09/10/2024

ՔՊ-ականի եղբորորդուն ազատել են բանակից․ Լուսանկար

Սյունիքի Տեղ գյուղի վարչական ղեկավար, ՔՊ-ական Դավիթ Ղուլունցի ազգուտակը բանդիտական եղանակներով փորձում է լռեցնել ընդդիմախոսներին։ Ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը հերթական անգամ ծեծի է ենթարկվել, այս անգամ՝ Ղուլունցի եղբոր՝ Սասունի կողմից։

Հրապարակ թերթը գրել է․ «Երեկ փողոցում քայլում եմ, հելել են դեմս՝ ծեծում են։ Դեմ-դիմաց խոսում էինք, ռեզկի խփեց ականջիս տակը»,- մեզ պատմեց նա։ Ղուլունցների «դռբի տակ ընկնելու» պատճառը, ասում է, նրանց թալանի մասին բարձրաձայնելն է․ «Իրենց դուր չի գալիս, որ ես խոսում եմ։ Հիմա արդեն կպել են իմ անձնականին, ընտանիքիս հասցեին հնչեցրել են անձնական հայհոյանքներ։ Երեկ որ սաղ է մնացել Ղուլունցը, իմ զինվոր երեխայի խաթր է»։ Զեյնալյանը նշում է, որ համայնքի ղեկավարը, նրա ազգականները սուբվենցիոն ծրագրերից փող են աշխատում. «Գյուղի անասնաբուժարանը, որ Ղուլունցները գողացել էին, վերադարձրել եմ բնակիչներին։ Թող ցույց տան, թե սուբվենցիոն ծրագրերն ինչ նպատակով են ծախսում, ոնց ա ստացվում, որ համայնքապետն իր եղբորորդուն ազատում է բանակից, իսկ մեր երեխան պիտի ծառայի։ Ո՞ւմ երեխայից ա լավ իր երեխան, որ ազատել ա բանակից։ Վաղը գործի դնելուց ասելու են՝ մի քանի պատերազմների մասնակից է։ Ես պիտի փողոցում վախենալով քայլեմ, մտածեմ, որ ես ու իմ ընտանիքը գյուղամեջ չենք կարող դուրս գալ»։

Զեյնալյանի խոսքով՝ Ղուլունցները ստվերային բիզնեսներ ունեն, հարկեր են թաքցնում պետությունից, իրավապահ համակարգն էլ աչք է փակում։ «Փաշինյանն ասում է՝ ով հարկ չի տալիս, պիտի պատասխանատվության ենթարկվի։ Ինչո՞ւ չեն գալիս Ղուլունցի ու իր եղբոր տարածքները նայեն։ Խանութներ ունեն, ավտոլվացման կետ, գյուղը ջուր չունի` իրենց ավտոլվացման կետն ամեն օր ջուր ունի։ Թող տեսնեն` ինչքան տարածք ունեն, որն է օրինական, որը՝ անօրինական։ Այստեղ մեծ թալան է գնում։ Հարկայինից թաքցնում են խանութները, իրենց փռի աշխատողներին են թաքցնում։ 3 կմ ընկույզի ծառ են կտրել, որ իրենց թոնրատանը հաց թխեն ու վաճառեն մանկապարտեզին՝ 229 դրամով։ Միայն հացը չէ, այլ սնունդ էլ են վաճառում»,- ասաց ավագանու անդամը։ Նա գնումների ցուցակ է ուզել մանկապարտեզից՝ չեն տվել։ «Գրավոր դիմել եմ՝ չեն պատասխանել։ Շաքարավազը 440 դրամով են տալիս մանկապարտեզին, էս մարդիկ երեխաների վրա են փող աշխատում»։ Զեյնալյանը դիմել է Սյունիքի ոստիկանություն, բայց պատասխան չկա։

Փորձեցինք Դավիթ Ղուլունցից ճշտել` իրո՞ք իր եղբորորդուն՝ Արման Ղուլունցին ազատել են բանակից։ Սակայն նա այնքան զայրացավ հարցից, որ սկսեց անձնական վիրավորանքներ հնչեցնել ու բղավել. «Եղբորիցս հարցրեք»։

«Հրապարակ». ՔՊ-ականի եղբորորդուն ազատել են բանակից