20/09/2024

Ինչ են քննարկել «հայաստանցիները» Ռոբերտ Քոչարյանի հետ

Մենք գրել էինք, որ անցած շաբաթ Բյուրականում «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, արտագնա նիստ է անցկացրել։ Դաշինքից պաշտոնական հաղորդագրություն տարածեցին․ «Նիստի ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցեր, այնպես էլ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանի եւ, մասնավորապես, Հայաստանի վրա։ Քննարկվել են նաեւ ԱԺ առաջիկա նստաշրջանում խմբակցության անելիքները»։

Հրապարակ թերթը գրել է․ Խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Քրիստինե Վարդանյանից փորձեցինք մանրամասներ իմանալ արտագնա նիստի մասին։

– Իրականում արտառոց որեւէ բան տեղի չի ունեցել․ վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած քննարկումները պարբերական են։ Իսկ նստաշրջաններից առաջ պարտադիր է դարձել խմբակցության այս ֆորմատի նիստերը, քննարկում ենք տարբեր հարցեր՝ ե՛ւ մարտավարությանը վերաբերող, ե՛ւ նստաշրջանին վերաբերող։

Այս քննարկումն էլ վերաբերել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, զարգացումներին, արտաքին գործընթացներին, մեր ընդհանուր գործելաոճին եւ այլն։ Կարող եմ ասել, որ բոլորիս համաձայնությունն այն է, որ պետք է շատ ավելի ակտիվորեն օգտագործել խորհրդարանական գործիքակազմերը՝ երկրում առկա խնդիրները բարձրաձայնելու եւ դրանց լուծում տալու հարցում։

– Դուք ավելի շատ ռուսական  կողմնորոշում ունեք, հաշվի առնելով, որ ՌԴ-ն տարածաշրջանում ակտիվություն է դրսեւորում՝ Պուտինի այցելություն Բաքու, Փաշինյանի հետ հեռախոսազրույց, Լավրովի նախազգուշացում, հնարավո՞ր է, որ առաջիկայում դուք ավելի ակտիվ լինեք, հակաիշխանական պայքար նախաձեռնեք փողոցում։

– Մենք որեւէ կողմնորոշման կրող չենք, առավել եւս՝ որեւէ աշխարհաքաղաքական բեւեռի կողմնակից չենք, մենք հայկական շահի պաշտպանության կողմնակից ենք, ոչ թե արեւմտամետ կամ ռուսամետ ենք, այլ, կոպիտ ասած՝ հայամետ ենք։ Ինչ վերաբերում է արտաքին գործոնով պայմանավորված պայքարին, ապա նախ ուզում եմ ասել, որ մենք երբեւէ պայքարը չենք էլ դադարեցրել, դա ժամանակի ընթացքում՝ 2020-ից հետո տրանսֆորմացվել է, տարբեր հարթակներում է պարբերաբար ակտիվ եղել, բայց որեւէ պահ այն չի դադարել։ Բնականաբար, պայքարը շարունակվում է, ու այդ ճանապարհին բոլոր գործիքակազմերն օգտագործելու ենք, մեր պայքարը որեւէ արտաքին գործոնի հետ կապված չէ, այն իրավիճակի գնահատականի եւ պետության վիճակի հետ է կապված։

– Հնարավո՞ր է՝ ինքներդ առաջնորդեք հակաիշխանական պայքար, թե՞ շարունակելու եք աջակցել պայքարողներին։

– Հայաստանում մայիսից սկիզբ է առել Սրբազան շարժումը, հռչակել են իշխանության հրաժարականի պահանջը եւ մտադիր են աշնանից կրկին գործողություններ ձեռնարկել, մենք, ինչպես մայիսին, այնպես էլ առաջիկայում պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը շարժմանը։ Եթե որեւէ  գործողություն նախաձեռնենք մեր մասնակցությամբ, դրա մասին կտեղեկացնենք նախապես։ Այս փուլում ուժի մեջ են այն հայտարարությունները, որ արել ենք․ այս պահին աջակցում ենք Բագրատ սրբազանի շարժմանը։

– Ռոբերտ Քոչարյանը գո՞հ է ձեր խմբակցության աշխատանքից, թե՞ ավելին է ակնկալում։

– Քննարկումները եւ զրույցներն ինչ-որ անձանց շուրջ չեն, մենք  թիմային քննարկումներ ենք ունենում՝ մեր մարտավարության, անելիքների վերաբերյալ, ու խնդիրը որեւէ մեկի ակնկալիքները քննարկելը չէ։

– Օրինակ՝ քննարկեցի՞ք, թե ինչու է արդեն որերորդ տարին ձախողվում հակաիշխանական պայքարը, ովքե՞ր են թերացողները, ի՞նչն այնպես չեք  անում, կամ գուցե այլ պատճառներ կան։

– Միանշանակ, ադեկվատ քաղաքական ուժերը, մենք էլ բացառություն չենք, քննարկում են՝ որտեղ են թերացումները, պակասող բաղադրիչները, որի պատճառով Հայաստանում դեռեւս իշխանությունը ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն են։ Պատասխանները ռացիոնալ դաշտում են եւ շատ ավելի բարդ են, քան կարող են մեր հայրենակիցներից շատերն ակնկալել։ Բնականաբար, մենք գործ ունենք ուժային կառույցների ամբողջական լծակներին տիրապետող  իշխանությունների հետ, անսահմանափակ ֆինանսական եւ այլ ռեսուրսներ ունեցող, կոնկրետ աշխարհաքաղաքական աջակցություն ունեցող ուժի հետ, եւ, բնականաբար, որեւէ ակնկալիք չկա, որ այս պայքարը հեշտ է լինելու, մանավանդ որ ցանկացած ընդդիմություն ավելի քիչ ռեսուրսներ է ունենում, քան այդ պահին իշխանության եղած ուժը։ Այստեղ  խնդիր է առաջանում՝ կառուցել փոխվստահություն հանրության լայն շերտերի հետ, ընդլայնել փոխվստահության մթնոլորտը եւ հանրային լայն շերտերի հետ ավելի ակտիվ ու տեւական  աշխատանքներ տանել։ Քննարկում ենք խնդիրները եւ փորձում աշխատանքները տանել ըստ վերլուծության։

– Ձեր կարծիքով, ընդդիմությունը` ի դեմս ձեզ, ձեր առաջնորդի, իր տնօրինած ռեսուրսներն ամբողջությամբ ներդնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում։ Օրինակ, հանրության որոշ խմբեր  ակնկալում են, որ եթե Ռոբերտ Քոչարյանն անձամբ լծվի պայքարին, գուցե այլ պատկեր ունենանք։

– Բնականաբար, կա ռեսուրսների ավելի ակտիվ օգտագործման խնդիր, բայց խոսքը, չեմ կարծում, այն ռեսուրսների մասին է, որը Դուք նկատի ունեք։ Իսկ եթե խոսքը գնում է երկրորդ նախագահի կողմից ընդդիմադիր շարժումն առաջնորդելուն, չեմ կարծում, թե ինքը նման խնդիր ունի, մենք տեսել ենք նման ակտիվ փուլ։

– Այս աշնանը հնարավո՞ր է այդ ակտիվ փուլի կրկնությունը տեսնենք։

– Ես արդեն ասացի՝ այս փուլում ինչ դիրքորոշում ունենք, որեւէ այլ փուլի մասին կլինի հայտարարություն: