13/10/2024

Ժողովրդին կոչով ոտքի հանել՝ պարալիզացնել ամեն ինչ․ Բազեյան

«Հրապարակի» զրուցակիցն է Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Հայոց աշխարհազոր» միավորման անդամ Ալբերտ Բազեյանը։

– Դուք ասացիք, որ այս իշխանությանը քաղաքական այլընտրանք է անհրաժեշտ։ Սրբազան շարժումն այդ այլընտրա՞նքը չէ։

– Սրբազանի շարժմանը մենք աջակցել ենք․ իմ նախաձեռնությամբ մենք հանդես եկանք հայտարարությամբ, որ ողջունում ենք Բագրատ սրբազանի կողմից համակարգվող բողոքի հանրային միջոցառումները։ «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման անդամներն ակտիվորեն մասնակցում են այդ միջոցառումներին։ Բայց մենք աննպատակահարմար ենք համարում Նիկոլ Փաշինյանի անվստահության հարցի քննարկումը գործող Ազգային ժողովում, որովհետեւ գործող ԱԺ-ում ՔՊ-ն ունի բացարձակ մեծամասնություն, եւ նրանք անվստահություն չեն հայտնի իրենց կողմից ընտրված վարչապետին։ Բայց սրբազանը շարունակեց ժողովրդին տանել ԱԺ-ի դեմ ցույցերի ու միտինգների, որպեսզի, իբր թե, այս ԱԺ-ն անվստահություն հայտնի Նիկոլ Փաշինյանին։ Անգամ եթե անվստահություն հայտնեին Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ն ուներ բացահայտ մեծամասնություն, իրենց կողմից Նիկոլ Փաշինյանի փոխարեն կապիկյանին, Պապիկյանին, Ալեն Սիմոնյանին կամ Միրզոյանին՝ որեւէ մեկին կընտրեին վարչապետ։

– Այդ ժամանակ Դուք հանդես եկաք առաջարկով։

– Մեր առաջարկը հետեւյալն էր․ մենք աննպատակահարմար ենք համարում այդ հարցի քննարկումն ԱԺ-ում, այն նույնիսկ չմտավ քննարկման ԱԺ։ Սրբազանի կոչով ոտքի ելած մեր հայրենակիցները՝ ավելի քան 70 հազար մարդ, պետք է պահանջեն Նիկոլ Փաշինյանի եւ այս կառավարության հեռացումն ու ԱԺ-ի լուծարումը։

– Իսկ Դուք հավատո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը սեփական կամքով կհեռանա։

– Սրբազանի կոչով չի հեռանա, որովհետեւ չկա այլընտրանք, հանրությունը չի տեսնում այլընտրանք։ Սրբազանի կողքերն ովքե՞ր են՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ»-ը։ Հանրությունը նայում է՝ նույն դեմքերն են, նույն մարդիկ են։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հանրությանն անընդհատ վախեցնում են նախկինների վերադարձով եւ պատերազմի վտանգով։ Իրենք էլ իբր թե խաղաղություն նախաձեռնողներն են․ խաղաղությունը չեն մուրում՝ խաղաղությունը ստանում են ուժով, ինչպես Նժդեհն է ասել՝ ազգամիջյան հարաբերություններում ուժն է ծնում իրավունք։ Հիմա ադրբեջանցիներն անընդհատ պահանջում են, ու տվել է։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի համաձայնագիրը որ կնքել է, կնքել է հեռավար, միայնակ, ինքը որոշել է` կնքել է այդ համաձայնագիրը, հանձնել թուրքին ոչ միայն այն տարածքները, որ նրանք զավթել էին, Աղդամ, Ֆիզուլի, Զանգելան, Ջեբրայիլ, Կուբաթլի եւ այլն, այլ նաեւ այն տարածքները, որ մեր զինվորներն ու ազատամարտիկները պահել են։ Տվել է ու թղթի վրա հանձնել, ամբողջ Քարվաճառի շրջանը, ամբողջ Բերձորի շրջանը՝ ավելի քան 3000 քառակուսի կմ տարածք՝ կատարելով իշխանազանցություն եւ դավաճանություն։ Նիկոլ Փաշինյանը եւ նրա գաղափարակից պաշտոնյաներն իշխանափոխությունից հետո պետք է ենթարկվեն ՀՀ օրենքով սահմանված կարգով դատական պատասխանատվության՝ մեր ժողովրդին, մեր հաղթական, մեր տաղանդավոր ժողովրդին պարտության մատնելու, մեր երկիրը հանպատրաստից պատերազմի տանելու համար, մեր հայրենիքի մի զգալի հատվածը՝ Արցախն ու Հայաստանից էլի տարածքներ, կարեւոր դիրքեր թշնամուն հանձնելու համար։

– «Հայաստանը ես եմ» նախաձեռնության բացմանն էիք Դուք օրերս ներկա։ Հույսե՞ր եք կապում նման նախաձեռնությունների հետ, որ դրանցով հնարավոր է ինչ-որ բան փոխել։

– Մեր մոտեցումը հետեւյալն է․ այս նախաձեռնությունը եւ մի շարք այլ կազմակերպություններ, նաեւ՝ մեր կազմակերպությունը՝ «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումը, մի շարք քաղաքական կուսակցություններ` 150 կուսակցություն կա Հայաստանում, իմաստ չունի նոր քաղաքական կուսակցություն հիմնել, պետք է փորձել համախմբել բոլոր ազգային, ընդդիմադիր առողջ ուժերին, նախաձեռնությունները, ինչպես այս նախաձեռնությունը, հասարակական կազմակերպություններին, տարբեր ուղղություններով գործող, բացի երկարապահի վերնախավից՝ Ազատամարտիկների միություն, Ֆիդայիների միություն, Արցախի պատերազմի վետերանների միություն, պահեստազորի զինվորականներ, պաշտպանության նախարարության, ներքին գործերի համակարգի, ԱԱԾ պահեստազորի միություն, հիմնադրամներ, մարզական-մշակութային միություններ ու առանձին անհատներին համախմբել, ձեւավորել պայմանական՝ Համահայկական միացյալ դաշինք, եւ մի գեղեցիկ օր՝ աշնանը` նոյեմբերին կամ դեկտեմբերին, ժողովրդին կոչ անել կանգնել ոտքի՝ անհնազանդություն այսօրվա իշխանությանը։ Պարալիզացնել ամեն ինչ․ այդ ո՞նց էին նիկոլականները փակում ճանապարհներ, խաչմերուկներ, եկան մերժելով՝ մերժիր նախկիններին, մենք գալու ենք հանուն-ով՝ հանուն Հայաստանի հզորացման։

– Կոչեր եք անում, որոնք այս իշխանություններին դուր չեն գա։ Մտավախություն չունե՞ք, որ նորից գործ կհարուցեն։

– Ես պատասխանատու եմ իմ բոլոր ասածների համար։ Ես սա ասել եմ նաեւ իմ մյուս հարցազրույցների ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը պլանավորված, պայմանավորված մեր երկիրը տարավ հանպատրաստից պատերազմի։