16/09/2024

Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը. Կոստանյան

Սեպտեմբերի 1-ին Պրահայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «GLOBSEC» համաժողովի շրջանակներում անցկացվող «Armenia and the EU: Priorities, Partnerships, and Paths Forward» պանելային քննարկմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ այս առումով ընդգծելով դիվերսիֆիկացիայի կարևորությունը` միտված Հայաստանի Հարապետության ինքնիշխանության, միջազգային սահմանների, ժողովրդավարության պաշտպանությանը:

ԵՄ հետ համագործակցության համատեքստում Վահան Կոստանյանը կարևորել է Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունն ու համագործակցության ամուր հիմքերը՝ ընդգծելով ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման նշանակալի հեռանկարների առկայությունը։

ԱԳ նախարարի տեղակալը գոհունակություն է հայտնել ներկայիս ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկայի կապակցությամբ, ինչպես նաև կարևորել ՀՀ-ԵՄ համագործակցության խորացումը և գործընկերության նոր օրակարգի ձևավորումը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը։ Ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և դրա իրականացման կարևորությունը սոցիալ-տնտեսական մարտահրավերների հասցեագրման համատեքստում։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին` Վահան Կոստանյանը նշել է, որ Հայաստանը փոխանցել է ադրբեջանական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը: Նախարարի տեղակալը վերահաստատել է Հարավային Կովկասում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը` վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը բացելու տարածաշրջանային կապուղիները` ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա:

Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը օգոստոսի 31-ին հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յան Մարիանին, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ու Չեխիայի բազմոլորտ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են բարձր և բարձրաստիճան մակարդակներում քաղաքական երկխոսության հետագա խորացմանը, առևտրատնտեսական հարաբերությունների թիրախային նախաձեռնություններով և ծրագրերով հարստացմանը։ Մտքեր են փոխանակվել ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում կարևորվել է բոլոր ուղղություններով Հայաստան-ԵՄ գործընկերության շարունակական ամրապնդումը։ Այս համատեքստում հայկական կողմը շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերներին շարունակական աջակցության համար։

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը առնչվող խնդիրներին:

Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Թոմաս Բագերի հետ։

Այս մասին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Վահան Կոստանյանը Թոմաս Բագերին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Տարածաշրջանային կայունության, անվտանգության ու բարեկեցության ապահովման համատեքստում երկուստեք ընդգծվել է խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության հետագա ամրապնդման շուրջ։