ձևաչափով նույնականացման քարտեր և բիոմետրիկ անձնագրեր տրամադրելու ծրագրի իրականացումը։
Այդ համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց՝ կունենաք անձնագրեր կամ նույնականացման քարտեր, որոնք հնարավարություն են տալու ՀՀ քաղաքացուն սահմանն անցնել առանց ֆիզիկական կոնտակտի որևէ սահմանապահի հետ, այդ թվում նաև Եվրոպական սահմանը:
Արձագանքելով, ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց՝ իրականում պրոցեսը հենց դրան է միտված. «Մենք ՀՀ-ում ճիշտ բիոմետրիկ տվյալների համակարգ ներդնելու պայմաններում կարողանանք մեր քաղաքացիներին որպես ծառայություն նաև այդ հնարավորությունը տալ:
Այս պահի դրությամբ ինչո՞ւ այդ համակարգը չի կարող գործել, որովհետև մենք ուղղակի բիոմետրիկ համակարգ չունենք, մենք չենք ուզում մեր քաղաքացիներին առաջարկել կենսաչափական անձնագիր, և դրա հետևում չլինի աշխատող ներդրված ենթակառուցվածք:
Այս պրոցեսներն այնպես են գծագրվել, որ ողջամտորեն ընտրված ժամկետներում ՀՀ-ում այնպիսի ենթակառուցվածքներ ներդնենք, որը տասնյակ տարիներ կկարողանա ծառայել որպես լավ հենք»:
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց՝ այս պահի դրությամբ այդ ծառայությունները շատ հաճախ մատուցվում են ոստիկանության շենքերում՝ անձնագրային ծառայություններին հատկացված գրասենյակների միջոցով, որը, մեղմ ասած, չի բավարարում հանրային ծառայությունների մատուցման այն ստանդարտին, որը ցանկալի է տեսնել ՀՀ-ում:
«Հետևապես, պայմանագրի շրջանակներում գրասենյակները կլինեն մասնավոր գործընկերոջ կողմից ձեռք բերված գրասենյակներ, բնականաբար, ոչ ոստիկանական շենքերում, և դրանք կունենան սպասարկման որակին համահունչ պայմաններ և սերվիս»,- նշեց Սարգսյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքվեց՝ բացի գրաենյակներից, արդյո՞ք պահպանվելու է օնլայն կապը քաղաքացիների հետ, ինչին Սարգսյանն արձագանքեց. «Վստահաբար լինելու է թե՛ դեմ առ դեմ ձևաչափով ծառայությունների մատուցման կոմպոնենտը, և թե՛ օնլայն հարթակի միջոցով ծառայությունների մատուցման կոմպոնենտը: Մեր քննարկումները թույլ են տալիս վստահաբար նշել, որ որակավորված հայտատուները կներկայացնեն այնպիսի լուծումներ (ընդ որում՝ խոսքն անգամ դիմումների ներկայացման, ծառայությունների մատուցման, առաքաման ձևաչափի մասին է), որ վերջում կտեսնենք բավականին նոր և լավ լուծումներ քաղաքացիների համար»:
Մհեր Գրիգորյանը նաև հետաքրքրվեց՝ ըստ ժամանակացույցի շարժվելու դեպքում անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման նոր ձևաչափը ե՞րբ կմեկնարկի, ինչին Սարգսյանը պատասխանեց. «Եթե պրոցեսն ամբողջովին հարթ ընթանա, 2025 թվականի մարտին կունենանք հաղթող ընկերություն, որի հետ կունենանք պայմանագրի կնքում մինչև 1 տարի ժամկետով՝ 2026 թ. մարտը, մեր հաղթող գործընկերը կապահովի ենթակառուցվածքը, որից հետո միանգամից անցում կկատարի ծառայությունների մատուցմանը»:
ՀՀ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց նախագծի փոփոխությունները, որոնք վերաբերում են պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ՀՀ քաղաքացիներին նոր ձևաչափով նույնականացման քարտեր և բիոմետրիկ անձնագրեր տրամադրելու ծրագրի իրականացմանը։
Նրա խոսքով՝ այս նախագծով կարգավորվում են արդեն երկրորդ՝ բուն մրցութային ձևաչափին վերաբերող հարցեր, որոնք թույլ կտան ավելի որակյալ իրականացնել պրոցեսը և ընտրել լավագույն մատակարարին, որը կկարողանա մատուցել ծառայությունը․
«Երբ մեկնարկում էր ծրագիրը, մենք նախ իրականացրել ենք շուկայի ուսումնասիրություն, որպեսզի հասկանանք՝ ինչպիսի մատակարարներ կան և ինչպիսի առաջարկ կարող են տրամադրել մեր կարիքներին համապատասխան։ Դրա հիման վրա ձևավորվել է ծրագիրը։ Առաջինը եղել է որակի համապատասխանության փուլը, որի շրջանակներում ունեցել ենք 5 միջազգային առաջատար ընկերությունների հայտավորում, որոնք միջազգային ասպարեզում բիոմետրիկ անձնագրերի, նույնականացման քարտերի և նորարարական լուծումների մատուցման տեսանկյունից ունեն բավական հարուստ փորձառություն»,- ասաց նա։
Փոխնախարարը նկատեց՝ 5 առաջատար ընկերությունից որակավորվել է 3 արտասահմանյան ընկերություն՝ 2 գերմանական և 1 ֆրանսիական։ Առաջին փուլի արդյունքում հանրայնացվել են 3 որակավորված հայտատուի տվյալներ։ 2-րդ փուլին ընդառաջ, որը բուն մրցույթն է, պետք է ընտրվի հաղթող թեկնածու․ «Ըստ էության, առաջարկի հարցումն է, որին նախորդում է այս 3 հայտատուի հետ բանակցությունների փուլը։ Այժմ բանակցությունների փուլն է, և մենք հայտատուներից ունենք խնդրանք, որպեսզի մի փոքր երկարաձգենք իրենց կողմից վերջնական առաջարկների և խնդիրների քննարկման փուլը, որպեսզի մենք առաջարկի հարցումը ձևակերպենք շատ ավելի գրագետ և վերջնական, որովհետև այս փուլն ամբողջ պրոցեսի ամենակարևոր փուլն է, և այստեղ սխալվելու հավանականություն ունենալ չենք կարող»։
Մինչև տարեվերջ գործընկերները կարող են ներկայացնել իրենց վերջնական առաջարկը ծառայությունները մատուցելու համար։ 2025 թվականի սկզբին կսկսվի գնահատման պրոցեսը։ Մարտին կլինի հաղթող ընկերություն, որին կհաջորդի պայմանագրի կնքումը, հաղթած ընկերությունը 10 տարի ժամկետ կունենա ծառայությունը մատուցելու համար։
Բաց մի թողեք
Տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը
Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, որ Հայաստանը ետ է կանչել իր ստորագրությունը Պուտինի ձերբակալության հարցում
«Այսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է, ես շնորհակալ եմ այսօրվա ընդդիմությանն իրենց գոյության, իրենց աշխատանքի համար»․ Սիմոնյան