Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Հայաստանի Քննչական կոմիտեի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի հանրապետությունում իշխանությունը զավթելու փորձն իրականացվել է Ռուսաստանում ռազմական վերապատրաստում անցնող քաղաքացիների կողմից, միտումնավոր տարածված կեղծիք է` «տեղի ունեցածի մեջ ռուսական հետք գտնելու ցանկությունն անհեթեթություն է», ասաց Զախարովան։
Հրապարակ թերթը գրել է․ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ՌԴ-ն, ի տարբերություն Արևմուտքի, չի միջամտում այլ պետությունների գործերին»,- լրագրողի հարցին պատասխանել է Զախարովան։ Այս հայտարարությունն էլ է անուղղակիորեն հաստատում շրջանառվող լուրերը, որ այս գործը սարքված է` հակառուսական տրամադրությունները ստեղծելու նպատակով։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 18-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ մի խումբ անձինք պատրաստվում էին` նախնական համաձայնությամբ` յուրացնելու իշխանությունը։ 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Բոլորի անունները գաղտնի են պահվում, սակայն առաջին իսկ օրը մեզ հայտնի դարձավ, որ գլխավոր մեղադրյալներից մեկը «Սև Հովազ» Ռազմահայրենասիրական կազմակերպության ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանն է։
Մեզ հաջողվեց պարզել, որ Դոնի Ռոստովում վարժանքների գործով կալանավորված են նաև արցախցի ազատամարտիկներ Արմեն Մնացականյանը և նրա եղբայրը՝ Արթուր Մնացականյանը, Չախմոր մականունով։ Արթուր Մնացականյանի որդին՝ զոհվել է սեպտեմբերյան ագրեսիայի օրերին, սեպտեմբերի 19–ին։ Այդ օրը նրա հարազատները նշում էին տղայի մահվան մեկ տարին։ Տղայի հորը որդու մահվան տարեդարձի կապակցությամբ մեկ օրով ազատ են արձակել, որպեսզի նա հնարավորություն ունենա մասնակցելու սգո արարողությանը, ապա կրկին մեկուսացրել են։
Արցախցիները, ովքեր ճանաչում էին տղաներին, զարմացած են։ Նրանք չեն հավատում, որ իրենց ընկերները ընդունակ են նման արարքի։ Մեր տեղեկություններով, որոնք ստացել ենք իրավապահ շրջանակներից, խուզարկությունների ժամանակ նաև զենք են գտել, որն առգրավվել է, թեեւ նշում են, որ օրինական է եղել։ Տղաներին «հավաքել» են «ներսից մարդու» հաղորդման հիման վրա։
Փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաեւը և Էրիկ Ալեքսանյանը պաշտպանելու են Սերոբ Գասպարյանի շահերը։ Մեր հարցին, թե ինչպես է գնահատում մեղադրանքը, Կոչուբաևն ասում է․ «Այս պահին ոչնչին ծանոթ չլինելով, չեմ կարող գնահատել։ Ընդամենը կհիշեցնեմ, որ Հրաչյա Ղեւոնդյանին էլ էին մեղադրում իշխանությունը յուրացնելու համար, բայց վճռաբեկ դատարանը երկու օր առաջ հաստատեց, որ նրա գործողություններում բացակայում է հիմնավոր կասկածը և գործը ենթակա է կարճման։ Այսպիսի «իշխանություն յուրացնողներ» Հայաստանում լինելու են անընդհատ։ Ես դեռ չեմ կարող ասել, թե որ կենտրոնից է քամին փչում, բայց որ սա քամի է, ես վստահ եմ։ Զինվորական հեղաշրջումը բնույթով շատ խոր գործընթաց է, ահռելի մարդկային, ֆիզիկական, ռազմական ներուժ է պահանջում, և խոսել, որ այդտեղ փաստարկված դեպք է եղել, կարծում եմ` անտրամաբանական է», – ասում է փաստաբանը։
Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն ձերբակալել էին իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով, նա ներկայացվում էր որպես Լևոն Քոչարյանի մերձավոր, նույնիսկ ձայնագրություն էր հրապարակվել, որտեղ խոսվում է կառավարական շենքեր գրավելու մասին, որն իբրև թե պետք է տեղի ունենար 2024 թվականի մայիսի 26-ին նախատեսվող հանրահավաքի ժամանակ։ Դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք ներկայացրեց, որը ևս մերժվեց, ինչից հետո դատախազությունը ստիպված էր դադարեցնել Ղևոնդյանի քրեական հետապնդումը։
Հիշեցնենք ևս մեկ անպտուղ գործ. Մեկ տարի առաջ, սեպտեմբերի 24-ին ԱԱԾ-ն հայտնեց իշխանությունը յուրացնելու դեպք բացահայտելու ու կանխելու մասին։ Այս անգամ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամներն էին ԱԱԾ թիրախում, կալանավորեցին ՀԿ նախագահ Սարգիս Պողոսյանին, նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին, որն, իբր՝ մահափորձ էր նախապատրաստում Փաշինյանի դեմ։ Ըստ ԱԱԾ-ի, Պողոսյանը «եւ այլ անձինք», կրելով հակաիշխանական հայացքներ, կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենքով բռնություն գործադրել, սպառնալիքով զավթել իշխանությունը, ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր և այլն։ Ինչպես սովորաբար արվում է, նրանց տներն ու օֆիսները խուզարկեցին, զենք հայտնաբերեցին, 8 հոգու ձերբակալեցին, մեղադրանքներ ներկայացրեցին։ Եւ ի՞նչ։ Մեր տեղեկություններով, այս պահին գործով կալանավորված անձ չկա, վերջինը Բազեյանն էր, ում ազատ են արձակել, սակայն գործն ուղարկվել է դատարան, նիստերը դեռ նշանակված չեն։
«Պետք է կարճվեր, բայց ուղարկեցին դատարան», – ասում է Բազեյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Ինչո՞ւ պետք է կարճվեր, ապացույցներ չկա՞ն ձեր կարծիքով։
«Ոչ թե իմ կարծիքով չկան, այլ իրավաբանությունից չհասկացող անձի համոզմունքով էլ չի լինի։ 100 տոկոսով մատից ծծած մեղադրանքներ էին», – ասում է Մելիքյանը։
Բաց մի թողեք
«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. Լուսանկարներ
ՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադներ են ստեղծել
Ով է կտրել 45 բարդին․ Լուսանկար