Սեպտեմբերի 11-ից մինչև 17-ը հանդիպող կիրակի օրը (այս տարի՝ սեպտեմբերի 15-ին) Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը:
Այն նվիրված է Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու փառաբանության հիշատակին: Խաչվերաց նշանակում է խաչը վեր բարձրացնել:
Պատմությունն ավանդում է, որ 614 թ-ին պարսից Խոսրով Բ Փարվեզ (590-628թթ.) թագավորը հարձակվեց Երուսաղեմ քաղաքի վրա և գրավեց այն: Պարսից զորքն ավերակների վերածեց քաղաքը, ժողովրդի մի մասին սրի քաշեց, մի մասին էլ գերի տարավ: Պարսից զինվորները թալանեցին նաև Ս. Հարություն տաճարը՝ իրենց հետ տանելով այն Խաչը, որի վրա խաչվել էր Հիսուս Քրիստոսը:
Հունաց Հերակլ կայսրը, որը աստվածապաշտ էր ու քրիստոսասեր, չհանդուրժեց Խաչափայտի գերեվարումը: Ս. Խաչը վերադարձնելու համար նա սրբազան պատերազմ սկսեց Խոսրով արքայի դեմ: Հերակլի զորքում կռվում էր նաև հայկական զորագունդը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:
Աստված տեսիլքով հայտնվեց կայսրին ու ասաց. «Դու կհաղթես այս պատերազմում, որովհետև քո գործն արդար է»: Այդպես էլ եղավ. Հերակլը հաղթեց և ազատագրեց Տերունական Խաչը: Հաղթական զորքը, ժողովրդի մեծ բազմության հետ միասին, ցնծությամբ և փառաբանությամբ Պարսկաստանից, Հայաստանի միջով անցնելով՝ Խաչը բերեց Երուսաղեմ և կրկին զետեղեց Ս. Հարություն տաճարում:
Խաչվերացին ժողովուրդը բազմաթիվ ուխտագնացություններ է կատարում, հատկապես Ս․ Խաչի անունը կրող սրբավայրեր:
Խաչվերացի կամ Սըրբխեչի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Տոնը կոչել են նաև Ուլնոց: Խորոված ուլը կոչվում է «խրովու», իսկ ուլի ճարպով ներծծված ձավարի փլավը` «քաշկակ»: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել: Տոնին նվիրված կերակրատեսակներից են ուլի խորովուն, մշոշը, ղափաման, գաթան, ոսպով շորվան:
Խաչվերացի տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն:
Կիրակի երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Եկեղեցում խաչը զարդարում են գույնզգույն ծաղիկներով և ռեհանով և դուրս հանելով՝ պտտեցնում եկեղեցու շուրջը, որն արձագանքն է Խաչափայտի՝ գերությունից հետ դարձնելիս Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով հետ՝ դեպի Երուսաղեմ տանելու: Կատարվում է անդաստանի կարգ:
Քահանան խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն հայցելով Աստծուց և վարդաջուր ցողում հավատացյալների վրա: Արարողությունից հետո սկսում է երեկոյան ժամերգությունը:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին`հետները ունենալով մրգեղեն, հատկապես խաղող, ձմերուկ, խմորեղեն, կաթնասեր, կանաչեղեն, պանիր: Այդ օրը գերեզմանատուն տարվող մրգերը «նան ու տրի» էին կոչում:
Բաց մի թողեք
26-ամյա աղջիկը բենզինով լցված տարայով մտել է հայտնի «88» սուպերմարկետ և սպառնացել, որ կայրի․ Լուսանկար
Լույս աշխարհ են եկել պատերազմում անմահացած Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը․ Տեսանյութ, Լուսանկար
4 տարի անց Հայկ Մանուկյանին տրվեց վերջին հրաժեշտը՝ իր իսկ ծննդյան օրը. Լուսանկար