10/09/2024

Նուրսուլթան Նազարբաևի նախկին հարսը Ղազախստանում 12 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդու նախկին կինը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել շորթման և ինքնիրավչության համար:

Ալմաթիի միջշրջանային մասնագիտացված քրեական դատարանը Գուլմիրա Սաթիբալդիին մեղավոր է ճանաչել երկրի քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Սաթիբալդին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ:

Նրա հանցակից և նախկին օգնական Մադի Բատիրշաևը մեղավոր է ճանաչվել մարդուն՝ ապօրինի կերպով ազատությունից զրկելու համար և դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։

Գործով պարզվել է, որ 2011 թվականին Սաթիբալդին բաժնետիրական ընկերություններից մեկի սեփականատիրոջ հետ համաձայնության է եկել բիզնեսը համատեղ վարելու վերաբերյալ և ոչ պաշտոնական հիմունքներով դարձել է այդ ընկերության համասեփականատեր։ Դրանից 8 տարի անց ամբաստանյալը 5 միլիարդ տենգե յուրացնելու մեղադրանք ներկայացնելով տուժողին՝ իր անձնական օգնականի հետ կազմակերպել է գործարարին 165 օր լիակատար սոցիալական մեկուսացման մեջ պահելու գործողություն:

Ըստ դատարանի՝ այդ ընթացքում ամբաստանյալը շորթման միջոցով տիրացել է տուժողի և նրա մերձավոր ազգականների դրամական միջոցներին և ունեցվածքին՝ նրանց պատճառելով 217.9 մլն տենգեի վնաս։ Նույն անձի հանդեպ իրականացված այլ գործողություններով ներառյալ պատճառված վնասի չափը ընդհանուր առմամբ հասնում է 1.2 միլիարդ տենգեի:

Դատարանի որոշմամբ՝ Սաթիբալդին նյութական վնասի փոխհատուցման կարգով տուժածին կվճարի 2.6 մլրդ տենգե ու ևս 10 մլն տենգե՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Բատիրշաևան կփոխհատուցի 2 մլն տենգեի վնաս։