«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը միշտ է աչքի ընկել իր տարօրինակ, իսկ երբեմն՝ իշխանահաճո կեցվածքով, գրառումներով ու գործունեությամբ:
Հրապարակ թերթը գրում է․ Որպեսզի շատ հեռու չգնանք եւ չանդրադառնանք Նազարյանի մտքի «փայլատակումներին», որոնք մի շարք հարցեր են առաջացնում այն լսողների մոտ, կարող ենք ընդամենը արձանագրել վերջին ամիսներին նրա մասնակցությամբ մի քանի միջադեպ, որոնք առավել քան հստակ են դարձնում, որ Նազարյանն ինչ-որ պահից հեռացել է ընդդիմադիր դաշտից, չնայած հենց ընդդիմության ձայներով է հայտնվել ԱԺ-ում:
Վերջին շրջանում շատ եմ լսում, որ խորհրդարանական ըննդիմությանը ձայն տված քաղաքացիները դժգոհում են, որ իրենց ձայները փոշիացվել են, քանի որ խորհրդարան են անցել մարդիկ, ովքեր կա՛մ ոչինչ չեն անում, կա՛մ պատգամավորի բարձր աշխատավարձը եւ արտոնությունները միայն իրենց անձին են ծառայեցնում: Ոմանք էլ, Գեղամ Նազարյանի նման, Փաշինյանի ջրաղացին են ջուր լցնում: Մինչդեռ ընտրողները «Հայաստան» դաշինքին ձայն են տվել` Ռոբերտ Քոչարյանի գործոնով պայմանավորված: Հավատացել են, որ Քոչարյանը կարող է երկիրն այս ծանր իրավիճակից դուրս բերել, բայց, ինչպես տեսնում ենք, երկրորդ նախագահն անձամբ բավականին պասիվ է, իսկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը եւ մի քանի ուրիշներ կա՛մ ներքուստ թաքնված պատկառանք ունեն նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, կա՛մ էլ ուղղակի կորցրել են իրենց ադեկվատությունը, հոգնել են պայքարից եւ խաղաղ կյանք են ուզում: Նրանց իրենց ընդդիմադիր թիմակիցները պետք է անհապաղ տուն ուղարկեն` իրենց իսկ հեղինակությունը փրկելու ու դաշինքի ձայները չչեզոքացնելու համար:
Նույն Գեղամ Նազարյանն ամիսներ առաջ Կիրանցում լրագրող Անի Գեւորգյանին էր վիրավորում, նրան մեղադրում, թե խառնակչություն է անում Կիրանցում, չի թողնում, որ մարդիկ հարմարվեն սահմանազատմանը: Օրեր առաջ Ֆեյսբուքի իր էջում քննադատում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, «Հրապարակին» էլ երեկ հարցազրույց է տվել, թե ոչ մի վատ բան չի կատարվել` ընդամենը թշնամին մի 2,5 կիլոմետրով մոտեցել է գյուղին: Այս բոլոր թեզերն իշխանությունների նարատիվներն են, եւ դրանք, որպես կանոն, բարձրաձայնում են ՔՊ անդամները:
«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը եթե կիսում է «Քաղաքացիական պայմանագրի» գաղափարները, ինչո՞ւ է հայտնվել ընդդիմադիր դաշինքի կազմում: Նա կարող էր պարզապես ՔՊ-ի ցուցակով պատգամավոր դառնալ, հիմա էլ ուշ չէ` դուրս գալու եւ հաջորդ ընտրություններին ՔՊ-ի ցուցակով մասնակցելու համար:
Երեկ նկատեցինք, որ Գեղամ Նազարյանը կիրանցեցի Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառման տակ է մեկնաբանություն թողել` ընդդիմադիր մեկնաբանություն գրողից պահանջելով, թե` ջնջիր մեկնաբանությունդ: Գոհար Վարդանյանը գրել էր. «Աա, բա որ չեն ասում՝ հիմա արդեն պետական սահման ա, հենց որոշեն սահմանը խախտել, պատասխան են տալու: Կներեք, բայց եթե ադրբեջանցի սահմանապահը որոշի կրակել, հետո ո՞ւմ, որտե՞ղ ա պատասխան տալու։))) Ասենք՝ Ադրբեջանի դատարանի որոշմամբ սահմանապահին 5 տարի դատելո՞ւ են, թե՞ ոնց… Լավ, ասենք՝ հավատացինք` պատասխան տվեցին, բայց մարդկանց մահանալուց հետո ի՞նչ արժեք ա ունենալու էդ պատասխանը))»:
Մեկ այլ օգտատեր` Անուշ Կլեկչյանը, արձագանքել էր. «Հարազատներին փող կտան, կմոռանան»: Գեղամ Նազարյանն էլ որոշել էր դաս տալ մեկնաբանության հեղինակին. «Անուշ Կլեկչյան, բառ արտաբերելուց, գրելուց առաջ բարեկամաբար հորդորում եմ` երկար մտածես։ Ու էս գրառումդ լավ կանես՝ ջնջես։ Չես պատկերացնի՝ ինչ վատ բան ես արել»: Մեկ ուրիշը Նազարյանին կոչ է անում` «մարդկանց ազատ խոսքը չսահմանափակել», Նազարյանը վրդովվում է. «Ազատ խո՞սքը։ Իրո՞ք։ Սահմաններ մի անցեք, հակառակ դեպքում, իմ նման հազարավորների քայլքի տակ չեք դիմանա։ Էս ի՞նչ եք ասում, ի՞նչ եք գրում, ի՞նչ եք խոսում»:
Բաց մի թողեք
Հայկական Կարմիր խաչը նոր նախագահ ունի. ընկերության ներսում եղած «աղմուկը», սակայն, չի դադարել
Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ և հիվանդանոց են ընկել
5-րդ բանակային կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. Լուսանկար