«Հրապարակ»-ի զրուցակիցը քաղաքագետ, Արցախի հարցով հանձնախմբի անդամ Կարեն Բեքարյանն է։
– Նախ՝ խնդրում եմ խոսեք Արցախի հարցերով հանձնախմբի գործունեության մասին, որի օրակարգում արցախցիների վերադարձի խնդիրն է՝ ի հեճուկս ՀՀ իշխանությունների, որոնք շարունակում են չտեսնելու տալ խնդիրը։
– Երեւի ճիշտ չի լինի, որ ես անդրադառնամ հանձնախմբի գործունեության բոլոր էլեմենտներին, որոնցից մի մասը տեսանելի է, մյուսը՝ ոչ այնքան, եւ դա բնական է։ Հանձնախումբն իր աշխատանքներում՝ թե՛ միասնական, թե՛ անհատական կամ խմբային՝ կախված իրավիճակից, հետապնդում է մեկ կարեւոր խնդիր՝ բոլոր հնարավոր եղանակներով հասնել այն կոնսենսուսին՝ տարբեր գործընկերների հետ, որ հնարավոր չէ, օբյեկտիվ չէ եւ անկարելի է այն վիճակով, որն այսօր առկա է, Արցախի հարցը փակել։ Այսինքն, Արցախ՝ իրենց տներ, մեր հայրենակիցների անվտանգ եւ ապահով վերադարձի առաջնահերթությունը պետք է մնա օրակարգում՝ որպես կարեւորագույն հարց, որը, ի դեպ, շատ ուղղակի կապված է տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հնարավորության տեսլականի հետ, որովհետեւ, եթե այս հարցը, որն իր մեջ ունի այսքան մարդկային ճակատագրերի եւ հայրենազրկման խնդիր, իր լուծումը չի ստանում, ցանկացած երկարաժամկետ խաղաղության դեկլարացիա կամ պատկերացում իր տակ օբյեկտիվ հիմք ունենալ ուղղակի չի կարող։ Եվ ի՞նչն է շատ կարեւոր ու հետաքրքիր․ հանձնախմբի տարաբնույթ արտաքին շփումներում չկա խնդիր, թե սա չեն պատկերացնում, չեն հասկանում ու չեն տեսնում, իրականության մեջ այդ խնդիրը չկա։ Այսինքն, ըստ պետությունների եւ կառույցների, այսրոպեական խնդիրը մի բան է, ընկալելը, որ խնդիրն այս ձեւով չի կարող փակված լինել, այլ բան է։ Այդ ընկալումը կա, բայց ամենակարեւոր խնդիրը, որ այս ընկալումների ներքո անգամ, հարցի առաջմղումն էապես դանդաղում է, այն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով՝ ի դեմս իր իշխանությունների, իր օրակարգում չունի այդ խնդիրը։ Փորձենք պատկերացնել նույն միջազգային գործընկերների արձագանքը․ երկիրը, որը պետք է բոլոր օբյեկտիվ հիմքերով այս խնդրին հետամուտ լինողը լինի, դա չի անում։ Սա ամենաէական խոչընդոտն է։ Մյուս կողմից, եթե բոլոր հնարավոր հարթակներով մենք այս խնդիրն առաջ չենք մղում, նշանակում է, որ այդ էջը կշրջվի, իսկ ի՞նչ է նշանակում էջը շրջել։ Որ պահին Արցախի էջը շրջվում է, իրականության մեջ նոր էջ է բացվում, որի անունը կարող է լինել Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք․․․ Սա պետք է մեզ համար տեսանելի լինի, որովհետեւ այդ սցենարն ապացուցվում է ամենօրյա ռեժիմով՝ Ադրբեջանի պահվածքով, Թուրքիայի պահվածքով, թուրք-ադրբեջանական տանդեմի պահվածքով։ Մենք պետք է հասկանանք, որ Արցախ վերադարձի խնդիրն ունի ե՛ւ շատ կարեւոր հումանիտար բաղադրիչ՝ մարդու իրավունքների անհատական ու հավաքական իրացման ծիրում, բայց սա նաեւ անվտանգային խնդիր է, սա քաղաքական խնդիր է եւ տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղության ու կայունության խնդիր է։ Եթե մենք սա չենք պատկերացնում, ոչ միայն ազգային պետական շահերին չենք նպաստ բերում, այլեւ՝ իրական եւ ոչ թե հորինված, իմիտացիոն խաղաղությանը։ Սա է ամբողջ հարցը։
– Հարցի լուծման հնարավորության տեսանկյունից արտաքին ի՞նչ ազդակներ եք տեսնում։ Վերջերս Տոյվո Կլաարն էր խոսել այդ հարցով Բաքվի ու արցախցիների միջեւ ուղիղ բանակցությունների անհրաժեշտության մասին, ժամանակ առ ժամանակ ռուսական կողմն է շոշափում հարցը։ Տեսանելի՞ են մեխանիզմները։
– Չեմ կարծում, թե մեխանիզմների, նրանց ընտրանքի կամ հնարավոր տեսակների հետ կապված խնդիր կա։ Այստեղ խնդիրն այն է, թե այս հարցը որքանով է օրակարգում եւ որքանով է այդ օրակարգում ամուր։ Պարզ է, չէ՞, որ այն ամուր է, եթե պետության օրակարգում է, բայց եթե Հայաստանի Հանրապետություն միջազգային իրավունքի սուբյեկտ պետության կողմից չի դրվում, այլ որեւէ այլ եղանակներով, կշռի բավականին լուրջ եւ բնական տարբերություն է առաջանում։ Առաջանում է նաեւ այլ խնդիր՝ քո պոտենցիալ գործընկերը, որը քեզ հետ բանակցում է այս հարցի շուրջ, մտահոգվում է, հայտարարություն կամ հնարավոր գործողություն է անում, կանգնում է հետեւյալ հարցի առաջ՝ բայց մեկ վայրկյան, Հայաստանի Հանրապետությունը՝ իր իշխանությամբ, իմ առաջ այս խնդիրը չի դնում, էլ չասենք, թե ինչպես է դնում, որ անգամ հարցի առաջ ես կանգնում՝ ավելի լավ է դնի՞, թե՞ ոչ։ Այսինքն, իրականում մեխանիզմների խնդիր չկա, աշխարհն ունեցել է եւ ունի բազմաթիվ կոնֆլիկտներ՝ դրանց տրանսֆորմացիայի եւ լուծումների տարաբնույթ եղանակներով, եւ այնպես չէ, որ հիմա ինչ-որ բաներ պետք է հորինվեն։ Ո՛չ, խնդիրն այստեղ չէ։
– Ադրբեջանը Հայաստանից պահանջում է համատեղ ուժերով լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն։ Թե ինչու է անում, հասկանալի է, բայց ՀՀ իշխանությունը չի ասում «ոչ»։ Այս քայլով համատեղ փակելո՞ւ են այն էջը, որի մասին ավելի վաղ խոսեցիք։
– Ադրբեջանի կողմից այդ ձգտումը, իր շահերի տեսանկյունից, առավել քան հասկանալի է, որովհետեւ Ադրբեջանի մեծագույն ցանկությունն է՝ վերջնականապես այդ էջը փակել, այսինքն՝ ոչ միայն փակել այսօրվա կտրվածքով, այլեւ փակել ընդհանրապես, իսկ ընդհանրապեսի ներքո նրանք դիտարկում են հարցը փակել Հայաստանի կողմից հնարավոր շոշափման համատեքստում, եւ այստեղից է գալիս Սահմանադրության փոփոխության պահանջը։ Մյուս կողմից՝ փակել միջազգային այն դերակատարների եւ լեգիտիմ ինստիտուտների մասով, որոնք այս խնդրի հետ ունեն ուղղակի առնչություն, իսկ առաջին եւ կարեւորագույն այդպիսի ինստիտուտը ԵԱՀԿ-ն է՝ Մինսկի խմբի համանախագահությամբ: Հետեւաբար, Ադրբեջանը երկու գծի վրա էլ լուրջ ռեսուրսներ դնելով` հարձակողական աշխատանք է իրականացնում, դարձնելով այն նախապայման եւ փորձելով մարսեցնել միջազգային հանրությանը։ Եկեք փորձենք սա հասկանալ ՀՀ ազգային պետական շահի տեսանկյունից կամ Արցախի եւ արցախահայության շահերի տեսանկյունից։ Պարզ է, որ լրիվ հակառակն է, բայց կրկնեմ՝ խնդիրն այն է, որ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ Հայաստանի կողմից սրան դիմադրող, արգելակող ոչինչ չկա, ընդհակառակը՝ տպավորություն կա, որ գլոբալ համաձայնությունն այս հարցով էլ արդեն կա, ու խնդիրը միայն նրանում է, թե այն երբ կիրականացվի՝ դրանից բխող բոլոր պրոբլեմներով։ Արցախի հարցը փակելու, վերջնականապես թաղելու Ադրբեջանի միտմանը՝ ոչ միայն ներկա կտրվածքով, այլեւ ապագայի իմաստով, այս իշխանություններն աջակցում են։ Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ այս իշխանությունները փորձում են ավիրել մեր անցյալը, ավիրել մեր ներկան, ու հիմա արդեն ապագան ավիրելու գործընթաց է սկսվում։
– Օգոստոսի 23-ին՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա ուղերձում Փաշինյանը նորից կասկածի տակ է դրել այդ հիմնարար փաստաթղթի նշանակությունը եւ յուրովի է մեկնաբանել Սահմանադրության մեջ դրան արված հղման նշանակությունը։ Նա հերթական անգամ ընդունե՞ց Ադրբեջանի նախապայմանը։
– Իրականում, մենք մի բան էլ պետք է նկատի ունենանք, երբ Ադրբեջանը Սահմանադրության փոփոխության պահանջ է դնում, քաղաքական-փորձագիտական ու լրատվական դաշտի ընկալումներում բացատրությունը միայն հանրային տեսանելի տեղեկատվության ուղղությամբ է գնում՝ որ Ադրբեջանի պահանջն առնչվում է Անկախության հռչակագրի հղմանը, բայց մի պարզ հարց եմ ուզում հնչեցնել․ մենք վստա՞հ ենք, որ Ադրբեջանի պահանջը միայն դրան է առնչվում։ Այս տարիների փորձը ցույց է տվել, թե ինչ լրջության խնդիրներ են եղել, որոնք հանրությանը չեն մատուցվել, եւ միայն հետո պարզվել են՝ արդեն որպես տեղի ունեցած փաստ, տրված խոստման իրականացման փուլում կամ ստանձնած պարտավորության։ Ի դեպ, գրավոր, թե բանավոր` էական չէ, հետեւաբար, անգամ այստեղ խնդիր կա, որ երբ Ադրբեջանից այդ պահանջը գալիս է դեպի Սահմանադրություն, եւ երբ դու այն դիտարկում ես Ադրբեջանի բոլոր նախապայմանների համատեքստում, հեչ միանշանակ չէ, որ խնդիրը վերաբերում է միայն Անկախության հռչակագրից հրաժարվելու միջոցով Արցախի էջը փակելուն։ Ես ուզում եմ, որ մենք սա էլ նկատի ունենանք։ Երկրորդ․ այստեղ մեկ այլ հանգամանք կա, եթե գործող իշխանությունը Սահմանադրության հետ կապված պրոբլեմ է տեսնում, ուրեմն առաջին հերթին պետք է պրոբլեմ տեսնի իր լեգիտիմության հետ, որովհետեւ, եթե այդ Սահմանադրությունը պրոբլեմ ունի, ինքն ինչո՞վ է եկել իշխանության։ Սա էլ հարցի բոլորովին այլ կողմն է։ Այսինքն՝ մենք գործ ունենք մի պարադոքսալ իրավիճակի հետ, երբ երկրի իշխանությունները սեփական ազգային-պետական շահերին հետամուտ լինելու փոխարեն դրանց հետեւողական առաջմղման հետ ոչ միայն որեւէ կապ չունեն, այլեւ թելադրանքով հակառակ գործողություններն են իրականացնում։
– Դատելով աշխարհաքաղաքական բեւեռներից հնչող ուղերձներից՝ առաջիկայում Սյունիքով միջանցքի շուրջ զարգացումները չեն ուշանա, տպավորություն է, որ խնդիրը ոչ թե միջանցքի բացման, այլ դրա նկատմամբ վերահսկողությունն է։
– Այդ պայքարը նոր չէ, եւ այդ մասին առիթ ունեցել ենք խոսելու։ Այստեղ խնդիրն այն է, որ այս կամ ցանկացած այլ հարցի վրա եթե իրավիճակը պրոյեկտենք, մի կարեւոր հարց է առաջանում՝ Հայաստանը ներկայացնողներն այդ գործընթացներում որեւէ մեկի գործընկե՞րն են, այսինքն՝ օբյե՞կտ են, թե՞ սուբյեկտ։ Երկրի սուբյեկտայնությունը հասցված է այնպիսի ցածր վիճակի, եթե չասենք՝ զրոյացված է, որ ուժային կենտրոնների պայքարը մղվում է ոչ թե մեզ հետ գործընկերության, այլ՝ մեզ վրա։ Այստեղ շատ լուրջ խնդիր կա, եւ նույնը վերաբերում է այդ, այսպես կոչված, միջանցքին։ Մենք մի բան չպետք է մոռանանք, որ ինչ գործողություններ էլ փորձեն իրականացնել իշխանությունները, փաստ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն այս խնդիրը բարձրացրել է իրավական մակարդակի երկրներից յուրաքանչյուրի համար։ Ես հիշեցնեմ, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար Շուշիի դեկլարացիան իրավական փաստաթուղթ է՝ վավերացված նրանց խորհրդարաններում, հետեւաբար, որքան էլ դու ուզում ես ճչալ եւ աղաղակել, թե այդ հարցը չկա, թե այն կարողացել ես տրանսֆորմացնել, այս անել, այն անել, միեւնույն է՝ քեզ Սահմանադրության փոփոխություն պարտադրողն այդ հարցն իր համար իրավական է դարձրել։
– Իշխանափոխություն իրականացնել դեռ չի հաջողվում, բայց պրոցեսները չեն սպասում․ այս պայմաններում ի՞նչ հնարավորություն կա՝ գործընթացները, եթե ոչ կանգնեցնելու, գոնե դանդաղեցնելու։
– Ես ցավով պետք է նշեմ, որ արդեն տարիներ շարունակ մենք զգուշացնում ենք՝ այս իշխանությունների՝ իշխանություն լինելու յուրաքանչյուր եռամսյակը, ամիսը, օրը իրավիճակը միայն վատթարացման է տանում։ Այսինքն՝ երբ Դուք հարցնում եք, թե ինչ հնարավորություն կա, ապա ցանկացած հնարավորության պատուհան այս իշխանության պարագայում գնում է փակման, փոխարենը բացվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկությունների հընթացս կատարման, զարգացման, ախորժակի բացման եւ նոր պայմանների պատուհանը, եւ պատուհանները շատ լայն բացվում են։ Սա է այսօր գործընթացը, որքան էլ մեր հանրությունը կամ նրա մի հատվածը փորձի՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար, այդ գլխացավանքն իրենից հետ մղել, դրա հետ իբրեւ թե առնչություն չունենալ, դրանից իրականությունը չի փոխվում։ Հանրության մի մասը սա իր համար չֆիքսելով՝ ուղղակի մտել է ջայլամի քաղաքականության մեջ, նրան թվում է, որ եթե ինքը թաքնվել է, ուրեմն այդ խնդիրները չկան, բայց դրանք կան եւ ամեն օր մեզ ջարդելով, փշրելով ընթանում են։
Բաց մի թողեք
Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվել. Լուսանկար
Իրավիճակը Արցախի էթնիկ զտումից ու զավթումից մեկ տարի անց
Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով