16/09/2024

Ժողովրդի արգանդը չի չորացել, կան մարդիկ, պետք չէ մարդկանց լապտերով ման գալ. Անանյան

Հարցազրույց ՊԵԿ նախկին նախագահ, «Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանի հետ։

– Սրբազան շարժումն աշնանն ակտիվանալու մասին է հայտարարել, սեպտեմբերի 22-ին Համալիրում հավաք կա: Դուք մասնակցելո՞ւ եք այդ հանդիպմանը, թե՞ Ձեր վերջին հայտարարությունը` որ «վարչապետի թեկնածու պետք է դառնա այլ մարդ, ոչ թե Բագրատ սրբազանը», փոխել է իրավիճակը։

– Ձեր հարցերը ե՛ւ օբյեկտիվ են, ե՛ւ տարօրինակ։ Ամենայն հարգանքով Ձեր մասնագիտությանը, հասկանում եմ, որ դրամատիզմն ու սադրանքը դրա օբյեկտիվ բաղկացուցիչներից են։ Ինչեւէ, ես սովորաբար ցուցադրել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումներն ու հանրային ակտիվությունը՝ համարելով, որ նման պարտավորություն ունեմ հանրության նկատմամբ, այն առումով, որ անձինք, որոնք ինձնից որոշակի ակնկալիքներ ունեն՝ տեսակետ իմանալու, իմ մտքերն ու տեսակետները հաղորդեմ այդ մարդկանց։ Այսքանով սահմանափակվում է իմ քաղաքացիական եւ հանրային ակտիվությունը։

Արդյո՞ք ես պատրաստվում եմ քաղաքական դերակատարում ունենալ ինչ-որ պրոցեսներում՝ քաղաքական դերակատարման մասին երբեւիցե խոսք չի գնացել, եւ ցանկացած դերակատարում ցանկացած պահի, եթե ինչ-որ բան կլինի իմ անձից կախված, կգտնվեմ ցանկացած տեղ, որի կարիքը կգտնեմ հարմար։ Վերադառնալով բուն հարցին՝ Սրբազան պայքարն ինձ համար ազգային-ազատագրական պայքարի հոգեւոր բաղկացուցիչն է, դրա մասին բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու եւ Բագրատ սրբազանի գործունեությունը, նրա հոգեւոր առաջնորդությունը միշտ բարձր եմ գնահատել՝ շատ բարձր: Այն, ինչ ինքն արել է եւ շարունակում է անել` որպես հոգեւոր առաջնորդ, անգնահատելի է եւ անուրանալի։ Միշտ ասել եմ, անձամբ իրեն էլ եմ ասել, որ քաղաքական եւ հոգեւոր առաջնորդությունները մեկտեղելը, իմ կարծիքով, ճիշտ չէ․ որպեսզի ունենանք հաջողություն, պետք է հոգեւոր առաջնորդն իր հայրական օրհնանքով պատվիրակի քաղաքական առաջնորդության սպասելիքները հանրության կողմից քաղաքական ունակություններ եւ այդ ասպարեզում ավելի լավ ու ճշգրիտ գործիքակազմով մարդու կամ մարդկանց։ Ես սրա մասին հրապարակային զրույցներում էլ եմ ասել։ Իսկ Բագրատ սրբազանի՝ վարչապետ չլինելու մասին իմ մտքերը լրագրողական հնարք են եղել: Եթե ոչ թե կենտրոնանային վերնագրի վրա, այլ ուշադիր լսեին այն, ինչ ասել եմ: Իսկ ասել եմ այն, ինչ Ձեզ ասացի․ բարձր գնահատելով սրբազան հոր առաջնորդությունը՝ ակնկալում եմ, որ ինչ-որ փուլում ինքն իր հայրական օրհնանքով կպատվիրակի քաղաքական առաջնորդությունն այդպիսի հավակնություն, արդար եւ ազնիվ մտքեր ունեցող մարդկանց՝ մնալով հոգեւոր հոր եւ առաջնորդի իր դերում՝ ինչ-որ տեղ դառնալով այս ամենի երաշխավորը։

Թե սեպտեմբերի 22-ին ես որտեղ կլինեմ ֆիզիկապես, իմ այս մտքերի համատեքստում երրորդական, չորրորդական, նույնիսկ՝ տասներորդական հարց է։

– Այդքան էլ երկրորդական հարց չէ, որովհետեւ, եթե շարժման ակտիվ մասնակիցները հեռանան, շարժումն ինքնըստինքյան կմարի՝ արժանանալով նախորդների ճակատագրին։

– Ամեն ինչ կախված է շարժման ղեկավարներից եւ առաջնորդից, եթե առաջնորդն ունենա այնպիսի ցանկություն, որը համընկնի իմ մտքերի հետ, բնականաբար, ես կլինեմ այնտեղ, որտեղ պետք է լինեմ, բայց եթե վարքագիծը, մտքերը, քննարկումները` մինչեւ սեպտեմբերի 22-ի հետ կապված կուլիսային եւ անդրկուլիսային քննարկումներ, չբերեն այն ամենին, ինչի մասին ես ասացի, բնականաբար, ես, չլինելով հակառակորդ, չեմ լինի նաեւ իր կողքին։

– Ոմանց կարծիքով` Ձեր այդ աղմկոտ հայտարարությունը Դուք արեցիք մի ժամանակահատվածում, երբ վարչապետի թեկնածուի մասին քննարկումները պատեհ չէին, պահանջված չէին, շարժումն արդեն թափը կորցրել էր, ուստի՝ Ձեզ մեղադրեցին, թե ոմանք փորձ են անում մեղավորներ հռչակել եւ այլն։

– Ես թքած ունեմ նման մեղադրանքներ հնչեցնողների վրա՝ անխտիր, որովհետեւ ով այդպիսի հիմար մտքեր է ասում ու պատեհապաշտական քննարկումներով է առաջնորդվում եւ վերնագիր կարդալով է առաջնորդվում, ես այդ մարդկանց հետ լեզու թրջելու, խոհեր փոխանակելու ցանկություն չունեմ։ Ես միշտ ազնիվ եմ գտնվել իմ խոսքերում, իմ մտքերում եւ ասել եմ այն, ինչ պետք է։ Թե դա պատեհ է, պատեհ չէ, թող իրենք գնան խոսեն իրար հետ, քննարկեն, փսփսան, ինչ ուզում է՝ անեն։

– Իսկ կարծում եք՝ դա՞ էր պատճառը, որ շարժումը գնալով մարեց, չհասավ իր նպատակին։

– Ես ճիշտ չեմ համարում ձեւակերպումը, թե շարժումը չհասավ իր նպատակին, որովհետեւ նպատակն ինչ որ կար, դեռ առջեւում է, իսկ շարժումը, այո, չունի այն լայն թափը, ինչ ուներ մայիսին: Հիմա մարել է, բայց մարել է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ պատճառներից է այն, որ մեր ազգը քեֆչի ազգ է, ամռանը գնացել էին ամառային արձակուրդների, հիմա վերադառնում են։ Եվ, իհարկե, կան ռազմավարական եւ մարտավարական որոշակի թերացումներ, որոնք տեղի են ունեցել, եւ որոնց մասին հենց սրբազանն էլ է խոսում։ Բայց, տեսեք՝ որոշ տեղերում սրբազանի հայտարարություններն իրար չեն համընկնում, 1-2 օր առաջ ասել էր` մայիսին սկսել ենք, մայիսին կավարտենք։ Հիմա Ձեզ հարց եմ տալիս՝ ի՞նչ է սա նշանակում։

– Ուզում եք ասել, որ Սրբազանը շաբաթներ առաջ ասում էր՝ սեպտեմբերին իրականացնելու ենք այն, ինչ ձեր մտքերում կար մայիսի՞ն։

– Բա իհարկե, դա ի՞նչ խոսք է, դա պետք է հուսադրի ու առաջնորդի՞ բոլորին։
Մարդը, ով ունի հոգեւոր առաջնորդության եւ անսպառ էներգիա, գիտելիք եւ մեծ հավատ այս ամենին, բնականաբար, չունի քաղաքական առաջնորդողի դասական վարքագիծ, եւ դա օբյեկտիվ է․ մարդը 30 տարի հոգեւոր առաջնորդության մեջ է եղել։ Հոգեւոր եւ քաղաքական առաջնորդությունները պետք է միահյուսված լինեն, մեկտեղված, բայց ո՛չ երբեք կենտրոնացած լինեն մեկ անձի, տվյալ դեպքում՝ Բագրատ սրբազանի ձեռքում։ Այս մասին ես առիթ եմ ունեցել իրեն ասել մեր առանձնազրույցի ժամանակ։ Այսինքն՝ մենք պարտավոր ենք ճիշտ ուղղություն ցույց տալ, ես՝ անձամբ արել եմ: Այո, շարժման թափն ընկել է նաեւ այն պատճառով, որ դերակատարումների ճիշտ բաշխում տեղի չի ունեցել։

– Գուցե Բագրատ սրբազանը տեղի է տվել իրավիճակին, գուցե մտահոգություն է ունեցել, որ ժողովուրդն այլ լիդեր չի ընդունի, որովհետեւ նրան իբրեւ փրկիչ, առաջնորդ, վարչապետ են ընկալում, ով հիասթափության տեւական շրջափուլից հետո կարողացավ պայքար գեներացնել, հազարավոր մարդկանց հրապարակ հանել: Իսկ եթե այդ պահին այլ թեկնածուի անուն հնչեր, շարժումը կմարեր։

– Չեմ կարծում, որովհետեւ շատ հին ասացվածք կա՝ «ջուրը ջրվորից»։ Ամեն մարդ պետք է իր հնարավորությունների շրջանակում գործի, կրկնում եմ՝ անգնահատելի է Բագրատ սրբազանի գործունեությունը, բայց ամեն ինչ իր բանն ունի։ Ճիշտ է՝ մենք գտնվում ենք դրամատիկ իրավիճակում, բայց անդունդի եզրին գտնվող ժողովուրդներին առաջնորդողները կամ նման հավակնություններ ունեցողները պետք է լինեն ազնիվ, եւ այդ դերակատարումները պետք է վերաբաշխվեն։ Դուք պատկերացրեք, որ մայիսի 9-ին, 29-ին, հունիսի 9-ին՝ այդ բազմամարդ հանրահավաքների ժամանակ, երբ ինքը հայրական օրհնանքով քաղաքական առաջնորդությունը պատվիրակեր համընդհանուր կոնսենսուսային ինչ-որ մարդու կամ մարդկանց խմբի եւ հայտարարեր, որ, գիտեք, կան իրավական խոչընդոտներ՝ իմ անձի հետ կապված՝ քաղաքական առաջնորդություն ստանձնելու, հետեւաբար, ես երաշխավորում եմ, որ քաղաքական առաջնորդությունն այս մարդուն իմ հայրական օրհնանքով տրվի, ես երաշխավորում եմ եւ հոգեւոր առաջնորդությամբ տանում եմ ձեզ առաջ՝ չխառնվելով քաղաքական պրոցեսներին։

– Եթե չեմ սխալվում, նման քննարկումներ եղել են նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի թեկնածության շուրջ, բայց քաղաքական դաշտում չեղավ կոնսենսուս։

– Իսկ ո՞վ ասաց, որ համաձայնություն, կոնսենսուս չեղավ։

– Դե, ինֆորմացիոն արտահոսքեր կային։

– Իրականությունը տարբերվում է այդ արտահոսքերից։

– Իսկ ո՞րն է իրականությունը։

– Եկեք սրանով սահմանափակվենք։

– Լավ, Դուք ո՞ւմ եք պատկերացնում՝ եթե ոչ սրբազանը, վարչապետի թեկնածու։

– Չկա 100 տոկոսանոց անձ, որն ունենար 100 տոկոսանոց կոնսենսուս բոլորի մոտ, բայց եկեք արդար լինենք եւ միասին դատողություն անենք. անձը կամ անձինք, որոնք կարող էին լինել, հավակնել, շա՞տ են։ Բայց, իմ կարծիքով, անձը, որ ընկալելիության մակարդակով ամենաբարձրն է՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ներքին, թե՛ ուժային կենտրոնների, թե՛ քաղաքական տիտղոսային, ոչ տիտղոսային ընդդիմության կողմից․․․ բոլոր կուլիսային քննարկումների ժամանակ բոլորը 1 անձի անուն են տալիս, բայց երբ գալիս է պահը, որ այդ անձի վերաբերյալ կոնսենսուսային որոշում պետք է կայացնել, հայկական հին գավառական մենթալիտետն է աշխատում՝ «եթե ես չեմ, ապա ոչ ոք չպիտի լինի»։

– Այդ կոնսենսուսը Թաթոյանի շուրջ կա՞ր։

– Ես չգիտեմ, ես Ձեզ ասում եմ՝ եկեք քննարկենք՝ ո՞վ կարող էր ունենալ ընկալելիության ամենաբարձր աստիճանը, ես ունեմ այդ հարցի պատասխանը, բոլորն ունեն, բայց երբ գալիս է ժամանակը կոնսենսուսի, ապա բոլորը՝ եթե այդ անձը չի, ուրեմն ուրիշ է, ով է` թող լինի Բագրատ սրբազանը։

– Հիմա, Ձեր կարծիքով, քաղաքական բաղադրիչի ներմուծումը կփրկի՞ շարժումը, թե՞ այլեւս ավարտված է։

– Ավարտված չէ, եւ նման ձեւակերպումն էլ կոռեկտ չէ։ Այո, քաղաքական բաղադրիչը պետք է ներմուծվի, պետք է խոսեն իրար հետ, ազնիվ լինեն, բոլորը թոթափեն իրենց սնափառությունն ու փառասիրությունը եւ գան կոնսենսուսի, փառք Աստծո, այս ժողովրդի արգանդը չի չորացել, կան մարդիկ, պետք չէ մարդկանց լապտերով ման գալ, ձեր կողքին են, խոսեք այդ մարդկանց հետ։