12/10/2024

Ուկրաինան խզում է դիվանագիտական ու բոլոր տեսակի հարաբերությունները Վրաստանի հետ․ Խնդիր

Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Անդրեյ Սիգիբան երկրի դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների հետ հանդիպումից հետո Facebook-անձնական էջում գրառում է կատարել եւ հրապարակայնացրել, որ Թբիլիսիում գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Խարիշինին ետ կանչելու որոշում է կայացրել:

Ձեւակերպել եմ Ուկրաինայի դեսպանի աշխատանքի շատ հստակ չափորոշիչներ: Դա կոնկրետ արդյունքն է, խիզախությունը եւ պրոակտիվությունը: Պատերազմի մեջ գտնվող երկրի դեսպանը չի կարող պատերազմի իրողություններից կտրված լինել՝ գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը եւ հիմնավորել, որ Միխայիլ Խարիշինը «երկարաժամկետ գործողումից ետ է կանչվում պատերազմող երկրի իրողությունները կատարելապես չհասկանալու պատճառով»:

Ինքնին փաստը, որ Ուկրաինան Վրաստանում ոչ թե արտակարգ եւ լիազոր դեսպան, այլ գործերի ժամանակավոր հավատարմատար ունի, վկայում է Կիեւ-Թբիլիսի հարաբերությունների ցածր մակարդակի մասին, թեեւ երկու երկրները գրեթե քառորդ դար է՝ անդամակցում են ՎՈՒԱՄ կազմակերպությանը, որ ձեւավորվել է Եվրամիության հովանու ներքո՝ ի հակակշիռ պրոռուսական ԱՊՀ-ի:
Ուկրաինայի եւ Վրաստանի հակասությունները բացահայտվել են 2022 թվականին: Վրաստանի իշխանությունները մի քանի անգամ բաց հայտարարել են, որ Կիեւին ռազմական օժանդակություն չեն ցուցաբերի, չեն միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քանի որ դա «կնշանակի պետարզմը բերել Վրաստան»:

Արտաքին գործերի նախարար Կուլեբայի պաշտոնանկության պատճառների մասին նախագահ Զելենսկին ասել է, որ նրան «պակասում էր էներգիան»: Գրեթե նույնը նորանշանակ արտգործնախարարն ասում է Վրաստանում գործերի ժամանակավոր հավատարմատարի մասին, բայց խոսքն արդյոք Կուլեբայի եւ Խարիշինի անձնական որակների, թե՞ նրանց քաղաքական կողմնորոշման մասին է:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է: Գործող իշխանությունների հետ սառը հարաբերությունների պարագայում, բնականաբար, պաշտոնական Կիեւը պետք է սատարի եվրոպամետ ընդդիմությանը: Գործերի ժամանակավոր հավատարմատարին ետ կանչելու որոշումն այս իմաստով կարող է ազդել Վրաստանի ներքաղաքական իրավիճակին:

Մանավանդ որ Ուկրաինայի արտգործնախարարը ոչինչ չի ասում Թբիլիսիում դեսպան կամ գործերի նոր ժամանակավոր հավատարմատար գործուղելու մասին, ինչը նշանակում է, որ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի հարցը Կիեւը կքննարկի միայն Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո:

Եթե ընտրություններում «Վրացական երազանքը» հաղթի, Կիեւը Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերությունները կսառեցնի՞: Մի քանի ամիս առաջ Ուկրաինան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել Յուրի Գուսեւին, ով պրոֆեսիոնալ դիվանագետ չէ եւ ծառայության է կոչվել ռազմա-արդյունաբերական համալիրից:

Թե ի՞նչ նկատառումներով է նախագահ Զելենսկին նման որոշում կայացրել՝ մնում է ենթադրել: Բայց Ադրբեջանի նախագահն Ուկրաինայի անկախության օրվա առթին ուղերձում ասել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի «շարունակի հումանիտար օգնություն ցուցաբերել ուկրաինացի բարեկամ ժողովրդին»:

Ուշագրավ է, որ Ուկրաինան Հայաստանի հետ նույնպես դիվանագիտական հարաբերություններ ունի գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով: Նա նույնպես ետ կկանչվի՞: