Արցախցիների բնակարանային ապահովման պետական ծրագիրը շուրջ երեք ամիս է՝ գործում է, սակայն մինչ այս պահը տեղահանված որեւէ ընտանիք դեռ բնակարանատեր չի դարձել։ Այդքան թմբկահարված ծրագրով ընդամենը 30 ընտանիք հավաստագիր է ստացել, բայց դեռեւս չեն իրացրել, բնակարան չեն գնել կամ կառուցել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվել էինք՝ քանի արցախցի է օգտվել ծրագրից, եւ որ տարածքներում են նրանք բնակարան ձեռք բերել: Ի պատասխան՝ մեզ փոխանցեցին․ «ԼՂ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են հուլիսի 15-ից։ Քաղաքացիները դիմում կարողանում են ներկայացնել https://housing.socservice.am/ կայքէջի միջոցով։
Այս պահի դրությամբ ստացվել է շուրջ 600 ընտանիքի դիմում։ Հավաստագրման գործընթացում հնարավոր չէ ստանալ վիճակագրություն` քաղաքացիների նախընտրելի բնակավայրերի մասին, այդ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ հավաստագրերի իրացումից հետո։
Այսինքն՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվում է հավաստագիրը, իսկ թե որտեղ կնախընտրի ձեռք բերել իր տունը հայրենակիցը, դրանից հետո համապատասխան չափով գործարքը կկատարվի։ Հավաստագրման գործընթացը մեկնարկել է․ շուրջ 30 ընտանիք ստացել է հավաստագիր»։
Ի դեպ, մայիսի 16-ին արդեն հաստատվել է բնակարանային ապահովման ծրագիրը, եւ հենց այդ ժամանակվանից էլ արցախցիները սկսել են դիմել։ Ծրագիրը 3 փուլից է կազմված. առաջին փուլում կարող են դիմել 3 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։ Երկրորդ փուլը 2 երեխա ունեցողների համար է, նախատեսվում է սկսել 2026-ի հունվարի 1-ից, իսկ 3-րդ փուլը` 1 երեխա ունեցող ընտանիքների համար (նախատեսվում է սկսել 2027-ի հունվարից), սակայն այս ծրագրից օգտվելու պարտադիր պայմաններից են ՀՀ քաղաքացիությունն ու Հայաստանում վերջին 180 օրվա մշտական բնակությունը։ Կան տեղեկություններ, որ, բնակարանային ապահովման ծրագրով պայմանավորված, վերջին ամիսներին արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակն աճել է։ Մենք կփորձենք պատկան մարմիններից վիճակագրություն ստանալ, սակայն արցախցիները վստահեցնում են, որ բնակարանային ապահովման ծրագիրն անիրատեսական ու իրենց ոչնչով չաջակցող ծրագիր է։ Չնայած ինչ-որ մարդիկ դիմում են, բայց պետության տված՝ յուրաքանչյուր շնչին 3 մլն դրամով բարդ, եթե չասենք՝ գրեթե անհնարին է լինելու նորմալ բնակարան ձեռք բերելը։
Այս ծրագրին չդիմելու պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ չեն ուզում զրկվել փախստականի կարգավիճակից եւ ստանալ ՀՀ քաղաքացիություն, քանի որ վստահ չեն, որ երկարաժամկետ մնալու են Հայաստանում, իսկ փախստականի կարգավիճակը կնպաստի, որ որեւէ այլ երկրում ապաստան ստանան։ Մինչդեռ, իշխանական շրջանակների պնդումների համաձայն, կարեւոր չէ՝ արցախցին փախստականի, թե ՀՀ քաղաքացու կարգավիճակով է արտագաղթելու, երկու դեպքում էլ օտար պետությունում որպես արցախցի է ընկալվելու, եւ ժամանակավոր փախստականի կարգավիճակը ոչնչով չի աջակցելու դրսում ապաստան ստանալուն ու ապրելուն։
Այս օղակներում համոզված են նաեւ, որ ծրագրից օգտվողների թիվը կավելանա հաջորդ տարվանից, երբ պետությունը դադարեցնի 40+10 հազարական դրամների աջակցությունն արցախցիներին։
Բաց մի թողեք
«Իմ ուժն իմ ընտանիքն է. վստահաբար, Կարենս կցանկանար, որ ուժեղ լինեմ և իր եղբորն ու քրոջը հասցնեմ իրենց նպատակներին». Կարեն Ավետիսյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. Լուսանկարներ
«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր
Նալբանդյան գյուղում երեկ օպերալիազորին սպանած եւ մի քանի ոստիկանի վիրավորած Մանուկ Մարգարյանը գյուղում հայտնի է որպես «պլանքյաշ»