20/09/2024

Հրդեհ է բռնկվել ՌԴ ռազմական օբյեկտում․ Վոլգոգրադի օդանավակայանը սահմանափակել է թռիչքները

Անցած գիշեր ռուսական հակաօդային պաշտպանությունը Ռուսաստանի վեց շրջանների վրա ոչնչացրել և որսացել է 28 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Անցած գիշեր, երբ Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձել է ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա, հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրելև որսացել են 28 ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տասներեք անօդաչու թռչող սարք է խոցվել Վոլգոգրադի շրջանի, յոթը՝ Ռոստովի, չորսը՝ Բելգորոդի, երկուսը՝ Վորոնեժի, և մեկական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի և Կուրսկի շրջանների վրա։

Վոլգոգրադի շրջանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Մարինովկայի շրջանում գտնվող ռազմական օբյեկտում։ Այս մասին հայտնում է մարզային վարչակազմի Telegram ալիքը՝ նահանգապետ Անդրեյ Բոչարովին հղումով։

«ԱԹՍ-ի ընկնելու հետեւանքով հրդեհ է բռնկվել ՊՆ օբյեկտի տարածքում։ Հրշեջ-փրկարարական ծառայություններն օպերատիվ կերպով սկսել են մարել կրակը։ Տուժածներ չկան»,- ասաց շրջանի ղեկավարը։

Վոլգոգրադի օդանավակայանը թռիչքների սահմանափակումներ է մտցրել տարածաշրջանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։

«Տարածաշրջանում ներդրված օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում կամ ուղարկում ինքնաթիռներ», – ասել է օդանավակայանի ներկայացուցիչը: