Հայկական Կարմիր խաչի շուրջ ստեղծված իրավիճակը կարծես դեռ լիովին չի հանդարտվել։ Այս տարվա փետրվարից սկսած կառավարման ճգնաժամը ընկերության շուրջ որոշակի պահպանվում է:
Հիշեցնենք՝ ՀԿԽԸ-ում ամեն բան սկսվել էր նրանից, երբ փետրվարի 15-ին կազմակերպությունը մեծ համագումար էր հրավիրել և նախագահ ընտրել ընկերության գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին: Որոշ ժամանակ անց, սակայն, պարզվել էր, որ այդ փաստը հեղինակավոր կազմակերպության նախագահողների սրտով չէ, որի կազմում է նաև կազմակերպության նախկին նախագահ Մխիթար Մնացականյանը: Նրանք ընտրությունը որակել էին անօրինական, Եղիազարյանին էլ՝ մեղադրել քրեորեն հետապնդելի արարքներ կատարելու համար, քանի որ դրանից առաջ Եղիազարյանը, նրանց խոսքով, հրաժարվել էր ներկայացնել 2024 թվականի կառույցի բյուջեի հաշվետվությունը:
Դրանից որոշ ժամանակ անց՝ մայիսին, Հայկական Կարմիր խաչում նորից կայացել էր ընկերության 28-րդ տարեկան համագումարը։ Համագումարի ընթացքում մասնակից 45 պատվիրակները ՀԿԽԸ նախագահի պաշտոնում առաջադրել էին ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Ներսիսյանի թեկնածությունը։ Փակ գաղտնի քվեարկությամբ 45 կողմ արդյունքով (բացարձակ միաձայն) նախագահ էր ընտրվել Դավիթ Ներսիսյանը։
Օրերս էլ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել էր Հայկական Կարմիր խաչ ընկերության նոր նախագահին՝ Դավիթ Ներսիսյանին, ընտրվելու առթիվ:
Այնուհետև ընկերության «Ֆեյսբուք»-ի էջում հայտարարություն տարածվեց, որտեղ նշվում էր. «Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) զավթած խումբը մոլորեցնում է հանրությանը և միջազգային գործընկերներին․ «նախագահը» անօրինական է, իսկ գործադիր տնօրենի ժ/պ ներկայացող անձը գրանցված չէ պետռեգիստրում»։
«Հայկական ժամանակ»-ը կատարվածը հասկանալու համար այցելել է ընկերություն, որտեղ մեզ պարզաբանեցին, որ ընկերությանը չի հաջողվել վերականգնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց պաշտոնական էջը, որը տնօրինում է ընկերության նախկին գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և նրա թիմը։ Ներկայիս տնօրինությունը հասանելիություն ունի միայն Հայկական Կարմիր խաչի պաշտոնական կայքէջին։
Մեր այցելության պահին ընկերության նախագահը տեղում չէր: Մեզ հետ զրույցում Կարմիր խաչ ընկերության լրատվության բաժնի ղեկավար Արթուր Հովհաննեսյանը անդրադարձավ մյուս կողմի պնդումներին, որոնք շարունակում են նոր նախագահի ընտրությունները անօրինական համարել:
«Նախ՝ իրենք նշում են, որ գործադիր տնօրենի ժ/պ ներկայացող անձը գրանցված չէ պետռեգիստրում, բայց ընկերության ողջ պատմության մեջ նախագահը երբեք չի գրանցվել, դա տարրական գիտելիք պահանջող բան է, չնայած իրենք էլ դա գիտեն։ Հիմա մեր գլխավոր տնօրենը արձակուրդում է, արձակուրդի ընթացքում նման բան չի լինում, որ պետռեգիստրում գրանցված լինի նրան փոխարինող ժ/պ-ն։ Ի՞նչ է՝ իրենք արձակուրդ են գնացել, իրենց փոխարինողը գրանցվե՞լ է պետռեգիստրում»,- ասաց նա:
Վերջինս մեզ վստահեցրեց, որ ընկերությունը այժմ աշխատում է բնականոն հունով, նույնիսկ առաջիկայում (սեպտեմբերի) միջոցառում ունեն․ Կարմիր խաչի կամավորների իրականացրած լուսանկարչական դասընթացի ֆոտոցուցահանդեսն է լինելու Երևանի Անգլիական այգում։
«Մենք շաբաթը երկու-երեք պաշտոնական հանդիպումներ ենք անում, ուղղակի այս պահին չունենք հասանելիություն սոցցանցերին, իսկ նմանօրինակ հայտարարությունները կայքում տեղադրել նպատակահարմար չենք համարում, ընտրել ենք այլ քաղաքականություն, օրինակ՝ հանդիպման մասին գրառումը անձամբ Ֆրանսիայի դեսպանատունն է տեղադրել։ Չեմ կարծում, որ դեսպանատունը այն աստիճան միամիտ է, որ իրականությունը ապատեղեկատվությունից չկարողանա տարբերակել»,- ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ ընկերությունը ֆինանսական որևէ խնդիր այս պահին չունի․ «Վերջերս Հունգարիայի կառավարությունն է հուշագիր ստորագրել մեզ հետ՝ կապված Լոռու մարզի աղետից տուժածների կենսաապահովման պայմանների բարելավման հետ և ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քաղաքացիների օժանդակություն տրամադրելու նպատակով։ Համագործակցություն կա նաև Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի հետ տարբեր ուղղություններով։ Դրական ծրագրեր ենք բերում Հայաստան։ Մարզերի մեր բոլոր ներկայացուցիչներն էլ շարունակում են աշխատել»։
Ըստ Հովհաննեսյանի՝ այս պահին աշխատանքներ են տարվում «Մետայի» գրասենյակի հետ, որպեսզի կարողանան վերականգնել ընկերության պաշտոնական էջը։ Նախկին և ներկա նախագահների հետ կապված բազմաթիվ գործեր կան դատարանում, որոնց մասին ինքն այլ տեղեկություններ չի կարող տրամադրել։
Նոր ընտրված նախագահին մերժող կողմն էլ վստահ է՝ շուրջ 8 ամիս տևող այս պայքարում հաղթանակը իրենցն է լինելու։ Մեզ հետ զրույցում ընկերության լրատվական բաժնի նախկին ղեկավար Նունե Գրիգորյան նշեց՝ ընկերությունը շարունակում է զավթած պահել Մխիթար Մնացականյանի ընտանիքը, որին չեն մասնակցել 12 մարզերի կեսը՝ համարելով, որ արտահերթ համագումար արդեն կազմակերպվել է փետրվարին, և նախագահը միայն Աննա Եղիազարյանն է:
«Ավելին՝ ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչության գործակալությունն իր արդեն 2 կարգադրագրերով հաստատել է, որ ՀԿԽԸ 28-րդ արտահերթ համագումարում միաձայն նախագահ ընտրված Աննա Եղիազարյանին, որը զբաղեցնում էր ՀԿԽԸ գործադիր տնօրենի պաշտոնը, նշված անօրինական խմբակը աշխատանքից հեռացրել էր անօրինական հիմքերով և պարտավոր է չեղյալ համարել այդ որոշումը և վերականգնել նրան իր պաշտոնում։ Պետռեգիստրը չի գրանցել Եղիազարյանի արդյունքները, ինչը մենք բողոքարկել ենք, սակայն արդարադատության նախարարն էլ է խուսափել գնահատական տալուց»։
Վերջինս վստահ է, որ Մնացականյանը «զավթել է» ընկերությունը, ընթանում է անորակ կառավարում, Կարմիր խաչը դուրս է մնացել բոլոր ոլորտներից, որոնցում նախկինում առաջատար էր։ Ինչ վերաբերում է Հովսեփյանի նշած ծրագրերին, ապա, ըստ Գրիգորյանի, բոլոր ծրագրերը նախորդ թիմի աշխատանքի արդյունքն են, սակայն արվում են անորակ:
Ըստ նրա՝ Աննա Եղիազարյանը շարունակելու է որպես ընտրված նախագահ պայքարել օրինականության վերականգման համար։
Բաց մի թողեք
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»
Գերիների հարցը Ադրբեջանը չի էլ քննարկում