Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է արշավը դատական համակարգում հեղինակություն վայելող դատավորների դեմ։ Հիմա էլ թիրախում Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանն է։
Հրապարակ թերթը գրել է․ ՀՀ արդարադատության նախարարությունը երկրորդ կարգապահական վարույթն է հարուցել Վահե Միսակյանի նկատմամբ։ Դատական համակարգի մեր աղբյուրները հայտնում են, որ Միսակյանի լիազորությունները դադարեցվելու են, նրան չի ներվել Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը։
Նա նաեւ Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված գործն է քննում, եւ վարույթի հիմքում այս դատավարությունը ձգձգելու փաստն են դրել: Այս տարվա ապրիլի 4-ի որոշմամբ էլ էր ԲԴԽ-ն դատավոր Վահե Միսակյանին խիստ նկատողություն հայտարարել, որի «մարման» ժամկետը երկու տարի է, հետեւաբար, եթե նա երկրորդ տույժը ստանա, նրա՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը հեշտությամբ կլուծվի։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Վահե Միսակյանից, սակայն նա հրաժարվեց որեւէ բան ասել՝ նշելով, որ կարգապահականի քննության օրը կարող ենք գնալ եւ իրեն լսել։ Միսակյանից առաջ Բարձրագույն դատական խորհուրդը, հիշեցնենք, «լուծել էր» Մարտի 1-ի եւ այլ քաղաքական գործեր քննած դատավոր Աննա Դանիբեկյանի, դատական համակարգը քննադատող դատավոր Դավիթ Հարությունյանի «հարցերը», ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած Դավիթ Գրիգորյանից էին ազատվել։ Չենք կարող չնկատել, որ գրեթե բոլորը հայտնի, հեղինակություն վայելող, բարձր վարկանիշ ունեցող դատավորներ են։
Զրուցել ենք Դատավորների միության նախագահ, նախկին դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ: Հիշեցնենք, որ Ազարյանի լիազորությունները՝ որպես դատավորի, տարիներ առաջ դադարեցվեցին։ Հիմքը նրա դիմումն էր, սակայն հայտնի է, որ այն ժամանակ նրա նկատմամբ մեծ ճնշումներ են գործադրվել, մանավանդ այն բանից հետո, երբ ազատեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից։
– Պարոն Ազարյան, Դատավորների միությունը քննադատո՞ւմ է դատավորների դեմ կարգապահականների այս արշավը, ի՞նչ գնահատական կարող եք տալ։
– Դատավորների միությունը քննադատում է ցանկացած ապօրինություն։ Հաշվի առնելով, որ վերջերս ապօրինությունները շարունակվում են, պետք է մենք ընտրենք՝ ըստ ծանրության, թե որին արձագանքենք, որին մատների արանքով նայենք։
– Այս կարգապահականնե՞րն են ապօրինություններ։
– Ո՞ր կարգապահականների մասին է խոսքը։
– Քաղաքական գործեր քննած, քննադատական մոտեցմամբ հանդես եկող դատավորներից կարգապահականներով ազատվում են։ Օրինակ՝ Աննա Դանիբեկյանը, Դավիթ Հարությունյանը։
– Ցանկացած առիթ իրենք կարող են օգտագործել՝ վարույթ հարուցելու համար, իսկ որ մեկ հոգի է կարգավորում այդ ամբողջ գործընթացը, կամ ընդհանուր համագործակցելով են կարգավորում այդ հարցը, դա միանշանակ է։ Կոնկրետ ում, ինչի համար՝ դա երկրորդական է։ Ի դեպ, մենք հայտարարություն արել ենք, որ նույն խախտման համար մի դատավորի նկատմամբ ընդհանրապես վարույթ չի հարուցվել, իսկ մյուսի լիազորությունները դադարեցվում են։ Կա՛մ մարդը պիտի անասուն լինի, կա՛մ միտումնավոր այդքանն անի, թող իրենք ընտրեն։ Ասեք` Ազարյանն ընտրություն է բերում՝ կա՛մ դուք անասուն եք, կա՛մ միտումնավոր եք անում, այդքան բան։ Դուք հիշատակեցիք Դավիթ Հարությունյանին, ինչի՞ համար նրա լիազորությունները դադարեցրին։
– Նա քննադատում էր ԲԴԽ-ին, սուր էր խոսում, դա էր պատճառը։
– Պարոն Հարությունյանը միշտ էլ սուր կխոսեր, միշտ էլ սուր կգործեր, սակայն, եթե պարոն Հարությունյանը ոչ մի ձայն էլ չհաներ, միեւնույն է՝ նրա լիազորությունները դադարեցվելու էին, որովհետեւ քաղաքական կամքը գործող իշխանության՝ դա էր։ Ես չեմ ուզում ասել՝ հետագայում ով է այդ ցուցակում, հուսամ՝ այդ ժամանակը չի գա, իրենք չեն հասցնի անել։
– Կարո՞ղ ենք ասել, որ Կարեն Անդրեասյանի սուրը դատական համակարգում աջուձախ կտրում է, նա իր շուրջը հավաքել է մարդկանց, որոնք կատարում են նրա ամեն ասածը։
– Սուրն աջուձախ կտրելը վերջում ցույց կտա, տվյալ պահին նման գնահատական տալ չեմ կարող։ Այն, ինչ անում է այդ անձնավորությունը…:
– Ասացիք, որ Դատավորների միությունը հայտարարությամբ է հանդես գալու, դուք սահմանափակվելու եք միայն աղմուկ բարձրացնելո՞վ, թե՞ նաեւ որոշակի գործողություններ կան, որոնք կանեք։
– Մենք աղմուկ հանում ենք նաեւ միջազգային հարթակներում։ Անցած տարի դատավորների համաշխարհային միությունները դատապարտել են Հայաստանում տիրող իրավիճակը, գործող իշխանություններն անհասկանալի գնահատականներ էին հնչեցրել այդ գնահատականներին։ Բան չունեմ ասելու, շատ ավելի լավ կլիներ, որ մեր կողմից բարձրաձայնված խախտումներն արձանագրվեին, եւ դրանց արձագանքեին հեղինակավոր կառույցները, շատ ավելի հաճելի կլիներ։
ՀԳ․ Դատավորների միության նախագահը մեզ տեղեկացրեց, որ առաջիկա օրերին Միությունը հանդես կգա հայտարարությամբ։
Բաց մի թողեք
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»
Գերիների հարցը Ադրբեջանը չի էլ քննարկում