16/09/2024

Արարատ Միրզոյանը «ճանաչեց» իրեն ծեծողներին

Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում էր 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի դեպքերի քննությունը: Երկարատեւ դատաքննությունից հետո վերջապես դատարան էր հրավիրվել տուժող Արարատ Միրզոյանը` ԱԳ նախարարը: Նրա հարցաքննությունն էր դատարանում ընթանալու:

Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարության ստորագրման գիշերը մի խումբ վրդովված քաղաքացիներ դուրս էին եկել փողոց եւ իրենց դժգոհությունն էին հայտնում, իսկ մի խումբ մարդիկ բռնություններ կիրառեցին` հարձակվելով այն ժամանակ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանի վրա:

Քանի որ այլ բարձրաստիճան պաշտոնյա այդ օրը չկար` բոլորը թաքնվել էին, եւ միայն Արարատ Միրզոյանն էր փողոցում գտնվում, գազազած ամբոխը, իր ճանապարհին հանդիպելով ԱԺ նախագահին, նրան դաժան ծեծի էր ենթարկել, որի արդյունքում նա հայտնվել էր հիվանդանոցում եւ մի քանի վիրահատության ենթարկվել։

Իրավապահները շուրջ 4 տարի է՝ քննում են այս գործը: Մեղադրյալը Եվրոպայի «MMA» չեմպիոն Թորգոմ Ասատրյանն է: Նա կալանքի տակ է 2023թ․ փետրվարից: Թորգոմի հայրը պնդում է, որ իր որդին Միրզոյանին չի հարվածել: Մինչ այս 10 վկա է հարցաքննվել, ոչ մեկը Թորգոմի ենթադրյալ հանցանքի մասին վկայություն չի տվել: Մինչեւ Միրզոյանի հարցաքննությունը դատական նիստերը դռնբաց էին ընթացել, բայց երեկվա նիստին մեղադրողը միջնորդեց նիստը դռնփակ անցկացնել, եւ նախագահող դատավոր Ժորա Չիչոյանը բավարարեց միջնորդությունը:

Նիստից հետո մեզ պատմեցին, որ Միրզոյանը «ճանաչել» է իրեն ծեծողին: «Արարատ Միրզոյանը, որ ծեծի օրը մահամերձ վիճակում է եղել, դատարանում ասաց, թե ճանաչում է Թորգոմ Ասատրյանին, նա է իրեն հարվածել, դիմագծերից է հիշել»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալի պաշտպան Արա Զաքարյանը: Թե որքանով են արժանահավատ տուժողի ցուցմունքները, որոնք հակասության մեջ են մտնում վկաների ու մեղադրյալի ցուցմունքի հետ, կորոշի դատարանը: Բայց պետք է հաշվի առնել, որ ՔՊ-ական իշխանության առաջին էշելոնի ներկայացուցչի ցուցմունքը դատարանի համար կարող է ավելի արժանահավատ լինել, քան մյուս բոլոր ապացույցները: