Սեպտեմբերի 16-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Անկախությանը նվիրված ընդունելություն, որին մասնակցեցին ԱՄՆ գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես՝ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման, ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալ Իզոբել Քոլմանը, սենատոր Էդ Մարքին, կոնգրեսական Ջիմ Կոստան, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմըն Վիլսոնը, Համաշխարհային բանկի՝ Հայաստանի գծով գործադիր տնօրեն Յուջին Ռուգենաաթը, Միջազգային Հանրապետական ինստիտուտի փոխնախագահ Սթիվեն Նիքսը։
Միջոցառմանը ներկա էին նաև ԱՄՆ պաշտպանության, առևտրի դեպարտամենտներից, Վաշինգտոնում գործող ուղեղային և վերլուծական կենտրոններից, միջազգային, միջկառավարական, մշակութային, կրթական կառույցների, Կոնգրեսի անդամների աշխատակազմերի, ինչպես նաև ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հյուրերին ողջունեց դեսպան Մակունցը, ով, անդրադառնալով օրվա խորհրդին, ներկայացրեց ՀՀ անկախության 33 տարիների հիմնական ձեռքբերումները։ Դեսպանն ընդգծեց վերանկախացումից ի վեր ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները և վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների խորացումն ու առաջընթացը։
Դեսպանն ընդգծեց ՀՀ և ԱՄՆ կառավարությունների հանձնառությունը բարձրացնելու հարաբերությունների ներկա մակարդակը Ռազմավարական Գործընկերության։ Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության օրակարգին Հայաստանի հավատարմությանը՝ դեսպանը երախտագիտություն հայտնեց ԱՄՆ վարչակազմին թե՛ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն ուղղված բանակցություններին աջակցելու, և թե՛ 2021 և 2022 թվականներին Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու ջանքերի համար։
Հավելեց, որ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձնելուն ուղղված աշխատանքները շարունակվելու են։ Նշեց, որ տարածաշրջանում կայուն խաղաղության օրակարգի հանձնառության վառ օրինակ է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ բարձր գնահատելով ամերիկյան կառավարության աջակցությունը այդ նախաձեռնությանը։
Դեսպանը երախտագիտություն հայտնեց Կոնգրեսում հայկական հարցերի հանձնախմբի՝ Հայաստանի և ԱՄՆ միջև կապերի ամրապնդմանն ուղղված երկարամյա աշխատանքի համար։
Իր ելույթում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման ընդգծեց ԱՄՆ-ում հայ համայնքի էական ներդրումը երկրի զարգացման գործում։ Նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը և շարունակում են վերելք ապրել։ Հիշատակեց պետքարտուղար Բլինքենի խոսքերն ուղղված ՀՀ վարչապետ Փաշինյանին օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, այն է՝ «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ աջակցելու բարեկեցիկ, ժողովրդավար և անկախ Հայաստանին»։
Հաջորդիվ ելույթ ունեցավ ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալ Իզոբել Քոլմանը՝ ներկայացնելով ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։ Տիկին Քոլմանը շեշտեց 2018 թվականից հետո ՀՀ-ին տրամադրվող աջակցության կրկնապատկումը, հիշատակեց Գործակալության՝ ԼՂ-ից տեղահանված ավելի քան 100 հազար հայերի հումանիտար կարիքների բավարարմանն ուղղված աջակցությունը։ ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի ակտիվ անդամ, կոնգրեսական Ջիմ Քոստան ընդգծեց հանձնախմբի շարունակական պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին առնչվող հարցերում, նշեց, որ ԱՄՆ պետք է ամուր կանգնած լինի Հայաստանի կողքին՝ որպես բարեկամ։
Միջոցառմանը հնչեցին հայ կոմպոզիտորների հայտնի գործեր՝ տաղանդավոր քանոնահարուհիներ Լիլիա և Ալեքսանդրա Եարալեանների կատարմամբ։
Բաց մի թողեք
Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ խոսնակ
Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով. ՊՆ. Լուսանկար
Կինս ասաց՝ ինչ ուզում ես արա, բայց քաղաքականությամբ չզբաղվես. բելգիացի գործարարը նշանակվել է Ֆլանդրիալում ՀՀ հյուպատոս