13/10/2024

Չնայած թշնամանքին, որով ՌԴ-ն ցանկանում է ճնշում գործադրել, Հայաստանը շարունակում է իր ուղին․ Ֆրանսիայի արտգործնախարար

Ֆրանսիան շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանին աջակցությունը։

Այս մասին Երևանում՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։

«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունն՝ իր ատարածքը, իր բնակչությանը։ Բարեկամների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնագավառում, և մենք դա անում ենք՝ ևս մեկ անգամ սուվերենության հարգանքով և առանց որևէ էսկալացիայի կամքի», – ընդգծեց նա։

Վերջինս նկատեց նաև՝ Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է։ Ֆրանսիայում շատ քիչ թեմաներ կան, որոնց շուրջ բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են, և Հայաստանը դրանցից մեկն է․ «Չնայած սպառնալիքներին, չնայած ակնհայտ թշնամանքին, որը Ռուսաստանը դրսևորում է և ցանկանում է ճնշում գործադրել, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարություն և ազատություն, փուլ առ փուլ առաջ է գնում», – ասաց Սեժուրնեն՝ շեշտելով, որ սա է պատճառը, որ Ֆրանսիան աջակցում է նաև Ուկրաինային։

«ՀՀ Արտաքին գործերի նախարարի հետ խոսել ենք տարածաշրջանային իրավիճակից, այս համատեքստում նշեմ՝ Ֆրանսիան աջակցում է հնարավորինս արագ ստորագրումը մի պայմանագրի, որ արդար և կայուն խաղաղություն կհաստատի տարածաշրջանում՝ հարգելով երկու երկրների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցից հետո լրատվամիջոցների համար հայտարարությունների ժամանակ ասել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

«Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և համագործակցության մի շրջան, որը նաև Հայաստանին առևտրի, զարգացման և բարգավաճման հնարավորություն կտա։ Հայաստանը ցանկանում է խաղաղություն, ֆրանսիան և միջազգային հանրությունը ցանկանում են խաղաղություն։ Ադրբեջանը շուտով կհյուրընկալի COP29 և նրա պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության նախքան COP29-ը»,- ասել է ֆրանսիացի նախարարը:

Սեժուրնեի խոսքով՝ Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին նաև եվրոպական հարթակներում, դիտորդական առաքելությունը պետք է շարունակվի։