15/10/2024

Մանկապարտեզներում արգելվե՞լ է նշել Անկախության տոնը

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը: 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանն անկախացավ և այդ օրից ի վեր հայ ժողովուրդն ամեն տարի այս օրը տոնում է, ուրախանում: Առաջ համերգներ, հանդիսավոր միջոցառումներ էին լինում, զինվորական շքերթներ էին կազմակերպում, սակայն վերջին տարիներին սեպտեմբերի 21-ն աննկատ է անցնում, չնայած ամբողջ օրը ինքնիշխանությունից են խոսում եւ պետությունից: 

Հրապարակ թերթը գրել է․ ՔՊ-ական իշխանությունները, փաստորեն, ոչ հիշատակի ու սգո օրերն են հիշում, ոչ էլ տոներն ու նորանկախ պատմության առանցքային օրերն են նշում: Ամեն ինչ անում են ազգայինը, հայկականը մոռացնելու համար` շաբաթներ առաջ Կառավարությունը հանդես է եկել առաջարկությամբ, որ մշակութային հաստատությունների անվանումներում «ազգային» բառը փոխարինեն «պետական» բառով: Արդեն իսկ «Հայոց պատմություն»-ը դարձել է «Հայաստանի պատմություն», իսկ Նիկոլ Փաշինյանը ողջ օրը խոսում է «իրական Հայաստանի» մասին, այն հակադրելով «Պատմական Հայաստանին»: Պնդում է, որ մեր մեջ արմատացած հայրենասիրությունը զուտ «կայսերական հայրենասիրություն» է, որը պետք է օտարենք մեզանից:

Երեկ մեզ հետ կապված երեւանցի տիկինն ասաց, որ մանկապարտեզներին հրահանգել են, որ հայրենասիրական թեմաներով միջոցառումներ, հանդեսներ չկազմակերպեն: Մեզ ահազանգող քաղաքացին ասում էր, որ Երևանի քաղաքապետարանն է դա հրահանգել: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է այս առումով մարզերում, մեզ ասացին, որ նման կոնկրետ հրահանգ չեն ստացել, բայց իրենց ակնարկել են, որ «ժամանակները փոխվել են և այդ միջոցառումներն արդեն հնացած են` դրանցից Սովետի հոտ է գալիս»:

Մենք փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք` հասկանալու համար Երևանում սեպտեմբերի 21-ի` Անկախության օրվա հետ կապված մեր մանկապարտեզներում ինչ որ հանդեսներ, միջոցառումներ նախատեսվա՞ծ են, թե՞ ոչ: Նշենք, որ առաջ նման պրակտիկա եղել է: Երևանի թիվ 60 մանկապարտեզի փոխտնօրենը մեզ հետ զրույցում փաստեց, որ նախորդ տարի միջոցառում են արել` Անկախության տոնին նվիրված, իսկ այս տարի` միջոցառման փոխարեն «բացատրական աշխատանքներ» են տարվել երեխաների համար. «Այս տարի Անկախությանը նվիրված միջոցառում չունենք, բայց նախորդ տարիներին եղել է: Ամեն տարի եղել է, բայց այս տարի լուսանկարներով պարապմունքներ են եղել, ամեն խմբի խմբասենյակում դաստիարակը տեղեկացրել է տոնի մասին, դրոշ են ներկել», – ասաց նա:

Երևանի թիվ 7 մանկապարտեզի տնօրեն Արմինե Աղաջանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ, որպես այդպիսին, միջոցառումներ նախատեսված չեն: Տնօրենը պատճառաբանեց, որ երեխաները փոքր են և միջոցառման փոխարեն որոշվել է «բաց դաս» անել. «Մի փոքր երեխաներին` Անկախության տոնի հետ կապված երկուշաբթի օրը բացատրելու ենք` ինչ է տոնը, ավելի գունեղ ձևով և այլն: Հիմա, որպես այդպիսին, միջոցառում ասվածը չկա: Մենք ենք այդպես մտածել, որ երեխաների համար և հաճելի լինի, և նրանց գիտելիք տանք, ավելի շատ` բաց դաս է, տեղեկություններ են տրվում երեխաներին: Երեխաները փոքր են նման միջոցառումների համար: Գործ ունենք նախակրթարանի հետ», – նշեց տնօրենը:

Երևանի թիվ 51 մանկապարտեզի տնօրեն Հրանուշ Խաչատրյանն էլ լսելով մեր հարցը խառնվեց իրար և նշեց. «Պարապմունքներ ենք անում` օրինակելի պարապմունքներ, մենք միջոցառում չենք իրականացրել, միայն` օրինակելի պարապմունքներ»: Հարցին` վերջին անգամ ե՞րբ է որպես այդպիսին միջոցառում եղել և ի՞նչ ասել է օրինակելի պարապմունք, տնօրենն ասաց. «Կներեք, ես հիմա ժողովի եմ, մենք միայն օրինակելի պարապմունք ենք արել: Հիմա դաստիարակներիս հետ ժողով եմ անում, ավել բան չեմ կարող ասել»: