16/09/2024

Փորձում ենք հասկանալ, թե վարչապետին որտեղից են բողոքել հոսանքի որակից․ Կարեն Դարբինյան

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն հարցին, թե գյուղերում մարդիկ համատարած բողոքում են էլեկտրական էներգիայի որակից։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր հարցին, թե ՀԷՑ, «Վեոլիա ջուր», ինչու չէ նաև «Գազպրոմ» ընկերությունների մենաշնորհը Կառավարությունը պատրաստվո՞ւմ է վերացնել և օպերատորների քանակը ավելացնել, որպեսզի լինի նորմալ սպասարկում և մրցակցություն․ «Մեր օրակարգերում այդ հարցը կա, և, այո, լուրջ պրոբլեմ կա, հանրապետության տարբեր մարզեր էլ, երբ այցելում եմ, գյուղերում էլ մարդիկ համատարած բողոքում են էլեկտրական էներգիայի որակից՝ ասելով, որ ընդհուպ գյուղտեխնիկան վառվում է՝ վթարվում: Ես ամենայն խստությամբ և լրջությամբ այդ հարցը դրել եմ Կառավարության առաջ, և մենք ամենատարբեր ֆորմատներով լրջագույն քննարկումներ ենք ունենալու»։

Վերջինս նկատեց, որ այդ հարցի հետ կապված որևէ քննարկման համար Կառավարությունից դեռևս հրավեր չեն ստացել։

«Փորձում ենք այդ այցերը, որ մարզերով գնացել է վարչապետը, հասկանանք, թե որտեղից է բողոքը եղել, որպեսզի լուծում տանք։ Նմանատիպ բողոքներիր դեպքում, եթե որևէ տարածաշրջանից բողոքում են, դա վերցվում է մեր ուշադրության ներքո, որովհետև բողոքը ոչ միայն մեզ է հասցեագրվում, այլ նաև հանձնաժողովին, և հանձնաժողովն ունի հոդված, որ հասցեական ծրագրերի ներդրումների մասով է, և մենք պարտավոր ենք դա առաջնահերթությամբ անել։ Երբ փորձենք հասկանալ, թե որ շրջաններից է եղել բողոքը, կտանք լուծումը»,- ասաց նա։

Նա նշեց, թե գուցե այն գյուղը, որտեղ եղել է բողոքը վարչապետին, հնարավոր է ունի 70 թվականին կառուցված էլեկտրահաղորդման գիծ, բայց քանի որ գյուղերում բեռը համեմատած ցածր է, վթարներ չեն լինում։