Իշխանության տարբեր շրջանակներում սկսել են քննարկել «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ռուսահպատակ մեծահարուստ Սամվել Կարապետյանից` «Տաշիր գրուպից» խլելու հարցը։
Հրապարակ թերթը գրել է․ Վերջին շրջանում հաճախակի դարձած հոսանքազրկումները, հակառուսական աճող տրամադրությունները, ըստ էության, նպաստում են այդ գործընթացին։ Անցած շաբաթ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում էին այդ հարցը բարձրացրել, մասնավորապես խոսակցությունը գնացել էր այն տրամաբանության մեջ, թե ինչու պետք է Ռուսաստանի քաղաքացին տնօրինի Հայաստանի էլցանցերը, պետք է այդ մենաշնորհը, այսինքն` ՀԷՑ-ը, հետ վերցնել «Տաշիր» ընկերությունից՝ Սամվել Կարապետյանից։
Այս խոսակցությունը տրամաբանական ավարտին չէր հասել, բայց նիստից 2 օր անց հանրային գործիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ նիկոլական քաղհասարակության կարկառուն ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը մի գրառում էր արել, որ սկսում է պայքարը ՀԷՑ-ի դեմ, որպեսզի «Տաշիր գրուպ»-ի մենաշնորհը վերացվի։
Երեկ էլ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի նախաձեռնությամբ է այս թեմայով փակ նիստ հրավիրվել խորհրդարանում։ Նիկոլ Փաշինյանի համերկրացի եւ քավորական ընտանիքի անդամ Ղալումյանի ղեկավարած հանձնաժողով են հրավիրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին եւ իրավասու այլ պաշտոնյաների։ Նիստին մասնակցել են ՔՊ-ական պատգամավորներ։
Վահե Ղալումյանը ներկայացրել է, թե քննարկման նպատակը քաղաքացիների բողոքներն են, վերջին ժամանակներում իրենք բազում բողոքներ են լսել հոսանքազրկումների վերաբերյալ, ուստի որոշել են պատասխանատուների հետ հարցուպատասխանի ընթացքում հասկանալ իրականությունը եւ պատճառները: Իսկապե՞ս օբյեկտիվ են այդ հոսանքազրկումները, թե՞ ճշմարտություն կա այն դավադրության տեսության մեջ, որ ՀԷՑ-ը սաբոտաժ է անում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը` հանրային դժգոհություն հրահրում։ Հատկապես հանրային հնչեղություն ստացավ ֆուտբոլային հանդիպման ժամանակ Աբովյանում հոսանքազրկման միջադեպը, ինչպես նաեւ՝ կառավարության վերջին նիստում կառավարության շենքի կարճատեւ հոսանքազրկումը։
Մեզ պատմեցին, որ Գարեգին Բաղրամյանը բավականին պատրաստված է ներկայացել եւ մասնագիտորեն հիմնավորումներ է ներկայացրել, որը տեղ չի թողել կասկածի համար, թե ՀԷՑ-ը սաբոտաժ է անում։ Ավելին՝ պնդել է, որ թե՛ ստադիոնի, թե՛ կառավարության նիստի ընթացքում հոսանքազրկումն իրականում ՀԷՑ-ի հետ բացարձակ կապ չունի, այլ տվյալ կառույցների ոչ արդյունավետ կառավարման հետեւանք է եղել։ Որպես ապացույց՝ մատնացույց է արել, որ կառավարության նիստի ընթացքում չնայած հոսանքն անջատվել է, սակայն բարձրախոսներն աշխատել են, ինչը ցույց է տալիս, որ շենքում հոսանք եղել է, պարզապես տեխնիկական խնդիրների պատճառով այն մի պահ անջատվել է։ Ընդունել է, որ հոսանքազրկումները հաճախակի են դարձել, բայց որպես իրավիճակից ելք նշել է, որ պետությունն էլ պիտի աջակցություն ցուցաբերի կառույցին՝ հնարավորինս շուտ մաշված սյուներն ու կայանները փոխելու հարցում, ասենք` արտոնյալ վարկեր տրամադրի եւ այլն, իսկ եթե ոչ, ապա, պլանային վերանորոգումների համաձայն, 2028 թվականին նոր ամբողջությամբ կվերականգնեն մաշված գույքը։
ՔՊ-ականները հարցախեղդ են արել Բաղրամյանին, փորձելով հասկանալ՝ արդյոք այդ ամենը Սամվել Կարապետյանի պարտականությունը չէ՞, սակայն Բաղրամյանը պնդել է պետության աջակցության անհրաժեշտությունը՝ ասելով, որ հակառակ պարագայում պետք է հոսանքը թանկացնի, որ ծախսերը հոգա։ Որպեսզի տպավորություն չլինի, թե Սամվել Կարապետյանի դեմ ինչ-որ բան է արվում, հպանցիկ անդրադարձել են նաեւ «Վեոլիա ջրին», որ գրեթե նույնպիսի բողոքներ կան նաեւ ջրանջատումների, ջրի որակի վերաբերյալ, սակայն պայմանավորվել են թեման շարունակել հաջորդ անգամ։
Ի դեպ, այսօր ՀԷՑ-ի ղեկավարությունն ասուլիս է տալիս` պատրաստվում է անդրադառնալ բոլոր անջատումներին` հատ առ հատ, եւ բացատրել, թե ինչն է խնդիրը:
Բաց մի թողեք
Հայկական Կարմիր խաչը նոր նախագահ ունի. ընկերության ներսում եղած «աղմուկը», սակայն, չի դադարել
Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ և հիվանդանոց են ընկել
5-րդ բանակային կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. Լուսանկար