13/10/2024

2018 թ․ շարժումից առաջ և հետոների միջև կտրուկ տարբերություն կա

Մենք արդեն մի քանի հրապարակում արել ենք մեզանում գործող քաղաքացիական նախաձեռնությունների, շարժումների մասին: Այսօր կանդրադառնանք «Բաբոն տեր ա» քաղաքացիական նախաձեռնությանը, որը որոշել է կենտրոնանալ կրթական թեմաների վրա։

Հրապարակ թերթը գրել է․ Դեռ երկու-երեք ամիս առաջ խմբի անդամները՝ կանայք, կոչ էին անում հասարակությանը՝ միավորվել հայանպաստ եւ հանուն Արցախի գաղափարների ու նախաձեռնությունների շուրջ, կանգնել տղամարդկանց կողքին եւ պայքարել Հայաստանի եւ Արցախի համար։ Նաեւ խոստանում էին, որ փողոցային պայքարի ակցիաներ են անելու։  Այսօր իրավիճակ է փոխվել` որոշել են զբաղվել կրթությամբ։

«Ոչ թե ակցիաների, այլ երեխաների վրա ենք կենտրոնանալու։ Ոչ միայն Արցախի, առհասարակ, երեխաների։ Ուսուցումն ու զարգացումը որպես ռազմավարական ուղղություն ենք դիտարկում»,- ասում է «Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնության համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանը։

Այժմ ակտիվ շրջան է, օր առաջ խաղաղության պայմանագիր ենք ստորագրում, առանց պահանջներ դնելու Ադրբեջանի առաջ, այս ամենը «բաբոներին», իհարկե, հուզում է, բայց այս պահին նրանք կոնկրետ պլաններ չունեն։ «Մենք քննարկումների մեջ ենք, ամեն դեպքում, մենք քաղաքացիական նախաձեռնություն ենք, ոչ քաղաքական, եւ այն հարցերը, որ դուք բարձրաձայնում  եք, դրանք քաղաքական են, պետք է լծակ ունենաս, որ ազդես դրանց լուծման վրա։ Ակցիաները ակցիաներով, բայց չենք գտնում, որ հենց էնպես դուրս գանք փողոց, դա օգուտ է տալու։ Բայց, իհարկե, որպես քաղաքացիական նախաձեռնություն, ակտիվ ենք լինելու»,- ասում է Սոնան։

Եթե Բաբոն տեր է, ուրեմն նախեւառաջ տեր է իր ժողովրդին, իր հայրենիքին, դեպի նշանավոր «Բաբո» նրա վերադարձի իրավունքին, որի մասին Փաշինյանը ոչ մի պահանջ չի դնում ու, հավանաբար, չի էլ բանակցում։ Գուցե «Բաբոն տեր ա» շարժումն այլեւս ռեալ չի՞ համարում վերադարձն Արցախ։ «Ռեալությունը չափելու համար բազմաթիվ հարցեր կան, որ պետք է հաշվի առնել, ու միայն հայաստանյան քաղաքացիական նախաձեռնությունները չեն  կարող պատասխանել։ Եթե վերադարձի թեման քննարկվի քաղաքացիական նախաձեռնությունների մակարդակով, դա երբեք տեղի չի ունենա, դա անհնար է։ Սա բազմաշերտ, աշխարհաքաղաքական պրոցես է, սկսած ԱԳՆ-ից, դա մեր պետական ուղեծիրը պետք է լինի, որ մենք հասկանանք, թե ուր ենք գնում, ինչի համար ենք գնում։ Արցախցիներին եթե հարցնենք, իհարկե, սա օրակարգային հարց պետք է լինի, մեզ համար դա ակտուալ օրակարգ է, բայց այդտեղ անվտանգային լուրջ խնդիրներ կան, արցախցիներն առաջինն են ուզում վերադառնալ, բայց որո՞նք են նրանց անվտանգության երաշխիքները։ Այսօր ընդհանրապես այդ խոսակցությունը չի տարվում, այսօր անհանգստանում ենք արդեն Հայաստանի անվտանգության մասին, եւ Արցախի հարցն այսօր շատ քիչ մարդիկ են արծարծում, որովհետեւ հասկանում են, թե ինչքան դժվար, ինչքան բազմաշերտ է խնդիրը»,- բացատրում է Սոնա Հովհաննիսյանը։ Նրա հետ զրույցը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ պատերազմից, հազարավոր տղաների, Արցախի կորստից հետո հասարակության մեջ դեպրեսիոն տրամադրություններ են տիրում, եւ սա անդրադառնում է քաղաքացիական ակտիվության վրա։

2018 թվականից առաջ եղած շարժումները՝ «Փրկենք Թեղուտը», «Պահպանենք Թռչկանի ջրվեժը», «Բանակն իրականում»-ը, «Սկսել ա», «Չենք լռելու» եւ այլն, այսօրվա բուռն ոստիկանական մարտերի միջով անցնող, հուսահատ շարժումների կողքին «տունտունիկ» խաղն են հիշեցնում։ Բայց նաեւ այդ շարժումներն ու նախաձեռնությունները նախապատրաստեցին 2018-ի դեպքերը:

Ազգագրագետ, մարդաբան Աղասի Թադեւոսյանը, որն ուսումնասիրություններ ունի քաղաքացիական նախաձեռնությունների զարգացման, նաեւ քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ, կարծում է, որ 2018 թվականից հետո քաղաքացիական նախաձեռնությունների բնույթը փոխվել է։ Կարելի՞ է ասել, որ քաղաքացիական ակտիվիզմի ավանդույթը Հայաստանում 2018 թվականից հետո ընդհատվեց։ «Չի կարելի ասել, որ դա ավանդույթ էր, փորձ էր արվում ձեւավորելու նման ավանդույթ, որը, այո, ընդհատվեց ու այս պահին չկա, իսկ հետո կլինի, թե ոչ, թե` այլ արտահայտություն կստանա, մի քիչ բարդ է ասել»,- պատասխանում է փորձագետը: Ըստ նրա՝ 2018 թվականից առաջ եւ հետո եղած շարժումների միջեւ կտրուկ տարբերություն կա։

«Եթե մենք նայում ենք 2000-ականների՝ 2007, 2008, 2010 թթ․, «Էլեկտրիկ Երեւանը», որով վերջացավ այդ փուլը, ապա տեսնում ենք, որ այս նախաձեռնությունները ոչ թե դուրս էին գալիս ինչ-որ մեկին ոչնչացնելու, ատելության խոսքով, քարոզով, այլ քննադատում էին կառավարության այս կամ այն արարքը, որն ուղղված էր արտոնյալ խմբերին իրավունքներ տալուն։ Օրինակ, Մաշտոցի պուրակը հանրությունից վերցնելուն ու օլիգարխներին հանձնելուն։ Այսինքն՝ դրանք համախմբում էին հանրությանն այսինչ խնդրի լուծմանը՝ լինի դա հանրային տարածքների կամ քաղաքացիների շահերի պաշտպանություն։ Քաղաքացիականությունը, անկախ նրանից՝ մարդը պրոֆեսոր է, թե տաքսու վարորդ կամ տնային տնտեսուհի, նրա կարծիքը լսելի դարձնելն է, նրա շահերը պաշտպանելն է, եւ սա է քաղաքացիական նախաձեռնությունների իմաստը»։ Այսինքն՝ քաղաքական պահանջի շուրջ չե՞ն կարող մարդիկ համախմբվել։

«Քաղաքականը իշխանության փոփոխության խնդիրն է, որն էլի դեմոկրատական հասարակության համար լուրջ խնդիր է, բայց այդ դեպքում դրան հասնելու դեմոկրատական ճանապարհներ կան։ Դրանք ընտրական մեխանիզմներն են՝ քարոզչական պայքար, ծրագրեր, ընտրողների համակրանքին արժանանալ, ձայներ հավաքել եւ այլն։ Եթե շարժումը ո՛չ քաղաքական է, ո՛չ քաղաքացիական, ապա դա մանիպուլյատիվ մի բան է»,- ասում է Աղասի Թադեւոսյանը։

Իսկ ի՞նչ անեն անկուսակցական մարդիկ, որոնք չունեն կուսակցություն, բայց անհանգիստ են իրենց երկրի ճակատագրի համար։ «Քաղաքացիական շարժումները կարող են նաեւ ազգային խնդիրներ բարձրացնել, կարեւորն այն է, որ այդ ընթացքում հասարակության մի հատվածն ագրեսիվ կոչերով չվերաբերվի մյուսին, չսահմանափակի, չճնշի նրա ազատ արտահայտման իրավունքը, չհամարի նրան ազգից դուրս, պիտակավորի որպես դավաճանների, իսկ դավաճանին ինչ ասես, կարող են անել, ընդհուպ փողոցում քարկոծելով սպանելը, բայց սա քաղաքացիականության հետ կապ չունի»,- ասում է Աղասի Թադեւոսյանը։