Վրաստանի իշխող կուսակցության եւ երկրի «ստվերային առաջնորդ» Բիձինա Իվանիշվիլին նախընտրական հանդիպումներ է սկսել:
Apsny.ge-ի փոխանցմամբ, Օզուրգեթիում հանդիպմանը նա հայտարարել է, որ «միշտ պետք է պատրաստ լինել խաղաղ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնմանը»:
Իվանիշվիլին ասել է, որ դրա համար «Վրացական երազանքը» խորհրդարանում պիտի ունենա սահմանադրական մեծամասնություն, դա անհրաժեշտ է նաեւ «քաղաքական գործակալներին դատելու, քաղաքական համակարգն առողջացնելու եւ վրացական հանրությունը պսեւդոլիբերալ արժեքներից պաշտպանելու համար»:
«Հիշեք, որ ձեր տված ամեն մանդատը մի ձայն է Վրաստանի միավորման օգտին: Դրա համար անհրաժեշտ է, որ «Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն ունենա, քանի որ թվարկված հարցերը կարող են լուծում գտնել միայն այդ դեպքում»,- ամփոփել է Բիձինա Իվանիշվիլին:
Վրաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, իր տարածքը սահմանադրությամբ հստակ ամրագրել է, այն է՝ ինչ ժառանգել է ԽՍՀՄ-ից 1991 թվականի դեկտեմբերի 21-ին: Այդ տարածքի ամբողջականությունը խաղաղ ճանապարհով կարող է վերականգնվել մի դեպքում՝ եթե կնքվի ռուս-վրացական նոր պայմանագիր, եւ Մոսկվան ճանաչի Թբիլիսիի իրավաբանական լիազորությունը Աբխազիայի եւ Ցխինվալիի շրջանի նկատմամբ:
Իվանիշվիլին չի ասում, թե դա տեղի է ունենալու վաղը կամ մյուս օրը, բայց հավաստիացնում է, որ Վրաստանի միավորումը հնարավոր է, եւ պետք է դրան ամեն պահի պատրաստ լինել:
Կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, ռուս-վրացական ոչ հրապարակային քննարկումներ են ընթանում այն տրամաբանությամբ, որ եթե «Վրացական երազանքը» դատի «քաղաքական գործակալներին» (նախկին նախագահ Սաակաշվիլիին եւ նրա համակիրներին), «առողջացնի քաղաքական դաշտը» (լուծարի Սաակաշվիլիի եւ արեւմտամետ մյուս կուսակցությունները) եւ «վրացական հանրությունը պաշտպանի պսեւդոլիբերալ արժեքներից» (հրաժարվի Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու սահմանադրական ուղեգծից), ապա Ռուսաստանը «կվերադարձնի Աբխազիան եւ Ցխինվալիի շրջանը»:
Նման «առողջացումը» ենթադրում է սահմանադրական փոփոխություններ, որոնք կարող են կատարվել սահմանադրական օրենք ընդունելու միջոցով: Իսկ սահմանադրական օրենք ընդունելու համար հարկ է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի «կողմ» ձայն ունենալ: Դա էլ հենց սահմանադրական մեծամասնությունն է, որի իրավասությանն է վերապահված նաեւ տարածքային ամբողջականության վերականգման մասին օրենքի ընդունումը:
Քաղաքագետ Պաատա Զաքարեշվիլին համոզված է, որ «Վրացական երազանքը» չի կարող սահմանադրական մեծամասնություն ունենալ, եթե «չգնա տոտալ ընտրակեղծարարության»: Այդպես է, թե՝ ոչ, դժվար է դատել, եւ, ըստ էության, դա Վրաստանի ներքին գործն է:
Բայց պետք է հաշվարկել, թե խորհրդարանական ընտրություններից հետո ի դեմս Վրաստանի ում ենք հարեւան, դաշնակից եւ գործընկեր ունենալու: Ի մասնավորի՝ Վրաստանը կմիանա՞ Հարավային Կովկասի կարգավորման 3+3 ձեւաչափին: Ռուսաստանը կբացի՞ աբխազական երկաթուղին: Թուրքիան սեփական արտադրության առաջին սուզանավը գործարկել է Սեւ ծովում…
Բաց մի թողեք
Ուկրաինան խզում է դիվանագիտական ու բոլոր տեսակի հարաբերությունները Վրաստանի հետ․ Խնդիր
Ալիևը՝ Գլոբալ հարավի և Հյուսիսի միջեւ «պոտենցիալ կամուրջ»
Ալիևը պատրաստվում է 2020-ի պատերազմի մեկնարկի օրը նշելուն