16/09/2024

Կիսում ենք ԵԱՀԿ առաքելությունների մտահոգությունները․ Միլլերը՝ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների արդյունքի մասին

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը կառույցի անունից գնահատական է տվել Ադրբեջանում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Հերթական ճեպազրույցի ժամանակ վերջինս նշել է, որ Պետքարտուղարությունը կիսում է ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների դիտորական առաքելությունների դիտարկումներն ու մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայացած խորհրդարանի ընտրության հետ։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին իրականացնել ԵԱՀԿ նախկին հանձնարարականները, ինչպես նաև նրանք, որոնք, ինչպես հասկանում ենք, առաջիկայում կընդունվեն, և ապահովել ժողովրդի հիմնարար ազատությունների կյանքի կոչումը՝ Սահմանադրությանն ու միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասել է Միլլերը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին տեղի էին ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք առաջին անգամ անցկացվել էին առանց ԵԽԽՎ-ի մասնակցության և երկրում մամուլի ու իշխանության քննադատների աննախադեպ հետապնդումների ֆոնին։

Ընտրությունների արդյունքներով՝ Ադրբեջանի իշխող կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» («Նոր Ադրբեջան») ներկայացուցիչները մեծամասնություն են ստացել 7-րդ գումարման խորհրդարանում: