Նալբանդյան գյուղում երեկ օպերալիազորին սպանած եւ մի քանի ոստիկանի վիրավորած Նալբանդյան գյուղի բնակիչ 41-ամյա Մանուկ Մարգարյանը ամուսնացած չէ, «Հրապարակին» պատմեց գյուղի բնակիչներից մեկը` նշելով, որ նրա հայրը մահացած է, ապրում է մոր հետ։
Ըստ համագյուղացու, Մանուկ Մարգարյանը գյուղում հայտնի է որպես «պլանքյաշ». «Լսել ենք, որ «պլան» ա օգտագործում, բոլորն էլ գիտեն, որ ինքը պլանքյաշ ա։ Բայց չգիտեինք, որ զենք էլ ա պահում մոտը»։
Մեր զրուցակիցը նշեց, որ Մանուկ Մարգարյանին հայտնաբերել ու ձերբակալել են գյուղի դաշտերից մեկում։
Նշենք, որ, ըստ ՆԳՆ֊ի, սեպտեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանն իր մոտ պահում է հրազեն։
Ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նալբանդյան համայնքում հայտնաբերել են Մանուկ Մարգարյանին «Վազ 2107» մեքենայի մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նկատելով իրավապահներին՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել և շարունակել է արձակել կրակոցներ, ինչից հետո դիմել է փախուստի։
Կրակոցների հետևանքով մահացել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը, իսկ նույն բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն։
Մեր տեղեկություններով երեկվանից Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում են ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, մեծ թվով ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցներ։
Հիշեցնենք, որ Նալբանդյան գյուղում զինված անձին վնասազերծելու ժամանակ ոստիկանության ծառայողներ են վիրավորվել, վիրավորներից մեկը զոհվել է։
Բաց մի թողեք
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»
Գերիների հարցը Ադրբեջանը չի էլ քննարկում