Թեև Հայաստանը համարվում է անվտանգ երկիր և անգամ, ըստ Numbeo-ի, երկրների անվտանգության ինդեքսի՝ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում 7-րդն է, սակայն, կրիմինալը Հայաստանից ոչ մի տեղ չի գնացել, հակառակը՝ այժմ «կրիմինալի բում է» Հայաստանում։
Անչափահասներին առևանգում են խոշոր գումար շորթելու նպատակով, աղջիկներին շարունակում են «փախցնել» անգամ 21-րդ դարում, և այս ամենը տեղի է ունենում ամենաանվտանգ երկրներից յոթերորդում։
MediaHub-ը հարցում էր ուղարկել ՆԳՆ: Նախ, հետաքրքրվել էինք, թե 2020 թվականի հունվարից սկսած մինչ 2024թ․ օգոստոս ընկած ժամանակահատվածում քանի՞ անչափահաս երեխայի առևանգման դեպք է գրանցվել Հայաստանում:
«2020թ․–ի հունվարից սկսած մինչ 2024թ․ օգոստոս ընկած ժամանակահատվածում առևանգման դեպք անչափահասների նկատմամբ կատարվել է 25: 4 առևանգման դեպք կատարվել է շահադիտական դրդումներով»,- հայտնել է իրավապահ կառույցը։
Իսկ թե անչափահասներին ապօրինի ազատությունից զրկելու քանի՞ դեպք է արձանագրվել Հայաստանում հիշյալ ժամանակահատվածում խոշոր գումար շորթելու նպատակով, ՆԳՆ–ից մեզ պատասխանեցին. «2020թ․–ի հունվարից սկսած մինչ 2024թ․ օգոստոս ընկած ժամանակահատվածում անչափահասներին ապօրինի ազատությունից զրկելու դեպք կատարվել է 5: Ապօրինի ազատությունից զրկելու դեպք շահադիտական դրդումներով կատարվել է 2»։
Իսկ ինչ վերաբերում է ամուսնության նպատակով «աղջիկ փախցնելուն», ապա տվյալներ չեն փոխանցվել MediaHub-ին։ «Ամուսնության նպատակով կատարված առևանգումների վերաբերյալ տվյալներ հնարավոր չէ տրամադրել նման հաշվառումներ չլինելու պատճառով»,- պատասխանել է ՆԳՆ-ն։
Բաց մի թողեք
Հայկական Կարմիր խաչը նոր նախագահ ունի. ընկերության ներսում եղած «աղմուկը», սակայն, չի դադարել
Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ և հիվանդանոց են ընկել
5-րդ բանակային կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. Լուսանկար