Ամանորը սարերի ետևում չէ, Գյումրին տոնին այսօրվանից է սկսել պատրաստվել։ Որոշվել է, որ քաղաքն իր կարգավիճակին վայել նոր քաղաքային տոնածառ է ունենալու։ Հինն արդեն պիտանի չէ, մետաղական կառուցվածքը վնասված է, ծուռ է ու վտանգավոր։
Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած ավագանու նիստում ներկայացված նախագիծը հաստատվեց։ Համայնքի բյուջեից 68 միլիոն դրամ կտրամադրվի տոնածառի, ևս 7 միլիոն դրամ էլ՝ ամանորի հին դեկորների նորոգման ու նոր զարդարանքների ձեռք բերման համար։
Ավագանին կողմ քվեարկեց, բայց ինչպես դեպքերի մեծ մասում՝ օդի մեջ։ Նոր տոնածառը թե որտեղից են գնելու, ինչ գնով, ինչ տեսք ունի այն ու ինչ նյութից է լինելու՝ ոչ նախագծում էր առկա, ոչ էլ հարցը զեկուցողն էր իրազեկ։ Լենա Ջիլավյանն ասաց՝ ինքը չգիտի, բայց տղաները տեսել, հավանել, ասել են շատ շքեղ տոնածառ է։ Արհեստական եղևնու ճյուղերից պատրաստված 25-30 մետր բարձրությամբ տոնածառ է լինելու։
«Զարթոնք» խմբակցությունից Գոռ Մանուկյանը նկատեց․
«Տիկին Ջիլավյան, ըմբես ախորժակով կներկայացնեք, ինչխոր իսկականից տեսել եք տոնածառի տեսքը։ Ինչից ելնելով է արժեքն այդքան գնահատվել»,- հարցրեց Մանուկյանը։
Տոնածառի արժեքը հայտնի չէ, ուստի ասել, որ հենց 68 միլիոն դրամով է այն գնվելու, սխալ է։ Լենա Ջիլավյանն ասաց՝ մրցույթ է լինելու, սովորաբար այդ մրցույթներից համայնքապետարանը շահում է, քանի որ լինում են ցածր գնառաջարկներ։ Այս դեպքում էլ դա բացառված չէ։
Ավագանու անդամներն առաջարկեցին հնարավոր տարբերակների լուսանկարներն ու տեխնիկական բնութագրերը հրապարակել քաղաքապետարանի կայքում, որպեսզի նաև քաղաքացիները կարողանան ընտրությանը մասնակցել, ինչը ողջունվեց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի կողմից։
Տոնածառի վիճակից, ըստ քաղաքապետի, հատկապես վերջին շրջանում գյումրեցիները շատ են բողոքել, ժամանակն է, որ քաղաքն իրեն վայել նորն ունենա։
«Ոչ մեկն էդ հին տոնածառը չի գնի, ծայրահեղ դեպքում կարելի է որպես ջարդոն հանձնել, անգամ մեր կողքի համայնքները դա չեն առնի, էդ մենք էինք, որ դիմացանք»,- ասաց Լենա Ջիլավյանը։
Ի դեպ, Գյումրին մինչ նախորդ տարի հրապարակը զարդարած տոնածառը ձեռք է բերվել 2000-ին։ Դրանից տասը տարի անց՝ 2015-ի հունվարին, ուժգին քամու հետեւանքով այն շրջվել և վնասվել էր։ Ամեն տարի այն բնական ճյուղերով զարդարելու, վերանորոգելու և անվտանգ մոնտաժելու նպատակով համայնքի բյուջեից մինչև 5 միլիոն դրամ է հատկացվել։
Բաց մի թողեք
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»
Գերիների հարցը Ադրբեջանը չի էլ քննարկում